Ի՞նչ կորուստներ է կրել ՌԴ-ն պատերազմում․ Պենտագոնի տվյալները

Ի՞նչ կորուստներ է կրել ՌԴ-ն պատերազմում․ Պենտագոնի տվյալները

Պենտագոնում կայացած ճեպազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին նոր տվյալներ է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կորուստների վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ամերիկայի Ձայն»-ը։ Ռուսական զոհերի թվերն արտացոլում են ԱՄՆ հետախուզության գաղտնազերծած գնահատականը, որն առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին՝ 2023 թվականի դեկտեմբերին։

Նշվում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր «առնվազն 315 հազար ռուս զինվորական սպանվել կամ վիրավորվել է»: Պենտագոնի տվյալներով՝ «ընդհանուր ֆինանսական ծախսերի առումով Ռուսաստանը, հավանաբար, ծախսել է մինչև 211 միլիարդ դոլար»։ Ռուսաստանը նաև կորցրել է մոտ 10 միլիարդ դոլար՝ հետաձգված կամ չեղարկված զենքի վաճառքից, ասել է ռազմական պաշտոնյան: Ճեպազրույցում հրապարակվել են նաև Սևծովյան նավատորմի կորուստների ամերիկյան գնահատականները։

Ըստ Պենտագոնի՝ «2022 թվականի փետրվարից ուկրաինական ուժերը Սև ծովում խորտակել, ոչնչացրել կամ վնասել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի առնվազն 20 միջին և խոշոր նավ և մեկ ռուսական դրոշով լցանավ»։