Մենք կկարողանանք խոսել դեպի Հայաստան գազի ծավալների կրկնապատկման, եռապատկման, քառապատկման մասին

Մենք կկարողանանք խոսել դեպի Հայաստան գազի ծավալների կրկնապատկման, եռապատկման, քառապատկման մասին

Բնական գազի վերաբերյալ Իրանում ստորագրված հուշագիրը նպատակ ունի գազի, էլեկտրաէներգիայի հետ կապված նախկին պայմանագիրը շարունակել մինչեւ 2030 թվականը։ Թեեւ ոմանք տարակուսում են, որ նման վերակնքումների կարիք չկար։ Հուշագրով նախատեսվում է, որ Իրանն աստիճանաբար ավելացնելու է Հայաստանին մատակարարվող գազի ծավալը, որը մինչեւ 2030 թվականը պետք է կրկնապատկվի։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության փոխնախագահ Արթուր Ավետիսյանը շեշտում է, որ սա կարեւոր է, քանի որ մենք ունենք ավելցուկային էներգետիկ հզորություններ, այսինքն՝ ավելի շատ էլեկտրաէներգիա կարող ենք արտադրել, քան ներհայաստանյան պահանջարկն է, եւ սա շատ կարեւոր տնտեսական ու էներգետիկ բաղադրիչ է Հայաստանի համար։

- Հուշագրի կնքումը միայն տնտեսակա՞ն բովանդակություն ունի։

- Այս հուշագրի կնքումը, իհարկե, ունի նաեւ քաղաքական դրույթներ, եւ եթե ընդհանրացնենք, ապա կարող ենք անվանել քաղաքատնտեսական բնույթի փոխըմբռնման հուշագիր։ Ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում ցանկացած տիպի համագործակցության հուշագիր, պայմանագիր կրում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական բնույթ։ Սա եւս այդպիսի օրինակ է, եւ քաղաքական առումով մենք կարող ենք սրանից շահեկան դիրքով դուրս գալ։ Անխոս, տնտեսականը եթե չգերակայեր, քաղաքականի արդյունքը չէր լինի, սակայն այդ համադրումը տալիս է այն արդյունքը, որի մասին բազմիցս խոսել է թե՛ իրանական, թե՛ հայկական կողմը։ Հայկական կողմը երբեմն իրեն պասիվ է պահում, սակայն, հաշվի առնելով իրանական կողմի ակտիվությունը բոլոր ուղղություններում, այդ թվում՝ էներգատնտեսական, Հայաստանի տնտեսությունը չի կարող համարժեք ընդառաջ քայլեր չկատարել, նաեւ հուսով եմ՝ կկարողանանք օգտվել դրանից բխող քաղաքական դիվիդենտներից։ Մենք ունենք մեծ պոտենցիալ Իրանի հետ համագործակցության տրամաբանության մեջ, ինչը չենք օգտագործում կամ բավարար չափով չենք օգտագործում։

- Ինչո՞վ եք պայմանավորում Փաշինյանի այցն Իրան՝ անմիջապես Սոչիի հանդիպումից հետո։ Իրանը փորձում է տնտեսական ներկայությո՞ւն ունենալ՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների հեշտացման, առեւտրաշրջանառության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում պայմանավորվածությունները, երրորդ հոսքագծի կառուցման ավարտը։

- Վերջին ժամանակներում, նաեւ՝ ցավալիորեն, 44-օրյա պատերազմից հետո Իրանի ներկայությունը մեր տարածաշրջանում դարձել է ուղղակի․ բնականաբար, տնտեսական ներկայություն ունենալը բխում է Իրանի շահերից, եւ շահերի համընկնում կա։ Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը նախկինում էլ, ներկայում էլ, ապագայում էլ, կարծում եմ, պետք է առաջնորդվի շահերի համադրման սկզբունքով, ոչ թե շահերի հակասությունների կամ նեղացկոտության, կամ պահանջկոտության, այլ պետք է փորձի բոլոր կարեւոր դերակատարների, բոլոր բարեկամ պետությունների հետ ստեղծել փոխշահավետ համագործակցություն, մանավանդ որ մենք Իրանի հետ, ըստ էության, բնական դաշնակիցներ ենք։ Ներկայումս դա ավելի է արտացոլվում, եւ Իրանն իր ներկայությունն արդեն ուղղակիորեն է ընդգծում, նաեւ՝ Կապանում հյուպատոսության բացմամբ, հայտարարելով իր կարմիր գծերի մասին։ Ինչպես գիտենք, Սոչիում քննարկվել են ադրբեջանա-հայկական, ադրբեջանա-արցախյան հակամարտության դրույթներ, լուրջ բովանդակություն չունեցող հայտարարություն հրապարակեցին, որը հայկական շահերից չի բխում, եւ դա նաեւ, ենթադրում եմ, Իրանի համար խնդիր կարող է դառնալ, ուստի, Իրանը փորձում է ինչպես Հայաստանին, այլ տարածաշրջանի ու օտար խաղացողներին ցույց տալ, որ հետեւողական է իր հայտարարությունների մեջ եւ կարող է պատրաստ լինել՝ գնալ առարկայական քայլերի՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ուղղություններով։

- Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը 3 մլրդ-ի հնարավո՞ր է հասցնել, ինչպես հայտարարվեց Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ։

- Դա հնարավոր կլինի մի պարագայում, եթե Իրանն ուղղակիորեն մասնակցի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, մասնավորապես՝ Սյունիքի մարզի, իսկ ավելի կոնկրետ՝ Քաջարանի հատվածի շինարարությանը․ այնտեղ նախատեսված է թունելի, կամրջի կառուցում։ Եթե ներգրավվեն իրանական ընկերություններ, եւ իրանական շինանյութ ներկրվի Հայաստան, այդ շրջանառությունը շատ իրական կլինի։ Դա անուղղակի ներդրում է մեր տնտեսության մեջ, բացի այդ՝ մենք ունենում ենք տեմպերի արագացում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման հարցում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունից հետո երեւի ամենաշահագրգիռն Իրանն է, որպեսզի Հյուսիս-հարավ ճանապարհը վերջապես կառուցվի եւ շահագործման հանձնվի։ Մենք պետք է այդ հարցերում ավելի հետեւողական լինենք եւ առաջնային դիտարկենք։

- Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ի՞նչ հարց է լուծելու։

- Դա չափազանց կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար, ռազմավարական նշանակություն ունի։ Իրականում շատ է ձգվել այդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, դեռեւս 2015-2016 թթ․ նախատեսվում էր Հյուսիս-հարավ էներգետիկական միջանցքը, որը ենթադրում էր Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Իրան էլեկտրահաղորդման ցանցերի միացում եւ էներգետիկ համակարգերի սինխրոնիզացում։ Փաստացի, դա չի իրականացել, նաեւ այն պատճառով, որ դեռեւս երրորդ էլեկտրահաղորդման գիծն ավարտին հասցված չէ, հիմա տեմպերը մի փոքր արագացել են, բայց շատ հեռու է ավարտից։ Դա անչափ կարեւոր է ոչ միայն էներգետիկ, այլեւ քաղաքական առումով։ Դեպի Հայաստան գազի ծավալների մեծացման պրոցեսն ավելի արդյունավետ կլինի, եթե երրորդ էլեկտրահաղորդման գիծը գործարկվի, եւ հնարավոր լինի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտահանել Իրան, իսկ էլեկտրաէներգիայի պահանջ Իրանը մշտապես ունի։ Այդ դեպքում մենք կարող ենք խոսել ոչ միայն դեպի Հայաստան գազի մատակարարման ծավալների կրկնապատկման, այլեւ եռապատկման, քառապատկման մասին, իսկ դրա համար ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, մասնավորապես՝ երրորդ էլեկտրահաղորդակցման գիծը։
Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքն իրականություն դարձնելուն, երկրորդ փուլում անհրաժեշտ կլինի դեպի Վրաստան համապատասխան ենթակառուցվածքներ կառուցել, ինչի համար առնվազն 2023-2024 թվականից պետք է մեկնարկեն նախապատրաստական աշխատանքները։