ԲԴԽ֊ն հիմա քննում է ընդդիմադիրներին ազատ արձակած դատավորին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդությունը

ԲԴԽ֊ն հիմա քննում է ընդդիմադիրներին ազատ արձակած դատավորին կալանավորելու համաձայնություն տալու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը այս պահին քննում է ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացնելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Դեռեւս հայտնի չէ, թե Բախշիյանին ինչ մեղադրանք են պատրաստվում առաջադրել։

Նշենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։