Նիկոլն է տերը մեր ճակատագրի 

Նիկոլն է տերը մեր ճակատագրի 

100 տարի անց Նիկոլը հայաստանցիների հիշողության մեջ մնացած կլինի միայն անեծքի ուղեկցմամբ։ Ճիշտ այնպես, ինչպես մինչեւ 2020 թվականի աշունը մենք հիշում էինք թուրքերին։ Հիմա ինչպես են մարդիկ հիշում թուրքերին՝ դժվարանում եմ ասել: Չէ՞ որ նրանք, Նիկոլի ասելով, այլեւս թշնամի չեն մեզ: 100 տարի առաջ մենք պետականությունից զուրկ էինք, եւ դա զուտ հոգեբանորեն մեր նախնիներին արդարացնում էր մեր աչքում։ 100 տարի անց Նիկոլին անիծելու են, իսկ մեզ բոլորից արհամարհանքով են հիշելու. փոքրից՝ մեծ, զինվորից՝ գեներալ, աղքատից՝ մեծահարուստ, անգրագետից՝ ակադեմիկոս։ Որովհետեւ մենք չենք կարողանում տնօրինել մեր ճակատագիրը՝ լինելով (իբրեւ թե) մեր երկրի տերը։ Հիշում եք, չէ՞, նախկինների ժամանակ ծավալված շարժումներից մեկի կարգախոսը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Իրականում մենք չենք երկրի տերը, այլ՝ վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլը։ Նա ոչ միայն երկրի տերն է, այլեւ մեր տերը՝ մեր ճակատագրի ու ունեցվածքի։ Տերն ակնկալվելիք մեր երջանկության, ինչը որոշ սահմանաչափով կթույլատրվի հպատակներին «նորին» Չմեծության կողմից։ Եվ միայն այն դեպքում, եթե կողմ լինեն «Ապագա կա ապագա»-ին:

Այս մտքերի մեջ ընկա` ծանոթանալով օրվա լրահոսին: Լուր կարդացի, որ ադրբեջանցին հանգիստ մտել է մեր երկրի տարածք: Եվ չնայած նրան ձերբակալել են, բայց չի բացառվում, որ նրան հանգիստ կհանձնեն իր տիրոջը: Ոչ թե կպահեն, որպեսզի փոխանակեն գոնե գերիներից մեկի հետ: Հո ինչ-որ ադրբեջանցու պատճառով Ադրբեջանի հետ պատերազմ չե՞ն սկսի: Նիկոլն էլ չի հրաժարվի, չէ՞, էսկալացիայից խուսափելու իր տրամադրվածությունից: Հետո կարդում եմ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում ասվում է` ուղիղ 31 տարի առաջ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացված՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածի մասին: Ու զարմանում եմ՝ եթե Նիկոլն էսկալացիայից խուսափելու քաղաքականություն է որդեգրել, ապա նրա նախարարն ինչո՞ւ է վերհիշում 31 տարի առաջ կատարվածը: Հետո ի՞նչ, որ դա կատարվել է Ադրբեջանում: Գուցե կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ ռուսներ կամ այլմոլորակայիններ: Եվ երկրորդ՝ թե՞ չի հասկանում, որ դրանով անուղղակիորեն Նիկոլի տեսակետից ոչ թշնամի ադրբեջանցիներին դրդում է էսկալացիայի: 

Բայց երբ ծանոթանում ես գլխավոր դատախազի կողմից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր ներկայացնելուն, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Բացատրեմ՝ Մհերը դաշնակցական է, այն կուսակցության անդամը, ով, Իլհամի ասելով` ռեւանշիստական նկրտումներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Ու այդ պատճառով էլ նրա նկատմամբ քրգործ հարուցելն ուղղակի անհրաժեշտություն է: Իսկ հետո կգա կալանքի թույլտվության միջնորդություն ներկայացնելու հերթը։ Սակայն որպեսզի իշխանությունը խուսափի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում հայտնվելուց՝ ԱԺ ՔՊԿ-ական մեծամասնությունը, ենթադրում եմ, կմերժի գլխավոր դատախազի միջնորդությունը։ Ու այս դեպքում Նիկոլը կվերահաստատի էսկալացիայից խուսափելու իր տրամադրվածությունը եւ միաժամանակ ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ լինելը:

Իսկ եթե մի պահ, ընդամենը մի պահ պատկերացնենք, որ Հայաստանն իրականում ժողովրդավարական երկիր է, կամ գոնե մեզանում առկա է օրենքի գերակայություն, ապա տիկին գլխավոր դատախազը պետք է քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր ներկայացներ ոչ թե ընդդիմադիր գործչի, այլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հովհաննիսյան Արթուրի նկատմամբ: Ով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ-ի պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության քննարկման ժամանակ անթաքույց սպառնալիքներ էր հնչեցնում թեկնածուի նկատմամբ: Եվ դա կատարում էր՝ նաեւ իր կողմից ընդունված օրենքներն արհամարհելով եւ իր անպատժելիության վրա վստահ լինելով, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստին ներկա հանրության նկատմամբ խիստ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով: Ինչը, ըստ Քրեական օրենսգրքի, պատժվում է նաեւ ինչպես տուգանքով, այնպես էլ ազատազրկմամբ: