Ովքե՞ր են շահագրգռված Պատրոն Դավիթի կալանավորման հարցում (տեսանյութ)

Ովքե՞ր են շահագրգռված Պատրոն Դավիթի կալանավորման հարցում (տեսանյութ)

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ առավել հայտնի որպես Պատրոն Դավիթ, և նրա մորեղբոր որդին, որը իր ղեկավարած ընկերության տնօրենն է, երեք ամսից ավելի է՝ գտնվում են կալանքի տակ։ Իշխանությունները կարծես թե որոշել են պատերազմում պարտության ամբողջ մեղքը բարդել այս երկու անձանց վրա, որոնք զենք են մատակարարել ՀՀ զիված ուժերին։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը, այսօր մեզ հետ զրույցում խոսելով գործի նախաքննության և դրանում տեղ գտած ակնհայտ ապօրինի դրվագների մասին, նաև հիշեցրեց, որ Դավիթ Գալստյանը պատերազմի ընթացքում, օգտագործելով իր անձնական կապերը, անշահախնդրորեն, առանց որևէ գումար աշխատելու ակնկալիքի, հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ արտերկրից զենք հասցնելով շրջափակման մեջ գտնվող Հայաստանին։ Եվ այդ մասին իր ելույթներից մեկում հիշատակել է անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դժգոհելով Պատրոն Դավիթից։

Բայց նրան երեք ամիս է՝ պահում են կալանքի տակ, դատարանը որևէ կերպ չի ցանկանում հաշվի առնել պաշտպանական կողմի բերած փաստարկները։ Փաստաբանի խոսքով՝ Արմեն Բաղդասարյանի մասով իրենք արդեն սպառել են ներպետական ատյանները, վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չի ընդունել իրենց բողոքը, և հիմա փաստաթղթերն են պատրաստում՝ դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ Դավիթ Գալստյանի մասով գործը գտնվում է դեռևս վերաքննիչ դատարանում, նիստը հետաձգվել է դատավորի փոփոխության պատճառով, քանի որ այն դատավորը, ում ի սկզբանե մակագրվել էր գործը, վարակվել է կորոնավիրուսով։ Նոր դատավորի նախագահությամբ նիստը նշանակված է մայիսի 7-ին։

Հիշեցնենք. գործը հարուցել է ԱԱԾ-ն՝ հայտարարելով, թե Դավիթ Գալստյանը, պաշտպանության նախարարության հետ կնքելով պայմանագիր, պարտավորվել է 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց իբրեւ թե մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ 

Արմեն Հարությունյանի համար անհասկանալի են ինչպես ԱԱԾ-ի բերած փաստարկները, որով պնդում են, թե 1977 թվականի արտադրության կրակոցներ են մատակարարվել, այն դեպքում, երբ իրենք փորձագետներ են հրավիրել և ապացուցել, որ այդպես չէ, այնպես էլ այն, թե ինչու է գործը մակագրվել դատավորներ Մնացական Մարտիրոսյանին և Մեսրոպ Մակյանին, երբ այդ պահին հերթապահ դատարանն ու դատավորները այլ էին։ Ըստ փաստաբանի՝ ԱԱԾ-ի կողմից տոտալ ճնշումներ են գործադրվում դատարանների վրա, և դատավորները, առհասարակ, հաշվի չեն առնում իրենց բերած փաստարկները, ապացույցները, չեն ցանկանում լսել իրենց հիմնավորումները, հիմնվում են միայն քննիչների բերած «փաստարկների» վրա և իրենց վստահորդներին անհիմն պահում կալանքի տակ։

Հարցին՝ արդյո՞ք սա քաղաքական պատվեր է իշխանությունների կողմից, փաստաբանն ասաց․ «Ես մի քիչ զերծ կմնամ սա որակել որպես քաղաքական, որովհետև Դավիթ Գալստյանն էլ չի ցանկանում իր գործն ընդհանրապես քաղաքականացնել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ էստեղ ամեն ինչ մաքուր չէ։ Էստեղ կան ուժեր, էդ մասին նաև Դավիթ Գալստյանն է հայտարարությամբ հանդես եկել, որոնք կարողանում են, ունեն էդ հնարավորությունը՝ ազդել իրավապահ համակարգի վրա, ազդել դատական համակարգի վրա, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք»։

Իսկ ովքե՞ր են այդ ուժերը, արդյոք գործադիր իշխանության մասի՞ն է խոսքը, Հարությունյանն ասաց․ «Այդ ուժերը, կարող եմ էսպես ասել, այն մարդիկ են, որոնք հնարավոր է, որ լինեն իշխանության տարբեր օղակներում։ Կամ այն ուժերն են, որոնք կարող են հովանավորվել այդ նույն պաշտոնատար անձանց կողմից։ Ես այս պահին չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց մեր փաստաբանական խումբը յուրահատուկ ուսումնասիրություն է սկսել էդ առումով, մենք փաստեր ենք հավաքում հիմա, թե ովքեր են շահագրգռված, որ այս իրավիճակը լինի։ Եթե համապատասխան փաստեր ունենք, մենք խոստանում ենք, որ այդ մասին հրապարակավ կխոսենք, և եթե գտնենք հիմքեր, որ կային ապօրինի միջամտություններ ինչպես դատական համակարգի, այնպես էլ իրավապահ համակարգի մասով, նաև այդ մասով հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք»։ Ի դեպ, ուշագրավ է, որ զենքի մատակարարման պատվեր իջեցնողը, այսինքն՝ գործի մյուս կողմը, որն այս դեպքում ՀՀ զինված ուժերն է, այս գործում ներգրավված է ոչ մեղադրյալի կարգավիճակով։ Փաստաբանը, նախաքննության գաղտնիքից ելնելով, անուններ չտվեց, թե ովքեր են ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներից հարցաքննվել, թեև մամուլում գրվեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հարցաքնել են վկայի կարգավիճակով, բայց պնդեց, որ նախաքննության մարմինը պարտավոր էր բոլոր պաշտոնատար անձանց, որոնք առնչվում են այս մատակարարման գործի հետ, հարցաքննել։ Իր համար ևս տարօրինակ է, որ միայն մատակարար կողմն է այսօր մեղադրանքի կարգավիճակով կալանավորված, ընդունող կողմը, փաստորեն, որը փորձարկել, ընդունել, անգամ օգտագործել է այդ զինամթերքը, որևէ մեղք չունի։ Տարօրինակ է նաև այն, որ այդ «անորակ» զինամթերքը օգտագործվել է բանակի կողմից, բայց իրենք ասում են՝ լավ չափանիշներին չի համապատասխանել, խարդախություն է տեղի ունեցել, գումարի յուրացում և այլն։ Արմեն Հարությունյանի խոսքով՝ իրենք առաջարկել են այդ զինամթերքը հետ վերադարձնել իրենց, իրենք պատրաստ են դրա գումարը հետ վերադարձնել, եթե պնդում են, որ անորակ է եղել, բայց որևէ մեկը չի համաձայնել, քանզի օգտագործել են արդեն։

Մանրամասն՝ տեսանյութում