Խռովություն հանուն արդարության

Խռովություն հանուն արդարության

1866 թվականին ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևի գրած քառատողը լավագույնս է ներկայացնում Ռուսաստանը: Ահա այն՝ «Ուղեղով Ռուսաստանը չես հասկանա, Ընդհանուր արշինով չես չափի. Նա առանձնահատուկ խառնվածք ունի - Նրան կարելի է միայն հավատալ»: Քառատողի առաջին և վերջին տողերը միասին դարձել են ռուսական մտածողության և բնավորության այցեքարտը: Այսօր այս տողերը հիշեցի՝ ծանոթանալով Ռուսաստանում կատարվող իրադարձություններին: Որովհետև մասնավոր ռազմական «Վագներ» կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի բունտը հենց դրա դրսևորումն է: Ուկրաինական ռազմաճակատում հերոսության օրինակներ ցուցաբերած զորամիավորման հրամանատարն իր կարծիքով պայքարում է հանուն արդարության և ճշմարտության: Եվ ընդդեմ ՌԴ ՊՆ-ում տիրող կոռուպցիայի և հատկապես պետական միջոցների յուրացման: Վերջին  մի քանի ամսում նրա քննադատության սլաքներն ուղղված էին հենց ՊՆ նախարար Ս. Շոյգուի և ԶՈՒ ԳՇ պետ Վ. Գերասիմովի դեմ: Բազմաթիվ անգամ դա հայտարարելուց հետո, երբ, իր կարծիքով, համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, որոշեց պատժել վերը նշված անձանց՝ միաժամանակ հայտարարելով ՌԴ նախագահ, ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի նկատմամբ լոյալությունը պահպանելու մասին:

Որպես ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքն ամենօրյա ռեժիմով դիտարկող կոմնակի անձ՝ ծանոթ եմ ՊՆ նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի նկատմամբ նրա անձնական վերաբերմունքի դրդադապատճառներին: Ժամանակին ֆեյսբուքում նույնիսկ կասկած էի հայտնել, որ այդ պաշտոնյաների կողմից «Վագներ»-ի նկատմամբ խտրական վերաբերմունքն ունի բյուրոկրական աստառ: Քանի որ սկզբնական շրջանում զորամիավորումը համալրվում էր զուտ բանտարկյալների հաշվին, ապա ռազմական իշխանությունն էլ հատուկ նպատակով սպառազինության մատակարարման գծով քաղց էր ստեղծում: Ինչն, ըստ Պրիգոժինի, հանգեցնում էր նրան, որ վագներականների շրջանում զոհերի քանակը հինգ անգամ ավելի էր, քան կարող էր լինել, եթե միավորումն ապահովված լիներ համապատասխան սպառազինությամբ՝ տեխնիկայով, արկերով և այլն:

Հարցը հասել էր նրան, որ Պրիգոժինը մեղադրում էր ՊՆ-ին ու ԳՇ-ին «Վագներ»-ի համար նախատեսված սպառազինությունն ուկրաինացիներին զարտուղի ճանապարհներով վաճառելու մեջ: Կարծում եմ, որ այդ վերջին հանգամանքը, եթե դա իսկապես տեղի է ունեցել, լցրել է Պրիգոժինի համբերության բաժակը: Հատկապես, որ, իր ասելով, գերագույն հրամանատարի կողմից ոչ մի արձագանք չի եղել իր բարձրաձայնած խնդիրներին: Եվ Պրիգոժինն էլ, ի վերջո, որոշեց իր ճշմարտությունն ապացուցել ու արդարություն հաստատել ռազմական խռովությամբ: Պատերազմի շնորհիվ ձեռք բերելով հսկայական հեղինակություն և, որպես դրա հետևանք, իշխանական ամբիցիաներ՝ Պրիգոժինը որոշեց ինքը լուծել այն հարցերը, որ չէին լուծվում ՌԴ նախագահի կողմից: Չնայած անընդհատ հայտարարում էր, որ ինքը ենթարկվում է ՌԴ գերագույն հրամանատարին: Բայց չհասկացավ, որ իր խռովությունից օգտվելու են, բնականաբար, ուկրաինացիները: Որոնց դեմ իր զորամիավորումը դաժան մարտեր էր մղում, ասենք, Բախմուտ քաղաքում:  

Ուկրաինացիներն էլ արդեն սկսել են պրիգոժինյան խռովությունից օգտվել մեդիա դաշտում, իսկ ռուսախոս տելեգրամյան աղբյուրներից մեկի ասելով էլ՝ այս գիշեր դա տեղի կունենա նաև ռազմաճակատում: Չնայած մեկ այլ աղբուրի ասելով, անգլիական հետախուզությունը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն խորհուրդ է տվել 48 ժամ սպասել իրադարձությունների զարգացմանը՝ մեդիա դաշտում պաշտպանելով Պրիգոժինին: Ի դեպ, ուկրաինական հեռուստաալիքներն այսօր սկսել են լուրեր և այլ հաղորդումներ վարել ռուսերենով: Մի երևույթ, որ վաղուց դադարեցված էր այնտեղ: Բայց, ինչպես երևում է, սոցցանցերում և վագներականների անցած բնակավայրերի փողոցներում մարդիկ դեմ են արտահայտվել խռովությանը: Հանուն «պրիգոժինյան ճշմարտության» տանկային արշավի առաջին մի քանի ժամերը ցույց տվեցին, որ ՌԴ շարքային քաղաքացիների շրջանում այն հիմնականում ոգևորություն չի առաջացրել: Ասում եմ հիմնականում, քանի որ վագներականների շուրջը հավաքվում են շատ քիչ մարդիկ, բայց բոլորն էլ հակընդդեմ դիրքորոշմամբ:

Հ. Գ. Աչքիս Պրիգոժինի մեջ մի պահ բուն է դրել Նապոլեոնի ոգին, որը Ռուսաստան էր ներխուժել, իր ասելով, ռուս գյուղացիներին ճորտությունից ազատելու նպատակով: Կարծում եմ, որ ինքը ևս արժանանալու վերջինիս ճակատագրին, բայց նախքան Մոսկվա հասնելը: 

Հ. Գ. 2 Պրիգոժինին անվանում են «Պուտինի խոհարար», ինչը գալիս է ՌԴ նախագահի կյանքի պետերբուրգյան շրջանից: Նախորդ դարի 90-ականներին Պրիգոժինը, որը ևս պետերբուրգցի է, ռեստորան է բացել այնտեղ: Իսկ Պուտինն էլ հաճախակի այցելել է այդ ռեստորանը: Այնուհետև վերջինս օրենքի հետ խնդիր ունենալով՝ 10 տարի անցկացրել է ազատազրկման մեջ: Այնտեղից դուրս գալով՝ ստեղծել է ռեստորանների ցանց և մեդիա կայսրություն: Իսկ «Վագներ»-ի հիմնադրման գաղափարն էլ կապված է հենց տասնամյա փորձառության հետ:  

Հ. Գ. 3 Հույս ունեմ, որ խռովությունը, ինչպիսի աստառ էլ այն կրի, շատ արագ կճնշվի ՌԴ իշխանությունների կողմից, քանի որ դրա երկարաձգման ցավալի հետևանքները մենք կզգանք մեր մաշկի վրա: Բնականաբար, ադրբեջանցիների հերթական ագրեսիայի տեսքով: