Հերթական իրական հերոսությունը

Հերթական իրական հերոսությունը

«Crocus City Hall» համերգային կենտրոնում կատարված այս դեպքը հերթական իրական հերոսությունն է: Իրական, քանի որ հերոսությունը ոչ թե Նիկոլի ասած հարկ վճարելն է՝ ինչն ընդամենը քաղաքացիական պարտականություն է, այլ բարդագույն իրավիճակներում կողմնորոշվելն ու խնդիրներ լուծելն է: Դրանով, ի դեպ, մարդկային կյանքեր փրկելով: Ներկայացվող պատմությունը պատճենված է Mash տելեգրամյան ալիքի նյութերից:

Շինարար ինժեները գրասենյակային աթոռների մետաղական ոտքերով ջարդել է պահեստանոցի աղյուսե պատը, համերգասրահից դուրս է բերել 15 հոգու, այնուհետև օգնել փրկարարներին այրվող համերգասրահից դուրս բերելու վիրավորներից մեկին։

Տղամարդու անուն-ազգանունն Օլեգ Ուկոլով է, նա 45 տարեկան է։ Մարտի 22-ին նա ընկերոջ հետ գնացել է «Պիկնիկ» խմբի համերգին և շուտով կրակոցների ձայներ է լսել։ Դրանից հետո մնացած հանդիսատեսների հետ վազել է վերև։ Ավելի ուշ հրդեհ է բռնկվել, և ամեն ինչ ծածկվել է ծխով։ Ինժեները ժամանակին կողմնորոշվել է և 12 հոգուց բաղկացած խմբին առաջնորդել է առաջին հարկ։ Այնտեղ նա թաքուն բոլորին հասցրել է բարիկադապատ պահեստանոց, որի ներսում թաքնված էին համերգասրահի ևս երեք այցելուներ։

Ներս մտնելով՝ նա գտել է հրշեջ հիդրանտը, միացրել է ջուրը և ջուր է լցրել բոլորի վրա, որպեսզի նրանք կարողանային թաց կտորի միջով շնչել ծխով լցված սենյակում: Հետո նա պրոֆեսիոնալ հնարամտություն է դրսևորել. սկսել է թակել պատերը, որպեսզի գտնի աղյուսի ամենաբարակ շերտը: Գտել է և պահեստանոցում պահվող գրասենյակային աթոռների մետաղական ոտքերով ջարդել է այն՝ անցք բացելով: Ձեռքը մեկնելով և համոզվելով, որ պատի մյուս կողմում հրդեհ չկա՝ բոլորին հերթով դուրս է հանել։ Որոշ ժամանակ անց մարդիկ հանդիպել են հրշեջներին։ Շտապօգնության մեքենաների ճանապարհին Օլեգը տեսել է վիրավորին, փրկարարի հետ բռնել նրա թևերից ու տուժածին հասցրել բժիշկների մոտ: