Իսկ ինչու՝ ո՞չ

Իսկ ինչու՝ ո՞չ

Հետաքրքրական դիտարկում է արել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը: Նրա գնահատմամբ՝ օգոստոսի 5-ի ստեփանակերտյան ելույթով վարչապետ Փաշինյանը փաստացի ղարաբաղյան կարգավորման նոր օրակարգ է հռչակել, որը հակասում է բանակցությունների իմիտացիան շարունակելու՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի նախաձեռնությանը: «Եթե Բաքուն համաձայնի արտգործնախարարների մակարդակով նախապատրաստվող՝ Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը, կնշանակի, որ ընդունում է կարգավորման Փաշինյանի հռչակած օրակարգը»,- գտնում է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:

Իսկ Regnum-ի մեկնաբանի հայացքով՝ Փաշինյանը «փորձում է Հայաստան-Սփյուռք- Լեռնային Ղարաբաղ ձեւաչափում ճնշում գործադրել Ստեփանակերտի վրա՝ հայտարարելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման անհրաժեշտության մասին»: 

Թե ինչու՞ են այսքան մոտ կամ գրեթե նույնական իրավիճակի մասին Ադրբեջանի նախկին արտգործնախարարի եւ ռուսաստանցի քաղաքական մեկնաբանի մոտեցումները, այլ թեմա է: Փաստն այն է, որ փորձագիտական մակարդակում շրջանառվում է ԼՂ կարգավորման բանակցություններում օրակարգային փոփոխության հնարավորությունը, եւ որոշ մեկնաբաններ, մասնավորապես՝ Գրիգորի Տրոֆիմչուկը, չեն բացառում, որ «միացում»մոտեցումը Փաշինյանի կողմից առաջ է քաշվել «որոշակի հովանավորությամբ»: Ռուսաստանցի մեկնաբանի շուրթերին «որոշակի հովանավորությունը» հնչում է որպես ԱՄՆ-ին ուղղված առնվազն կշտամբանք: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ ադրբեջանցի իրազեկված փորձագետ Նամազովն օրերս բաց հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը 1921թ.-ին որոշվել է ռուս-թուրքական ոչ հրապարակային համաձայնությամբ:

Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը քաղաքական կամք դրսեւորի եւ քննարկի կարգավորման «միացում» տարբերակը: Մեկ անգամ նման բանակցություններ ընթացել են, եւ կողմերը շատ մոտ են եղել վերջնական համաձայնության: Խնդիրն, անշուշտ, ենթադրում է բարդ հարցերի քննարկում: Կա՞ այդ ուղղությամբ արեւմտյան նախաձեռնություն՝ ինչպես ռուսաստանցի փորձագետներն են ակնարկում: Ադրբեջանի նախկին արտգործնախարարը կարծում է, որ եթե Փաշինյանը պաշտոնապես չչեղարկի ստեփանակերտյան հայտարարությունը, ուրեմն գործ ունենք ոչ թե «նրա ինքնագործունեության, այլ ինչ-որ աշխարհաքաղաքական կանխածրագրման հետ»: Բաքվում սովորաբար նման նուրբ թեմաներով չեն շատախոսում, եւ Զուլֆուգարովի մեկնաբանությունը, կարելի է վստահ լինել, համաձայնեցված է իշխանության համապատասխան մակարդակներում: Ադրբեջանը հանրային տրամադրությու՞ն է նախապատրաստում: Շատ բան պարզ կդառնա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո, եթե, իհարկե, այն տեղի ունենա: