Տավուշի վարչական ղեկավարները պատրաստվում են փոխվարչապետի հետ հանդիպմանը

Տավուշի վարչական ղեկավարները պատրաստվում են փոխվարչապետի հետ հանդիպմանը

Իշխանությունների և Տավուշի բնակիչների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել, որ այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կայցելի Տավուշ և անձամբ բնակիչների ու վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպում կունենա։ Սակայն այսօր տեղեկացանք, որ Մհեր Գրիգորյանը որոշել է Տավուշ չայցելել, հավանաբար, վախեցել է բնակչության հետ առերեսվելուց։ Նրա աշխատակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ հանդիպումը կլինի Երևանում, այն էլ միայն վարչական ղեկավարների ու համայնքապետի հետ:

Մենք փորձեցինք խոսել Տավուշի գյուղերի վարչական ղեկավարների հետ՝ մասնակցելո՞ւ են արդյոք այդ հանդիպմանը եւ ինչ հարցադրումներ են անելու։ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը եւ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը չպատասխանեցին մեր զանգերին։ Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանն ասաց, որ համայնքապետարանից այսօր են իրեն տեղեկացրել, որ փոխվարչապետի հետ հանդիպում է նախատեսված։ 

«Գնալու եմ այդ հանդիպմանը բնականաբար։ Ինձ ասեցին, որ Երևանում է լինելու հանդիպումը՝ տեղ, ժամ չեն ասել, ասեցին՝ հետո կտեղեկացնեն, այսօր ենք հանդիպելու՝ այդպես են ասել»,-ասաց Սահակյանը։ Հարցին, ի՞նչ է ակնկալում այդ հանդիպումից, ասաց, որ ոչինչ էլ չի ակնկալում:

«Եթե մտնեմ այդ հանդիպմանը, դուրս գամ՝ կասեմ, որ ռեալ լինի»,-ասաց Սահակյանը։ Իսկ Բաղանիսի բնակիչները պատրա՞ստ են համաձայնել կառավարության առաջարկներին։ Այս հարցը զայրացրեց Բաղանիսի ղեկավարին եւ նա կտրուկ ասաց՝ ի՞նչ հարց եք տալիս, իհարկե՝ ոչ, ու բոլորը պիտի ասեն՝ ոչ։ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ Հայաստանում չէ՝ չի մասնակցելու այս հանդիպմանը։