Փաշինյանը թիրախ է դարձնում ոստիկաններին

Փաշինյանը թիրախ է դարձնում ոստիկաններին

Վերջին օրերին, ինչպես ինքնաբուխ սկսված շարժման հարթակից, այնպես էլ նոր կազմավորվող Ազգային կոմիտեի անդամների շուրթերից անընդհատ հնչում են ոստիկանների հետ ընդհարումից խուսափելու կոչեր և հորդորներ: Եթե Փաշինյանին և նրա խունտային թվում է, թե դրանք հերթապահ խոսքեր են, ապա նրանք, ապահով բունկերներում նստած, չարաչար սխալվում են: Արդեն երեք օր Երևանում շարունակվող ծեծուջարդը դրա վկայությունն է:

Ոստիկաններին թիրախ մի դարձրեք, պարոնայք կառավարիչներ: Հիշեք ու ականջներիդ օղ արեք, որ նրանք այսօր փողոց են դուրս բերվել ձեր թույլ տված քաղաքական սխալների, ձեր գործոծ պետական դավաճանության ու անխոհեմ վարքագծի պատճառով: Բարի եղեք ձեր մեղքն ստանձնել և չպարտադրել ոստիկաններին՝ դիմել անօրինական գործողությունների: Ոստիկանները կարող են ժամանակավորապես ցրել բողոքի ցույցերը, խոշտանգել մարդկանց, կրակել ամբոխի վրա, բայց քավել ձեր մեղքը չեն կարող: Եթե չունեք սեփական մեղքերն ընդունելու կամք ու վճռականություն, ապա գոնե գլխիկոր հեռացեք: Ոստիկաններին գրգռելով հանրության դեմ՝ դուք ընդամենը ծանրացնում եք ձեր հանցագործությունները: Մի արեք:

Ես ամեն օր Հանրապետության հրապարակում եմ: Իմ գործի անունն այն է, որ «հիմա, հիմա» գոռացողներին հանգստացնեմ, խնդրեմ լսել հարթակից հնչող ելույթներն ու շարժվել այնպես, ինչպես կորոշի ողջ հրապարակը: Հաճախ վեճի մեջ եմ մտնում այդ մարդկանց հետ, ինձ քաշքշում են՝ ձենդ տաք տեղից է գալիս, դու քնելու տեղ ունես, իսկ մենք չունենք, ի՞նչ անենք, գնանք փողոց փակե՞նք, երթ անե՞նք, ինչ անելու ենք, հիմա պետք է անենք, հիմա, հիմա, հիմա… Իսկ այդ «հիման» տեղի է ունենում ամեն օր, հանրահավաքից հետո, հենց կառավարության տան դռների առաջ՝ ոստիկանների հետ ընդհարումներով: Ինձ թվում է՝ ես վատ չեմ անում գործս, բայց օր չկա, որ ոստիկանների հետ ընդհարումներ չլինեն: Ո՞րն է պատճառը:

Ո՞րն է պատճառը, որ ոստիկանների հետ ընդհարվում են նաև այն քաղաքացիները, որոնք չեն գոռում՝ «հիմա» և շարժման կազմակերպիչների գլխավորությամբ ցրվում են Երևանով մեկ՝ իրականացնելու երթերի, ակցիաների և անհնազանդության իրենց սահմանադրական իրավունքը: Ընդհարումների ծանրակշիռ մեծամասնության դեպքում ոստիկաններն են նախահարձակ լինում, հրմշտոց են առաջացնում, հետո սադրում ու քաշքշելով, խեղդելով, ծեծելով բերման ենթարկում ցուցարարներին: Նրանք հրաման են կատարում, այնպես չէ՞: Ո՞ւմ հրամանը: Ո՞ւմ հրամանով են նրանք թքում սահմանադրության վրա, Հայաստանի Հանրապետությանն ու նրա քաղաքացուն տված իրենց երդումի վրա: Ոչ, դա իրենց ճղճիմ աշխատավարձի ու տուն պահելու հնարավորության համար չեն անում: Նրանք դա անում են հրամանով: Իսկ նրանց հրամայված է չխնայել ոչ ոքի՝ ծեր, կին, երեխա…

Հաստատ այնպես չէ, որ մի ոստիկան գրպանից նռնակը հանեց ու գցեց խաղաղ ցույց անող ժողովրդի մեջ: Նրան հրամայեցին դա անել: Հատուկ հրամանով երեք նռնակ նետվեց այդ օրը: Փորձ արվեց այդկերպ «հանգստացնել» «հիմա» գոռացողներին, որոնք արդեն շշեր ու քարեր էին նետում կառավարության տան մուտքը պահող ոստիկանների վրա: Մարդիկ ընդամենը երեք քայլ հետ քաշվեցին, բայց դրանից իրավիճակը չփոխվեց: Քարերի ու շշերի տարափին ավելացան անեծքն ու հայհոյանքը: Այսպես ասեմ՝ ընդհանրացված անեծքն ու հայհոյանքը: Անխնա՝ վերից վար, Նիկոլից մինչև ոստիկանության սերժանտ Սուրո: Հասնո՞ւմ է: Հասնում է… Ուրեմն մի արեք: Ոստիկանությանն անօրեն գործողությունների դրդելով՝ մի փորձեք նրան կենդանի վահան դարձնել ձեր և ժողովրդի միջև:

Պարզապես հեռացեք, հե-ռա-ցեք, ս….. եղեք, սա արդեն քաղաքական պայքար չէ, սա ձեր պայքարը չէ, ձեր պայքարն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Այդ օրը ստորագրված համաձայնագրի տակ դուք դրել եք ձեր վերջին ստորագրությունը, այդ օրվանից դուք այլևս ոչ լեգիտիմ իշխանություն եք, այդ օրվանից մինչ այս պահը դուք գոյատևել եք ոստիկանության հովանու ներքո, դատախազության և ուժային մյուս կառույցների՝ ժողովրդի դեմ իրականացրած ահաբեկումների ներքո: Այդ ընթացքում ձեր հանցագործություններին նորերն են ավելացել միայն: Այսօր Արցախ չունենք, այսօր թշնամին ձեզ պարտադրում է հերթական խայտառակ համաձայնագիրը ստորագրել և թղթի վրա ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Մի արեք, պարզապես հեռացեք, ս….ր եղեք, դուք վաղուց ոչ ոք եք այս երկրում, որն արդեն ձերը չէ:
Մ

ինչդեռ ոստիկանությունն այս երկրի ոստիկանությունն է, բանակն այս երկրի բանակն է, ԱԱԾ-ն այս երկրի ծառայությունն է, որոնք անելիք ունեն երկրի ու ժողովրդի համար: Էլ ո՞ւմ վրա պետք է դնենք հույսներս, եթե ոչ հայ ոստիկանի, եթե ոչ հայ զինվորականի, եթե ոչ ԱԱԾ-ի հայ ծառայողի: Հավաքեք այս կառույցների ձեր սուտ ղեկավարներին ու գլխիկոր հեռացեք, ուր ուզում եք, թեկուզ գրողի ծոցը, բայց ձեր հետևից մի ոչնչացրեք այն ամենը, ինչ դուք չեք ստեղծել ու չգիտեք դրանց արժեքը:

Հ.Գ. Հարգելի ոստիկաններ, ես ներողություն եմ խնդրում ձեզ թուրք ու դավաճան ասողների, ձեզ վրա տարբեր առարկաներ նետողների, ձեր հասցեին հայհոյանքներ հնչեցնողների փոխարեն: Վստահ եմ, որ դուք էլ եք հասկանում՝ մարդկանց հասցրել են այդ վիճակին, էլ չեն դիմանում, գոռում են՝ «հիմա»: Ինձ էլ ճանաչում եք, երևի, ամեն օր Հրապարակում եմ: Մի կին գոռում էր՝ «հիմա» և պահանջում ջարդուփշուր անել կառավարության տան մուտքը փակած ոստիկաններին: Ասում եմ տիկին, ինչո՞ւ ջարդուփշուր անենք ոստիկաններին, մենք հո դրա համար չե՞նք հավաքվել: Ու գիտե՞ք, թե նա ինչ ասաց: Նա ասաց, մեջբերում եմ, «ջարդենք դրանց, Նիկոլը սիկտիր լինի»: Չգիտեմ, մի քիչ մտածեք: