Բակո Սահակյանն ամրապնդում է դիրքերը

Բակո Սահակյանն ամրապնդում է դիրքերը

Արցախում հետաքրքիր վերադասավորումներ են ընթանում։ Ամիսներ առաջ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացած Լեւոն Մնացականյանն օրերս արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի պաշտոնից տեղափոխվեց ոստիկանապետի պաշտոնին: Իսկ երեկ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով իր մեկ այլ զինակից՝ Արշավիր Ղարամյանը, նշանակվեց ԱԽ քարտուղար․ այդ պաշտոնը թափուր էր մնացել Վիտալի Բալասանյանի հրաժարականից հետո։

Երկու գեներալ լեյտենանտի՝ Արցախում ամենաբարձր զինվորական կոչումներ ունեցող անձանց բարձր պաշտոնների նշանակումը, այդուհանդերձ, անսպասելի էր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նախ՝ նրանց սերտ առնչությունը ՀՀ նախկին իշխանությունների հետ եւ դրանով պայմանավորված՝  Նիկոլ Փաշինյանի անհանդուրժող վերաբերմունքը։ Եթե հեռացող նախագահ Բակո Սահակյանն ամրապնդում է դիրքերը, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ, եւ Հայաստանի վարչապետի այն հայտարարությունից հետո, թե, ի դեմս Արցախի իշխանության, «դավադիր ուժեր» կան, կնշանակի, որ ամենեւին էլ չի պատրաստվում հեռանալ իշխանությունից եւ առաջիկա նախագահական ընտրություններից քաղաքական ակնկալիքներ ունի։

Իսկ եթե այս ամենին գումարենք Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հրաժարականն ու նախօրեին արած սենսացիոն հայտարարությունը, թե մայիսի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը չեն խոսել իրար հետ, քանի որ Փաշինյանը «նեղացել է», կարելի է պատկերացում կազմել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Այն է՝ Նիկոլ Փաշինյանը չի ուզում լեզու գտնել Բակո Սահակյանի հետ, վերջինս էլ այլեւս չի պատրաստվում հանդուրժել ու ենթարկվել Հայաստանի միջամտությանը։ Հատկապես որ ինքն ի սկզբանե ամեն ինչ արել է կայունությունն ու բարյացակամ հարաբերություններն ապահովելու ուղղությամբ, եւ մեկ տարի առաջ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում վճռորոշ է եղել հենց Բակո Սահակյանի կարծիքը, ով հորդորել է թողնել-հեռանալ, երկիրը չտանել ցնցումների։

Արցախի նախագահական աղբյուրի վստահեցմամբ՝ կադրային այս փոփոխությունները թելադրված են տարածաշրջանում ծայրահեղ լարված իրավիճակով․ «Բանակցությունները գրեթե փակուղում են, ու երկիրը պահելու համար պետք է մոբիլիզացվել»։ Մեր աղբյուրը պնդում է, որ Բակո Սահակյանն իր նշանակումները երբեւէ չի համաձայնեցրել Հայաստանի ղեկավարության հետ, բացառությամբ ՊԲ հրամանատարի նշանակումից։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի շփման բացակայության մասին Իսագուլյանի հայտարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ շաբաթ կայացած նիստից հետո Փաշինյանն ու Բակո Սահակյանն առանձնազրույց են ունեցել, եւ քննարկման հիմնական թեման եղել է բանակցությունների ներկայիս փակուղին ու այն, որ Ադրբեջանը կոշտացրել է դիրքորոշումը, եւ հարկավոր է միջոցներ ձեռնարկել։  

Վերադառնալով եկող տարի սպասվող ընտրություններին՝ Բակո Սահակյանը դեռեւս ակնհայտորեն չի բռնում նախագահության հայտ ներկայացրած անձանցից որեւէ մեկի կողմը։ Ոմանք կարծում են, որ նա ոչ թե Վիտալի Բալասանյանին է պաշտպանելու, այլ հնարավոր է՝ խաղադրույք կատարի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի վրա, սակայն մերձավորները դա կտրականապես բացառում են՝ հիշեցնելով, որ անցած ընտրություններին Ղուլյանը մի կերպ երրորդ տեղ զբաղեցրեց։ Ամենայն հավանականությամբ, Բակո Սահակյանը զգուշավոր  չեզոքություն կպահպանի, հարաբերություն չի փչացնի ո՛չ ՀՀ իշխանությունների ֆավորիտ Արայիկ Հարությունյանի, ո՛չ Բալասանյանի, ո՛չ էլ անգամ Սամվել Բաբայանի հետ։

Այդուհանդերձ՝ նրանք, ում Բակո Սահակյանը վերջին շրջանում առանցքային պաշտոնների է նշանակում, աջակցում են Վիտալի Բալասանյանին։ Իսկ գեներալիտետը՝ Օգանովսկի, Լեւոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան եւ այլք, մինչեւ ուշ երեկո անցկացնում են Բալասանյանի գրասենյակում։ Չնայած դրան՝  Բակո Սահակյանի մերձավոր շրջապատն անգամ խոստովանում է, որ Արայիկ Հարությունյանն այսօր առաջատար է։

Իսկ Բակո Սահակյանի վերջին օրերի «ինքնիշխան» քայլերը, չի բացառվում՝ պայմանավորված լինեն ռուսաստանաբնակ միլիոնատեր Սամվել Կարապետյանի վերջին այցով։ Մեր տեղեկություններով՝ նրանք հանդիպել են, եւ Կարապետյանն Արցախի նախագահին հավաստիացրել է, թե ամեն հարցում իր կողքին կանգնած է ու չի թողնի, որ Արցախը ֆինանսական խնդիր ունենա․ գաղտնիք չէ, որ Արցախը Հայաստանից կախվածություն ունի նաեւ ֆինանսական աջակցության պատճառով։

Երեկ ողջ օրը Բակո Սահակյանի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը չպատասխանեց մեր զանգերին։ 

«Արտառոց ոչինչ չկա այդ նշանակումներում»,- մեզ հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Սահակյանի հետ ՀՅԴ-ի 12-ամյա համագործակցության ընթացքը ցույց է տվել, որ Արցախի նախագահի նշանակումները երբեք միտված չեն եղել դիրքեր թուլացնելուն կամ ամրապնդելուն։ «Այլ այդ ամենը միտված է եղել երկրի ներքին քաղաքական կյանքը պլանավորելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացում ապահովելու, սոցիալական իրավիճակ բարելավելու եւ բոլոր այն ուղղություններով, որոնք մտնում են նախագահի պարտականությունների մեջ»,- ասաց Իշխանյանը։

Ապա, հասնելով վերջին օրերի փոփոխություններին, ասաց․ «Ես կարծում եմ, որ դրանք միտված չեն Հայաստան-Արցախ փոխհարաբերություններին եւ ի հեճուկս Հայաստանի վարչապետի կամքի։ Այն, որ երկու հանրապետությունների միջեւ առկա է որոշակի լարվածություն, հրապարակային բարձրաձայնվել է, կարծում եմ՝ այստեղ բոլորս պետք է լինենք անկեղծ, քանի որ այն ունի իր վտանգները։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ մեկը մյուսին ի հեճուկս քայլերը չեն կարող բխել ընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն։ Բակո Սահակյանի հետ 12 տարվա համագործակցությունն ինձ թույլ է տալիս ասելու, որ իր նշանակումները կախված են մեր անվտանգության համակարգի ամրապնդման  եւ մնացած ոլորտների բարելավման նկատառումներից»։ Իսկ գուցե  նախագահական ընտրություններից քաղաքական ակնկալիքնե՞ր ունի։ «Կարծում եմ՝ Բակո Սահակյանը նախագահական ընտրություններին չմասնակցելու հայտարարությամբ արդեն ամեն ինչ ասել է»։