Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղյան օրակարգերը դառնում են Ռուսաստան-Արեւմուտք բախման թատերաբեմ

Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղյան օրակարգերը դառնում են Ռուսաստան-Արեւմուտք բախման թատերաբեմ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը նոր պաշտոնի է նշանակվել։ Պարզվում է, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը, ով նաեւ եռանախագահությունում ռուս համանախագահն է, այժմ արդեն Ռուսաստանի ԱԳ նախարարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը նպաստելու հարցերով հատուկ ներկայացուցիչ է։ Այս մասին նախօրեին բավական ինտրիգային մեկնաբանություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Մեկնաբանությունը մեջբերենք ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքից ռուսերեն բնագրով․ «Вопрос: Россия является и союзником Азербайджана, и посредником в восстановлении мира между Азербайджаном и Арменией. Основные принципы, предложенные Азербайджаном Армении, являются главным условием мирного соглашения. Поддерживает ли Россия основные принципы Азербайджана? Что сделает Россия для окончательного мирного соглашения? Ответ: Как мы ранее отмечали, предложенные Баку «Базовые принципы для установления межгосударственных отношений между Азербайджаном и Арменией» и поступившая на них реакция Еревана призваны послужить основой для начала азербайджано-армянских переговоров по мирному договору. Эта тема обсуждалась 9 апреля с.г. Президентом России В.В.Путиным в телефонных беседах с Президентом Азербайджана И.Г.Алиевым и с Премьер-министром Армении Н.В.Пашиняном, а также днем ранее С.В.Лавровым на переговорах в Москве с армянским коллегой А.С.Мирзояном и по телефону с Министром иностранных дел Азербайджана Д.А.Байрамовым. Россия полна решимости содействовать заключению мирного договора между Ереваном и Баку. Напомню, что 24 февраля с.г. Вашингтон и Париж свернули все контакты с Москвой в рамках «тройки» сопредседателей Минской группы ОБСЕ. Между тем реальная обстановка на Южном Кавказе не допускает переговорных пауз. Требуются дальнейшие последовательные шаги по восстановлению в регионе долгосрочного мира и стабильности, раз уж США и Франция прекратили сотрудничество сопредседателей. В этой связи Посол по особым поручениям И.А.Ховаев продолжит свою работу в новом качестве, а именно – Специального представителя Министра иностранных дел Российской Федерации по вопросам содействия нормализации отношений между Азербайджанской Республикой и Республикой Армения. В центре его внимания будет тематика подготовки упомянутого мирного договора. Рассчитываем на поддержку усилий И.А.Ховаева со стороны наших союзников и партнеров в Баку и Ереване. Открыты для конструктивного взаимодействия с другими заинтересованными игроками»։

Մեկնաբանությունը մտածելու բավականին առիթ է տալիս։ Բացատրենք, թե ինչու։

• Ուշագրավ է, որ առաջին հարցի մեջ միայն նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Թե՛ հարցում, թե՛ հարցի պատասխանում որեւէ կերպ չի նշվում, որ Հայաստանն էլ է Ռուսաստանի դաշնակիցը, եւ, ըստ էության, որպես Ռուսաստանի դաշնակիցներ, Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հավասար հարթությունների վրա։

• Ըստ էության, մեկնաբանության երկրորդ մասն արդեն Լավրով-Միրզոյան մոսկովյան հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ ապագայի մասին արած մռայլ կանխատեսումների տրամաբանական շարունակությունն է։

• Ի․ Ա․ Խովաեւը նշվում է որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։ Արդյո՞ք Մարիա Զախարովան միտումնավոր կերպով չի նշում, որ վերջինս նաեւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունում Ռուսաստանը ներկայացնող համանախագահն է եւ, հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգի հետ կապ ունի հենց շնորհիվ այն բանի, որ համանախագահ է։

• Ի վերջո, կարող ենք արձանագրել, որ այս նշանակումով Ռուսաստանը, ըստ էության, զարմանալի շտապողականություն ցուցաբերելով ինչ-որ իմաստով, սեպարատ կերպով փորձում է ստեղծել ղարաբաղյան կարգավորման կամ առհասարակ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր՝ արդեն եղածին զուգահեռ իրականություն, ինչպես ժողովուրդը կասեր՝ որպես «ատմազկա» վերցնելով Արեւմուտքի կողմից իրականացվող նոր հակառուսականության ալիքը։

Ինչ է ստացվում․ որ ղարաբաղյան կարգավորման մասով գոյություն ունի 3 զուգահեռ իրականություն, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման մասով՝ երկու զուգահեռ իրականություն։ Այսինքն՝ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության իրականությունը, որը կարող ենք անվանել նաեւ «կանոնական իրականություն», որը հիմա թեեւ «քնեցվել» է, բայց չի վերացել։ Գոյություն ունեն արեւմտյան ջանքերով եւ Ռուսաստանի ջանքերով ստեղծվելիք իրականություններ։ Ընդ որում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով արդեն նշված երկու իրականությունները համընկնում են այս վերջին երկու՝ արեւմտյան եւ ռուսաստանյան ջանքերով ստեղծվելիք իրականությունների հետ։

Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ իրականություն է դառնում այն, ինչը նույնիսկ մղձավանջային երազում դժվար էր պատկերացնել․ Ղարաբաղյան եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերը դառնում են Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական առճակատման եւ մրցակցության «ռազմաճակատի» մի տեղամաս։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ վտանգված է թե՛ ԼՂ-ն, թե՛ Հայաստանը, ինչու չէ՝ նաեւ Ադրբեջանը, քանի որ ամենակոշտ ու ամենադաժան մրցակցային պայքար է ծավալվելու՝ «առանց կանոնների մարտեր», տարածաշրջանի վզին այս իրականություններից մեկնումեկը փաթաթելու համար։ Ու այստեղ՝ տարածաշրջանում, բոլորը կորցնելու են, շահելու են միայն «մեծ խաղացողները»։