«Թալանի վերադարձի» տեմպերը․ մեկ տարում՝ 1 դատական նիստ

«Թալանի վերադարձի» տեմպերը․ մեկ տարում՝ 1 դատական նիստ

Հոկտեմբերի 24-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման մեկամյակի առթիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին իրենց իշխանության նվիրվածությանը։ Հակակոռուպցիոն պայքարի մեր կամքն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ ետպատերազմական շատ ծանր շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, ետընտրական շրջանում, քաղաքական ինչ-որ սրացումների շրջանում մենք այս բարեփոխումների գործընթացը ոչ մի րոպեով չենք կանգնեցրել: Հենց սրա համար, որ առիթ լինի, եւ, իհարկե, առիթը ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով՝ արձանագրելու, որ ինստիտուցիոնալ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի հանրությունը ստանա պատասխաններ, մենք՝ բոլորս, ստանանք պատասխաններ, եւ մենք՝ բոլորս, տեսնենք արդյունքներ,- ասել է Փաշինյանը։

Թե երբ ենք տեսնելու արդյունքները եւ ինչ արդյունքներ պիտի տեսնենք, դեռեւս հայտնի չէ, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում։ «Նախկինների թալանի վերադարձի» եւ «դղյակների ապամոնտաժման» տրամաբանության ներքո 2020 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի» բռնագանձման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2020 թ․ հունիսի 23-ին։ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին Գլխավոր դատախազությունն այս օրենքի շրջանակներում ապօրինի գույքի բռնագանձման պահանջով առաջին հայցադիմումն է ներկայացրել դատարան։ Թիրախներից առաջինն ԱԱԾ նախկին սպա, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն էր։ Նա թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ «Հրապարակը» գրեց Սուրեն Պապիկյանի դատվածության մասին, ինչը նա թաքցրել էր հանրությունից։ Իշխանությունը նրան մեղադրեց այդ տեղեկատվությունը ջրի երես հանելու համար, նրան ազատեցին պաշտոնից, ծառայողական քննություն արեցին, սակայն Պապիկյանի անձնական կյանքին առնչվող գաղտնի տեղեկություններ հավաքելու եւ տարածելու փաստը չհաստատվեց։ Բայց, ինչպես ասում են, հրահանգը կար՝ պետք էր մի ձեւով Հարությունյանին պատժել, ով իշխանական ֆավորիտին իբրեւ թե վնաս էր հասցրել։ Չնայած Պապիկյանի դատավճիռն ու դատվածության փաստը հրապարակված փաստեր էին, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկար։ Ի վերջո, որոշեցին Հարությունյանի վրա առաջինը փորձարկել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։

Դատախազությունը դատարանից պահանջել էր «հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նրան պատկանող Երեւանի Հյուսիսային պողոտայի բնակարանը կամ դրա միջին շուկայական գինը՝ 187,2 միլիոն դրամի չափով, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին կամ դրա շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամի չափով, նաեւ՝ Երեւան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումարը՝ 8 մլն դրամի չափով, «Օրանժ գազ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսը՝ 215,7 միլիոն դրամի չափով»։ Դատախազությունը պահանջում էր բռնագանձել եւս 14,3 միլիոն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։

Որոշվել էր նաեւ հայց ներկայացնել դատարան՝ Սերոբ Հարությունյանի որդուց՝ «Հարություն Հարությունյանից բռնագանձելու Երեւանի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը կամ գույքի շուկայական միջին արժեքը՝ 34,7 միլիոն դրամի չափով, Porsche Panamera մեքենան կամ դրա շուկայական արժեքը՝ 11,2 միլիոն դրամի չափով»։

Այս պահանջներից ու վարույթից անցել է մեկ տարուց ավելի, հիմա տեսնենք, թե ինչ ճակատագիր է ունեցել այս աղմկոտ պատմությունը, որը նաեւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի փորձարկումը պետք է լիներ եւ նախադեպ ստեղծեր՝ հաջորդ գույքերը բռնագանձելու համար։

Հայցադիմումը ներկայացնելուց հետո այս գործով առաջին եւ այս պահի դրությամբ միակ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 19-ին, այսինքն՝ շուրջ 1 տարի այս գործով ոչ մի նիստ տեղի չի ունեցել եւ միայն հայցադիմումից 1 տարի անց տեղի է ունեցել առաջին նիստը։ Ընդ որում՝ այս գործերը բավականին ծավալուն են, եւ մի քանի դատական նիստ պետք է տեղի ունենա, որպեսզի դատարանը վճիռ կայացնի, եւ հաշվի առնելով, որ պատասխանող կողմը կարող է դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններ, ապա կարելի է միայն ենթադրել, թե քանի տարի է տեւելու այս գործընթացը, որով կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է արվելու, եւ երբ կտեսնենք Նիկոլ Փաշինյանի խոստացած արդյունքները։ Ի դեպ, մարդու գույքը խլելն այդքան հեշտ բան չէ, եւ պետք է ակնկալել, որ այս բոլոր գործերը նաեւ Եվրադատարան կհասնեն, եւ ինչպես Հյուսիսային պողոտայի գործերով են մարդիկ 20 տարի անց պետությունից մեծ փոխհատուցումներ ստանում, այնպես էլ հետագայում այս գործերն են պետության համար մեծ բեռ դառնալու։