Հայաստանի Հանրապետության թշնամիները պետք է ծնկի գան. հայտարարում էր Փաշինյանը 2016-ին
2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ` 2016 թվականին հունիսին Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ելույթներ է ունեցել, տարբեր հարցեր բարձրացրել, ուղղակի ամբիոնից «սատկացրել գործող իշխանություններին: Թեմաները տարբեր են եղել` Հայաստանի տնտեսական աճից, Արցախի խնդրից, մինչեւ զենքի ձեռքբերում, ծնելիության, կոռուպցիայի եւ արտագաղթի թեմաներ:
Նա, օրինակ, մեծ ցավ է ապրել, որ 2015թվականին՝ 2014թվականի համեմատ, «1200-ով պակաս ծնունդ է արձանագրվել Հայաստանում»։ Եւ անգամ հեգնել է. «ակնկալիքները, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում «բեյբի բում» կարձանագրվի, չարդարացավ, ու դեռ մի բան էլ նոր թափով շարունակվում է արտագաղթը»։ Եւ տեղի ունեցող արտագաղթը պայմանավորել է 2016 թվականի քառօրյա պատերազմով եւ նրանով, որ ծնողներն իրենց զավակներին հանում են Հայաստանից:
Նա ասում է. «Ընդհանրապես չորսօրյա պատերազմից հետո արտագաղթի նկատմամբ մեր վերաբերմունքն ու գնահատականը պետք է մի քիչ փոխել։ Պարզ է, որ Հայաստանում կա կոռումպացված, արտագաղթը խթանող իշխանություն, եւ դեռեւս վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունն արտագաղթող պոտենցիալ հեղափոխականների մասին այսօր էլ արձագանքվում է։ Պարզ է, որ ունենք այսպիսի իշխանություն, բայց, այնուամենայնիվ, ժողովուրդը, հասարակությունը ինքն իրեն պետք է հարց տա՝ այդ քառօրյա պատերազմի ընթացքում այդ 18 տարեկան տղաները զոհվեցին, որ Հայաստանը շարունակվի դատարկվե՞լ։ Պարզ է, որ գնացողները մտածում են հետեւյալ կերպ՝ որ այստեղ այլեւս հնարավոր չէ, այստեղ չափազանց դժվար է, այստեղ չկա ապագա: Բայց արդյո՞ք Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը մարտի ժամանակ մտածել են, թե շատ դժվար է եւ այստեղ այլեւս հնարավոր չէ: Արդյո՞ք նրանք իրենց ծնողներին մեղադրել են, որ 10 տարի առաջ չեն արտագաղթել Եվրոպա, որպեսզի նրանք հիմա ոչ թե խրամատներում լինեին, այլ Շանզ Էլիզեի կաֆեներում՝ սուրճ ըմբոշխնելիս»։
Կարո՞ղ ենք մենք այս նույն հանգով հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին. Արդյո՞ք 2020-ին եւ դրանի հետո զոհված 5 հազար երիտասարդները կարող են հարց ուղղել իրենց ծնողներին` ինչու չլքեցիք Հայաստանը, ինչու լսեցիք այս ազգակործան վարչապետի հորդորին եւ թույլ տվեցիք, որ մեզ տանեն պատերազմ: Եթե չլսեիք` մենք այսօր ոչ թե Եռաբլուրում կլինեինք, եթե անգամ Շանզ Էլիզեի կաֆեներում չլինեին, գոնե Կասկադի սրճարաններում նստած կլինեին, կամուսնանային, երեխա կունենային, հաջողությունների կհասնեին։
2016-ին նա ասում էր. «Մենք բոլորս, արտագաղթածները պետք է մտածեն, որ այս տղերքի առաջ պարտք ունենք, նրանց զոհվելը չի կարող իզուր անցնել»։
Եւ ասում էր, որ հայ ժողովուրդը պետք է իր պարտքը տա քառօրյա պատերազմի հերոսներին, ովքեր, «մեզանից յուրաքանչյուրի առաջ դրել են հատուկ պատասխանատվություն` մենք պետք է շենացնենք Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է ուժեղացնենք Հայաստանի Հանրապետությունը, եւ Հայաստանի Հանրապետության թշնամիները պետք է ծնկի գան»։
Ով կսպասեր, որ այս խոսքերի հեղինակը հետո ինքն է Հայաստանի ծնկի իջեցնելու ՀՀ թշնամիների առաջ:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ