Դուխով փրկիչը՝ խեղճ հարիֆ

Դուխով փրկիչը՝ խեղճ հարիֆ

ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլի իբրեւ թե հարցաքննությունը «Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» հերթական շոուի ցուցադրությունն էր: Երբեմնի «դուխով փրկիչը» հայաստանցիների առաջ ներկայացավ որպես «քցված» եւ տուժող՝ հատկապես Շուշիի հարցում: Իհարկե, խոսքում բազում անհամապատասխանություններ կային՝ առանց դրա հնարավոր չէ: Որովհետեւ, որքան էլ ինքն իրեն «շուստրի» համարի, դժվար է հիշել նախկինում ասված բոլոր ստերը, որպեսզի նորերը չհակասեն հներին: Ինչեւէ, եթե մի քիչ էլ մնար՝ կընդուներ զոհի կերպարանք: Մինչեւ վերջերս իր ելույթներում զոհի կերպարանք էր ստանում ոչ թե ինքը, այլ հայաստանյան «ժողովրդավարությունը»: Ճիշտ է, դրա հիմնադիրն ինքն է, բայց, այնուամենայնիվ, արտաքին վտանգներին դիմագրավողն ինքը չէր, այլ հայաստանյան «ժողովրդավարությունը»: Հատկապես որ այն ինքը փորձում էր վաճառել հավաքական Արեւմուտքին: Որպես հակադրություն բռնատիրական եւ խանական Ադրբեջանի: 

Որպես ինքնախոստովանություն ասեմ, որ նախկինում հայ-ադրբեջանական հակամարտության առումով այդ կեղծ փաստարկմանը դիմում էինք շատերս: Թե՛ Հայաստանի եւ թե՛ հատկապես Արցախի կապակցությամբ: Սակայն 44-օրյա պատերազմը բացեց մեր աչքերը նաեւ այդ առումով. նավթի ու գազի (գործոն 1), հակառուսականության (գործոն 2) եւ տարածքային անփոփոխության (գործոն 3) հետ համեմատած ժողովրդավարական լինելը կամ ինչ-որ իրավունքներ պահանջելը քոռ կոպեկի արժեք չուներ: Բայց «մեր» ասելով նկատի չունեմ ողջ հասարակությանը կամ գոնե ՀՀ իշխանությանը: Քանի որ աշխարհաքաղաքական շահերի տեսակետից որեւէ արժեք չունեցող հասկացությունները շարունակվեցին անիմաստ օգտագործվել Նիկոլի կողմից: Իսկ «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանին» դեռեւս հավատացող բազմության համար դրանք ընդամենը օդի տատանում են:  

Ինչեւէ, այն, որ ԱԺ քննիչ հանձնաժողովում Փաշինյան Նիկոլի հարցաքննությունը հենց այդպիսի ընթացք եւ տեսք պետք է ստանար, չէր կասկածում ադեկվատ որեւէ անձ: Սակայն մեր իրականության ողջ տրագիկոմիզմը դրսեւորվում է նրանում, որ, ինչպես ասվեց, մտածելու ունակ անձինք փոքրամասնություն են մեր հասարակությունում: Եթե այդպես չլիներ, ապա խայտառակ պարտության պատասխանատուն 2021 թվականի հունիսին չէր հավաքի ոչ թե 50, այլ 5 տոկոսը գերազանցող ձայներ: Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ, ըստ մեր ունեցածի, «խեղճ հարիֆը» ոչինչ անել չէր կարող:   

Ասվածի համատեքստում ինձ հետաքրքրում է խորհրդարանական ընդդիմության վարքագիծը: Եթե դրա ներկայացուցիչները պետք է հանձնաժողովի նիստից հետո արձագանքեին Նիկոլի ասածներին՝ ինչո՞ւ չմասնակցեցին հարցաքննությանը: Քանի որ այն հրապարակային էր, ապա ամեն մի առանձին հարցուպատասխանը կարող էր ներկայացվել ֆեյսբուքյան «մեմ»-ի տեսքով։ Ինչը շատ ավելի դիտում կապահովեր եւ ավելի ընկալելի կլիներ, քան հանձնաժողովի հարցաքննությանը հաջորդ օրը հետեւած մամուլի ասուլիսը: Ուրիշ հարց, որ ընդհանրապես անտեսեին այն, բայց դա անելը սխալ կլիներ, քանի որ Նիկոլի ստերին հավատացողներ կան: Ու դրանց քանակն ավելանում է հերթական կեղծիքի դոզան ընդունելու ընթացքում: Հետո, իհարկե, այն աստիճանաբար վերադառնում է ելման դիրքեր: Սակայն մնում է «մեր հարիֆի» նկատմամբ խղճահարության զգացողությունը: Ինչը հաստատ լավագույն հիմքը չէ հականիկոլական շարժում ծավալելու առումով: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հիմնադրած մահվան ճամբարներում, օրինակ՝ «Աուշվից»-ում (կամ «Օսվենցիմ») որպես վերակացուներ հավաքագրվում էին շրջակա տարածքների բնակիչները՝ լեհեր, ուկրաինացիներ եւ այլն: Ընդ որում, բանտարկյալները եւս նույն ազգությունների մարդիկ էին: Բացառություն էին կազմում հրեաները, որոնք որպես վերակացու չէին օգտագործվում: Այսօր մեր շուրջը տիրում է նույն մթնոլորտը: Գրագետ թե կիսագրագետ՝ կազմում են սեփական հայրենիքում բանտարկյալների բանակը: Կիսագրագետ մասն ուղղակի դա չի գիտակցում: Նույն այդ բանակի միջից առանձնացվել են ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, նիկոլական դատավորներ, որոնք պահպանում են Արցախը թշնամուն հանձնած հայաստանյան «ժողովրդավարության» հիմնադրին: Դրան գումարած՝ թշնամու կողմից Հայաստանի տարածքներ են անընդհատ զավթվում: Բայց քանի որ «խեղճ հարիֆը» ոչինչ անել չի կարող՝ երկիրը գլորվում է անդունդը: 

ՀԳ. Պարզվում է, որ սեփական ժողովրդից իրավապահներով պաշտպանված Փաշինյան Նիկոլը դեռեւս 2022 թ. հունվարի 24-ից ներառված է ուկրաինական «Խաղաղարար» կենտրոնի կայքում որպես Ուկրաինայի դեմ հումանիտար ագրեսիային մասնակցած եւ ռուսական ագրեսիան բացահայտ արդարացնող անձ: Ինչի առնչությամբ այդ «կենտրոնն իրավապահ մարմիններին խնդրում է տվյալ հրապարակումը դիտարկել որպես նշված քաղաքացու կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության եւ միջազգային իրավունքի եւ կարգի դեմ գիտակցված գործունեության, ինչպես նաեւ այլ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություն»: Ինչը նշանակում է, որ ինքն Ուկրաինա այցելելու դեպքում կարող է բերման ենթարկվել ուկրաինական ազգային անվտանգության մարմինների կողմից: Եվ ազատազրկման դատապարտվել ուկրաինական արդար եւ ազատ դատարանի կողմից: