Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

Տիրան Խաչատրյանը դատի է տվել Նաիրա Զոհրաբյանին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ։

Տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Որպես պահանջ նշված է «հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներեղություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում»։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 27-ին Զոհրաբյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայր, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթից հետո նույնպես դարձել էր հայ-ադրբեջանական տարածքային վեճի հարց։ Անդրադառնալով նախօրեին Տիրան Խաչատրյանին ասուլիսին՝ Զոհրաբյանն ասել էր. «Ես իրեն էսօր խորհուրդ եմ տվել ուսադիրները պոկել, իր «Արցախի հերոսի» կոչումը տանել Եռաբլուր և Եռաբլուրում էլ մի բուռ հող ուտել։ Էդ ի՞նչ էր նշանակում՝ «մեզ դուրս հրավիրեցին», «մենք տեղյակ չենք», «դե հիմա էդպես եղավ»»։

Նոյեմբերի 26-ին Տիրան Խաչատրյանը հանդես էր եկել ասուլիսով, որում անդրադարձել էր Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի բաժանման հետ կապված խնդրին։ Նոյեմբերի 25-ին Քարվաճառը ստանալուց հետո ադրբեջանական ուժերը շտապել էին Սոթքի հանքավայր՝ այն նույնպես Փաշինյանի համաձայնագրով ստանալու։