Փարաջանովի թանգարանի տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Անահիտ Միքայելյանը

Փարաջանովի թանգարանի տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Անահիտ Միքայելյանը

Նախօրեին ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Ս. Փարաջանովի թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Թեպետ ԿԳՄՍՆ-ից մեզ ասել էին, որ 4 հայտ է ներկայացվել, բայց, ինչպես տեղեկացանք, մրցույթին մասնակցել է 2 հոգի՝ թանգարանի նախկին աշխատակից Խաչատուր Կոբելյանը, թանգարանի աշխատակից, գլխավոր ֆոնդապահ Անահիտ Միքայելյանը։ Հաղթող է ճանաչվել Անահիտ Միքայելյանը։ ԿԳՄՍ նախարարությունից մեզ փոխանցեցին, որ, համաձայն կարգի, եռօրյա ժամկետում նշանակումը կլինի։   

Անահիտ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն 10 տարի աշխատում է Ս. Փարաջանովի թանգարանում, սկսել է որպես գիտաշխատող, ապա համակարգել է մի շարք բաժինների աշխատանքը։ Առաջիկա 5 տարում նորանշանակ տնօրենի գործունեությունը միտված է լինելու մի քանի ուղղությունների․ 

«Ֆոնդային բաժնի աշխատանքներ, նպատակ եւ երազանք է՝ թանգարանային ֆոնդը վերակառուցել ժամանակակից չափանիշներին համապատասխան, ճիշտ է՝ մենք վատ վիճակի մեջ գտնվող ֆոնդ չունենք, բայց, ամեն դեպքում, ներկայիս չափանիշներն ուրիշ են, բացի այդ՝ ֆոնդային աշխատակիցների վերապատրաստում։ Ունենք աշխատանքներ, որոնք գտնվում են մասնավոր հավաքածուներում, դրանց մասին տեղեկությունը պետք է հավաքագրենք։ Այցելուների հետ կապված բազմատեսակ ծրագրեր կան, որ առաջիկա 5 տարիներին պետք է իրականացվեն։ Նաեւ՝ կրթական, ժամանցային ծրագրեր։ Այցելուների համար թանգարանային ցուցադրությունը ժամանակակից մոտեցումներով պետք է ներկայացնենք, ոչ թե ցուցադրությունն ամբողջությամբ փոփոխենք, այլ եղած ցուցադրությանն ավելացնենք նաեւ տեխնիկական հնարավորությունները՝ թանգարանն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու այն դեռահասներին ու երեխաներին, որոնք սովոր են «թաչ սքրին» հասկացությանը»։

Նորանշանակ տնօրենն ասում է, որ թանգարանի նվիրյալ, երկարամյա տնօրեն Զավեն Սարգսյանի մահից հետո ամենաառաջին գործը, որ պետք է ավարտին հասցնեն, «Նռան գույնը» ֆիլմի հետ կապված պատկերագիրք ստեղծելն է։ «Էլի կիսատ թողնված ծրագրեր կան, որոնք կյանքի կկոչենք»,- ամփոփեց Ա․ Միքայելյանը։