Կադրային սնանկությո՞ւն, թե՞ վերադարձ պրոֆեսիոնալներին

Կադրային սնանկությո՞ւն, թե՞ վերադարձ պրոֆեսիոնալներին

Նիկոլ Փաշինյանը երեկ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից եւ նշանակեց ավելի բարձր՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։ Խաչատրյանի փոխարեն էլ ֆինանսների նախարար նշանակվեց նրա տեղակալը՝ Վահե Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ նա զբաղեցրեց աշխատանքից ազատված Համբարձում Մաթեւոսյանի տեղը: Բայց երբ վերջինս ազատվեց փոխվարչապետի պաշտոնից, մամուլում տարատեսակ անուններ էին շրջանառվում, թե ովքեր են այս բարձր պաշտոնի հավանական թեկնածուները։

Որպես ապագա փոխվարչապետացուներ, շոշափվում էին հենց Փաշինյանի քաղաքական թիմակիցների, այսպես ասած՝ նրա հետ քայլածների անունները, օրինակ՝ Արայիկ Հարությունյան, Ռոմանոս Պետրոսյան։ Բայց Փաշինյանը որոշեց կանգ առնել ուղղակիորեն իր քաղաքական թիմի հետ կապ չունեցող, ավելին՝ նախկինների քաղաքական թիմից իրեն «ժառանգություն» մնացած կադրի՝ Տիգրան Խաչատրյանի թեկնածության վրա։ Նշենք նաեւ, որ մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւս Փաշինյանի քաղաքական թիմակիցը չէ, ո՛չ ՔՊ անդամ է, ո՛չ էլ նրա հետ քայլած մեկը, այլ 2018-ին ԲՀԿ-ի քվոտայով կառավարության անդամ դարձած ու մինչ օրս այս կառավարությունում պաշտոնավարող նախկին բանկիր, որը մինչ քաղաքական պաշտոն ունենալը զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը։

Տիգրան Խաչատրյանն էլ կառավարությունում դեռ Քոչարյանի թվերից է բարձր պաշտոն զբաղեցրել` 2001-2006 թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ապա տեղափոխվել է մասնավոր ոլորտ, իսկ 2016-ին Կարեն Կարապետյանի հրավերով նորից վերադարձել է կառավարություն՝ զբաղեցնելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո էլ Խաչատրյանն անպաշտոն չմնաց։ Կարեն Կարապետյանի թիմակից ընկալվող Տիգրան Խաչատրյանը համաձայնեց համալրել Փաշինյանի՝ անփորձ «թրաշամանուկներից» բաղկացած կառավարության շարքերը՝ նրանց ֆոնին ընկալվելով որպես փորձառու եւ գրագետ պաշտոնյա։ 2019-2020 թթ. նա Փաշինյանի կառավարությունում զբաղեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, պատերազմից հետո ազատվեց պաշտոնից, մի կարճ ընթացք տեղափոխվեց մասնավոր ոլորտ, իսկ 2021-ին նորից վերադարձավ կառավարություն՝ արդեն ֆինանսների նախարարի կարգավիճակով։

Երեկ էլ փոխվարչապետ նշանակվեց։ Նրա նշանակմամբ փոխվարչապետաց դասն ամբողջությամբ համալրվեց նախկիններից «մնացած» կադրերով։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին իր անփորձ ու անգրագետ «թրաշամանուկներին» պետական կառավարման բարձր պաշտոններում խցկելու փոխարեն ապավիներ նախկինների փորձին ու պրոֆեսիոնալիզմին, այսօր գուցե այս իրավիճակը չունենայինք։ Բայց նա նախընտրեց նախկիններին պատերազմ հայտարարելը` ծեփել պատերին, ազատել պաշտոններից, քրեական գործեր հարուցել նրանց դեմ, որոնք մինչ այժմ չեն ապացուցվում, իսկ իր հետ քայլած անփորձ-անտեղյակներին վստահել երկրի կառավարումը։ 
Այսօր՝ իշխանության գալուց մոտ չորս տարի անց, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, իր թիմում այդպես էլ չունենալով իրական պրոֆեսիոնալներ, նորից վերադառնում է նախկիններից «փոխանցված» կադրերին՝ կառավարության ամենաբարձր ու պատասխանատու պաշտոններում նշանակելով փորձառու, պրոֆեսիոնալ կադրերի, որոնք իր թիմից չեն, իր հետ չեն քայլել, իր հետ հավասար «դմփ-դմփ-հու» չեն գոռացել ու «Սերժին չեն մերժել»։ Բայց արդեն այս կադրերի բանկը խիստ նվազել է, քանի որ մեծ մասին թշնամացրել են իրենց հանդեպ, նրանք աշխատանք ու զբաղմունք են գտել եւ պատրաստ չեն համագործակցելու վարկաբեկված կառավարության հետ:

Դրա համար էլ Մհեր Գրիգորյանին, օրինակ, պահում են այս պաշտոնին՝ հավանաբար համաձայնելով նաեւ, որ նա չդառնա ՔՊ անդամ, որովհետեւ եթե նա գնա, արժանի փոխարինող հազիվ թե գտնվի։ Նույնկերպ նաեւ Տիգրան Խաչատրյանին չի ցանկանում ձեռքից բաց թողնել՝ հատկապես, որ նա համաձայնել է անգամ պատերազմում այս իշխանությունների մեղքով կրած խայտառակ պարտությունից հետո նորից վերադառնալ եւ անտրտունջ ծառայել այս իշխանություններին։