Էդ սևի ու սպիտակի բաժանումը ես չեմ ընդունում, ավելին՝ ատում եմ

Էդ սևի ու սպիտակի բաժանումը ես չեմ ընդունում, ավելին՝ ատում եմ

Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ


- Պարոն Մովսեսյան, հայտարարվեց, որ «Ա1+»-ն իրավական գործընթաց է սկսել, որպեսզի հեռուստաընկերության համար վերականգնվի մինչեթերազրկումը եղած վիճակը։ Բայց Քաղաքացիական օրենսգիրքն ունի «բաց թողնված ժամկետ» հասկացությունը, որը, կարծեմ՝ 3 տարի է․․․

- Չէ, այստեղ ժամկետը չի աշխատում այն պատճառով, որ եղել է Եվրոպական դատարանի որոշում, որը մինչեւ այսօր չի կատարվել, եւ այն նորից ռեանիմացիա անելու խնդիրն է բացվել։ Հիշեցնեմ, որ Եվրադատարանի որոշումը 2010 թվականին էր, եւ ժամկետ չի աշխատում, որովհետեւ մրցույթ է եղել, եւ այս մրցույթի հետեւանքով շարունակական մենք մնացել ենք խաղից դուրս։

- Այնուամենայնիվ, անցել է մոտ 20 տարի, եւ այս ընթացքում ձեր նախկին կապուղին վերավաճառվել է․․․

- Մի քանի անգամ։

- Փաստորեն, գնորդը, որը վերավաճառքի հետեւանքով ձեռք է բերել կապուղին, համարվում է բարեխիղճ գնորդ։ Հիմա այդ ամենը «քենսըլ» անելը․․․

- Ես իրենց հետ որեւէ խնդիր չունեմ, իրենք իմ կոլեգաներն են, հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը։ Այստեղ խնդիրը լրիվ ուրիշ ուղղությամբ է՝ վերականգնել մեր, այսպես ասած, համբավը, ոտնահարված իրավունքները, եւ վերջում, իհարկե, գալու ենք նրան, որ հատուցվեն այս տարիների ընթացքում մեր կրած բոլոր վնասները։

- Այդ հաշվարկը կա՞։

- Դա ես չպետք է հաշվեմ, աուդիտ կհրավիրվի, իրենք գինը կհաշվարկեն, կասեն։

- Իսկ ասելով՝ «իրենց դեմ ոչինչ չունեմ», նկատի ունեք Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությո՞ւնը։

- Գագիկ Ծառուկյանը որեւէ կապ չունի նրա հետ, որ այն ինձնից խլել է «Շարմը», հետո այն վերավաճառել է ուրիշին, իսկ էն ուրիշն էլ՝ Գագիկ Ծառուկյանին։ Ես կառավարությանն եմ դատի տալիս, որեւէ անձի չեմ տալիս։ Ռոբերտ Քոչարյանին պետք է դատի տայի, ինքն արդեն դատի տակ է։

- Իսկ չունե՞ք մտավախություն, որ գուցե իշխանությունն ունի Ծառուկյանին նեղելու հեռահար պլաններ, եւ Դուք, նախաձեռնելով այդ գործընթացը, կամա թե ակամա, նպաստում եք իրենց ծրագրին։

- Սկսենք նրանից, որ ես էս գործընթացը սկսել եմ որեւէ քաղաքականության հետ կապ չունեցող պայմաններում։ Եվ որեւէ մտավախություն չունեմ, քանի որ իշխանության հետ կապ չունեմ, իշխանությունն էլ իմ հետ կապ չունի, մինչեւ այսօր չի ունեցել, եւ ինձ թվում է՝ սենց էլ կշարունակվի։ Ես իմ պահանջները ներկայացնում եմ իշխանությանը, որոշում կայացնողն իշխանությունն է, ոնց ուզում է, թող կայացնի, իր խնդիրն է։

- Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, որ դիմեիք 2021-ի մրցույթին, երբ բոլոր կապուղիների լիցենզիաների ժամկետները կավարտվեն, նոր մրցույթներ կսահմանվեն։

- Այդ մրցույթին հարկավոր է պատրաստվել, 17 տարվա ընթացքում «Ա1+»-ը հալումաշ եղավ եւ արդեն հավասար պայմաններով չի կարող մասնակցել մրցույթին։ Հավասար պայմաններ ստեղծելու համար հարկավոր է վերականգնել համբավը, կորուստները, որպեսզի կարողանամ մասնակցել մրցույթի։ Հավասար պայմանները պետք է հենց հիմա ստեղծվեն, որ պատրաստ լինեմ մրցույթին։

- 1,5 տարի է՝ նոր իշխանություն է։ Ինչո՞ւ ավելի վաղ չէիք քայլեր ձեռնարկում, նոր կառավարությունն էլ, փաստորեն, կարող էր ընդառաջել։

- Որեւէ քայլ չեմ ձեռնարկել, որովհետեւ դատաիրավական համակարգը, որն ինձ համար պարզ էր, թե վերջին 20 տարվա ընթացքում ինչ վիճակի էր, եւ ես որոշեցի, որ իմաստ չունի նորից մտնել դատարան, նորից՝ Եվրոպա, եթե սենց շարունակվելու է, ավելի լավ է սենց էլ մնա։ Առանց դատավարության ծախսերի։ Դրա համար էլ, վերջին մի քանի տարին ընդհանրապես ձայն չէի հանել, իսկ հիմա, քանի որ պերսպեկտիվում մրցույթ է, ու ես պետք է գնամ ու մասնակցեմ, եւ դրա համար հարկավոր են պայմաններ, ես դիմում եմ, որ վերականգնեն իմ իրավունքներն ու կրած վնասները։

- Դուք գնում եք դատական ճանապարհով, բայց հայտնի է, որ  դատական գործընթացը շատ երկար կարող է տեւել, եւ մինչեւ մրցույթը, հավասար պայմաններ չկարողանաք ստեղծել։

- Հնարավոր է, որ այդպես էլ լինի, բայց քանի որ մերը քիչ արտառոց դեպք է, ինձ թվում է՝ վերաբերմունքը մի քիչ այլ կլինի, քանի որ դա կապված է մրցույթի ժամկետի ու իմ իրավունքների վերականգնման հետ։ Ասեմ, որ հայցն ընդունել են, բայց օր դեռ նշանակված չէ։

- «Ա1+»-ի եթերի վերականգնումը շատ տրամաբանական  ու խորհրդանշական կլիներ թավշյա հեղափոխության կամ իշխանափոխության արդյունքում, նման սպասումներ, համենայնդեպս, կային։ Դուք, ի դեպ, դիմել էիք ՀՌԸ խորհրդի նախագահի մրցույթին, սակայն ընտրվեց Արա Շիրինյանը։ Այսինքն՝ այդ տրամաբանությունը չաշխատեց։ Հիմա ի՞նչ սպասումներ ունեք։

- Դե․․․ երեւի ավելի արժանին ընտրվեց, տենց ասենք։ Երեւի՝ չգիտեմ։

- Չակերտների մե՞ջ եք ասում՝ արժանին, ժպտալով, հեգնելով։

- Ինձ համար մի քիչ անհասկանալի է, բայց ես ընդունում եմ։ Ինչ որոշել է հանձնաժողովը, խնդրեմ, ես ենթարկվում եմ։

- Այս ընթացքում, ենթադրում եմ, նայել եք Հանրային հեռուստատեսություն։ Ի՞նչ է փոխվել Քոչարյանի եւ Սարգսյանի հանրայինների համեմատ։

- Անկեղծ ասեմ, որ ո՛չ նայել եմ, ո՛չ էլ նայում եմ ու այդպես էլ շարունակելու եմ։ Չգիտեմ ինչ է փոխվել։ Բայց կողքից որ լսում եմ, ոչ մի բան էլ չի փոխվել։ Եվ սա ինձ համար մի քիչ ցավալի է։

- Շատ է քննարկվում եւ քննադատվում Հանրայինի առեւտրային գովազդի իրավունքի վերականգնումը։ Մասնավոր հեռուստաընկերությունները համոզված են, որ անհավասար դաշտ է ստեղծվելու։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Ես լավ չեմ հասկանում, թե ինչի համար են ուզում էդ ամեն ինչը վերականգնել, եւ պատճառն ինչ է։ Գուցե այն է, որ միջոցները չե՞ն բավականացնում։ Բայց գուցեեւ ստրատեգիա՞ն է երկրի փոխվել։ Լավ չեմ հասկանում։ Կողմնակից եմ, որ Հանրայինը գովազդ չունենա եւ, սնվելով բյուջեից, կարողանա իր գլուխը պահել, ոչ թե գովազդը փախցնել այն դաշտից, որտեղ ընդհանրապես եղած գովազդը չի հերիքում։

- Ներկա իշխանությունները շատ են սիրում ասել, որ ողջ մեդիառեսուրսները գտնվում են նախկինների ձեռքում, որ իրենք չունեն մեդիաներ։ Բացի այն, որ մի շարք առաջատար լրատվամիջոցներ փաստացի տանում են իշխանությունների գիծը, օրական Յութուբ է նետվում կասկածելի, ես կասեի՝ գարաժներում պատրաստված վիդեոկոնտենտ, եւ այդ տեսանյութերն օրական մի քանի հարյուր-հազար դիտում են ունենում, Ձեր կարծիքով՝ այդ դաշտը պե՞տք է կարգավորվի։

- Ես կարծում եմ, որ 2000-ից սկսած, երբ ինտերնետը սկսեց զարգանալ Հայաստանում, այդ խնդիրը եղել ու մինչեւ այսօր էլ շարունակվում է։ Հիմա, եթե տեղերով փոխվել են, Ձեր ասած՝ գարաժային եւ ոչ գարաժային մամուլի տեսակները, շատ ցավալի է, որ մենք այսօր նստած զրուցում ենք ու մամուլը բաժանում ենք 2 մասի՝ սեւի ու սպիտակի։ Էդ սեւի ու սպիտակի բաժանումը, որը մեր երկրում դարձել է ինչ-որ մի նոր բան, ես չեմ ընդունում։ Ավելին՝ ատում եմ։ Կա կլոր սեղան, որի շուրջ կարելի է նստել՝ լինելով կա՛մ սեւ, կա՛մ սպիտակ, բայց հարգելով սեւին ու սպիտակին՝ զրուցել եւ վերջացնել այս պատմությունը։ Կա մի երկիր, կա մի ժողովուրդ, երկու մասի էս ամենը բաժանելը չեմ ընդունում։ Եվ այդ սեւ ու սպիտակ մտցնողը գիտենք ով է։ Մի մասն ասում է՝ Փաշինյանը, մյուս մասը՝ Քոչարյանը։ Հիմա դա երկուսի էլ պրոբլեմն է, թող գնան իրար հետ պարզեն։ Ժողովուրդն իրար հետ պարզելու բան չունի․ սեւը սեւ է, սպիտակը՝ սպիտակ, եւ սեւն իր տեղն ունի, սպիտակը՝ իր։ Առանց այդ գույների կյանքը չի ձեւավորվում։