Արդյոք կկայանա՞ օլիմպիադան

Արդյոք կկայանա՞ օլիմպիադան

Աշխարհով մեկ տարածված դաժան ու տեւական կորոնավիրուսի ահավոր հետեւանքները զգացնել են տալիս ամենուր, ամենասարսափելին այն է, որ միլիոնավոր մարդիկ են զրկվել կյանքից, շատ-շատերի ծրագրերն ու երազանքներն են դարձել անիրագործելի։ Համաճարակն իր տխուր հետքն է թողել նաեւ մարզական ասպարեզում. Տոկիոյում նշանակված հերթական` 32-րդ օլիմպիական խաղերն անկարելի եղավ անցկացնել նախատեսված` 2020 թվականին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հարկադրված եղավ մարզական այդ խոշորագույն ստուգատեսը հետաձգել մեկ տարով եւ, չնայած բոլոր դժվարություններին, անկախ հենց ճապոնացիների կողմից շարունակ արտահայտվող դժգոհություններին, մտադիր է անցկացնել որոշված ժամկետին։ 

Իսկ դրան չհամաձայնողների ընդվզումները չեն հանդարտվում։ Հենց օրերս Տոկիոյի վեց հազար բժիշկներ իրենց բողոք-դիմումն են հասցեագրել ե՛ւ ՄՕԿ-ին, ե՛ւ իրենց երկրի նախագահին։ Նրանք իրենց վրդովմունքը եւ անհանգստությունն են արտահայտել՝ պատճառ բերելով այն, որ Տոկիոյի հիվանդանոցները լեցուն են Covid-19-ով վարակված պացիենտներով, իսկ վակցինացիայի արդյունավետության ցածր աստիճանը տագնապալի իրավիճակը փոխելու հույսեր չի ներշնչում, եւ բնավ դժվար չէ պատկերացնել, թե ինչ սոսկալի օրեր կսկսվեն, երբ աշխարհի գրեթե 200 երկրից Ճապոնիայի մայրաքաղաք ժամանեն ավելի քան 10 հազար մարզիկ, նրանց ուղեկցող եւս մի քանի հազար մասնագետ։ 

Իր հերթին, անհանգստության ալիք է բարձրացել նաեւ Ռուսաստանում։ Տարբեր հաղորդումներից իմանում ենք, որ առավել հուսահատները հարկադրված են վերադարձնել Տոկիո ուղեւորվելու համար նախօրոք գնված տոմսերը։ Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի` Ճապոնիա չմեկնելու հորդորին, երկրի հավաքականը, այդուհանդերձ, մտադիր է մասնակցել օլիմպիադային։ Օրեր առաջ էլ մրցումների կազմակերպիչները նպատակահարմար են գտել օլիմպիադան անցկացնել առանց օտարազգի հանդիսականների, իսկ տեղացի հանդիսատեսի ներկայությունը կախված է լինելու համավարակի տարածման իրավիճակից։ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն էլ հայտարարել է, որ խաղերի մասնակիցների ավելի քան 80 տոկոսը նախազգուշական պատվաստումներ կստանա, եւ որ այդ նպատակով Տոկիո կգործուղվի փորձառու բժիշկների մեծ խումբ։ Թե ինչ ավարտ կունենան օլիմպիադայի շուրջ ծավալվող իրադարձությունները, կպարզվի մոտ ապագայում։ Հիշեցնենք միայն, որ օլիմպիական խաղերի հանդիսավոր մեկնարկը պետք է տրվի հուլիսի 23-ին, իսկ փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 8-ին։

Իսկ այժմ՝ մի բոլորովին այլ կարգի օլիմպիական նախաձեռնության մասին, ինչը, կասկածից վեր է, կհետաքրքրի շատերին։ Պարզվում է, որ ՄՕԿ-ը մտադրվել է լուծում տալ, այսպես ասած, գենդերային հարցին, իսկ ավելի կոնկրետ` թույլատրել, որ որոշ մարզաձեւերում մրցումներին մասնակցեն նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ինչպես հավասարը հավասարի հետ՝ մրցելով տղամարդկանց հետ։ Առաջին փորձերը կատարվել են թենիսիստների մասնակցությամբ, իսկ առաջիկայում իրենց «նորամուտը» երեւի նշեն լողորդները, թեթեւ ատլետները եւ տրիատլոնիստները` եռամարտիկները (լող, հեծանվավազք եւ կրոս. անհարթ ու շեղուղիներով վազք)։

Ժամանակը ցույց կտա` սա մոդայի՞կ դրսեւորում է, թե՞ սպորտի ապագայի նոր ձեւավորում։

 

Միսակ Նազարյան