Նիկոլայ Բաղդասարյանն Արա Զոհրաբյանից վրե՞ժ է լուծում 

Նիկոլայ Բաղդասարյանն Արա Զոհրաբյանից վրե՞ժ է լուծում 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վերջերս հայտարարությամբ հանդես եկավ՝ իր մտահոգությունը հայտնելով «Իմ քայլը» խմբակցության կողմից «Փաստաբանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու փաթեթը տապալելու կապակցությամբ՝ այն գնահատելով որպես անհեռատես եւ անկանխատեսելի քայլ։ Եվ իրոք, այդ պահվածքը տարօրինակ էր՝ հաշվի առնելով, որ օրենքն անցել էր առաջին ընթերցում՝ 95 կողմ ձայներով, եւ խորհրդարան էր բերվել հենց իրենց կառավարության կողմից։

Ըստ որում, խմբակցությունում քննարկման ժամանակ, երբ օրենքի դեմ է արտահայտվել նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, կարծիքները բաժանվել են, իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդմիջում է վերցրել, ապա վերադառնալով հայտարարել, որ դեմ են քվեարկելու, եւ օրենքի նախագիծը տապալվեց 24 դեմ, 66 ձեռնպահ ձայներով։ Այս միջադեպը ոմանք մեկնաբանում են փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի անձնական մոտիվացիայով, մասնավորապես նրանով, որ Փաստաբանների պալատի նախագահ նշանակվելուց հետո Արա Զոհրաբյանն ազատել էր Փաստաբանների դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանին, եւ նա հիմա վրեժ է լուծում Զոհրաբյանից՝ տապալելով նրա օրինագիծը։ 

Մեզ հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ օրենքը հաջորդ քառօրյային կընդունվի, իսկ չանցնելու պատճառն այն է, որ նախագծում եղել է փոքրիկ տեխնիկական վրիպակ։ «Մենք սկզբունքորեն համաձայն ենք, այդտեղ կար տեխնիկական վրիպակ՝ մեկ հոդվածում, այն ուղղելու համար չքվեարկեցինք, որ ուղղվի։ Հակառակ դեպքում իրավական անորոշության մեջ էինք հայտնվելու»,-ասաց Բաղդասարյանը։ Բայց, չգիտես ինչու, չէր հիշում այդ տեխնիկական վրիպակը պարունակող հոդվածի բովանդակությունը։ Ասաց, որ այդ վրիպակը չէին կարող վերացնել երկրորդից երրորդ ընթերցման ժամանակ, քանի որ գործող Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։ Իսկ հարցադրմանը, որ այս օրենքի տապալման պատճառով, փաստորեն, չի ընդարձակվի Հանրային պաշտպանի գրասենյակը, ինչի մասին վաղուցվանից ահազանգում է Արա Զոհրաբյանը, պատգամավորն ասաց․ ««Փաստաբանության մասին» օրենքը չէր նախատեսում Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների թվի ավելացում»։

Մինչդեռ Զոհրաբյանը գրել էր․ «Պետք է հիշեցնենք, որ կառավարությունը մի քանի տարի է, ինչ չի ավելացնում հանրային պաշտպանների քանակը՝ ի հակառակ յուրաքանչյուր տարի ավելացող գործերի թվի (որը պայմանավորված է նաեւ պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկն ընդլայնելու հանգամանքով): Պետության ռեսուրսները խնայելու եւ արդյունավետ լուծում գտնելու նպատակից ելնելով՝ կառավարության հետ կազմվել էր Հանրային պաշտպանի գրասենյակին օժանդակելու լրացուցիչ հարթակ, որը զսպելու էր գրասենյակի շարունակական աճող ծանրաբեռնվածությունը եւ պետության համար անհամեմատ ավելի քիչ ծախսեր էր առաջացնելու: Մինչդեռ որոշ պատգամավորներ, անտեսելով իրենց քաղաքական ուժի առաջնորդի ստորագրած որոշումը, հավանաբար, Փաստաբանների պալատի նկատմամբ ունեցած իրենց անբարյացակամ վերաբերմունքով պայմանավորված, մյուս պատգամավորներին հորդորել են ձախողել կառավարության նախաձեռնությունը»։ 

Մենք դիմեցինք Արա Զոհրաբյանին՝ լրացուցիչ մեկնաբանություն խնդրելով։ «Օրենքի նախագիծը կապ ունի Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը զսպելու (թեթեւացնելու) հետ»,- ասաց նա։