Այսպես էլ ապրում ենք

Այսպես էլ ապրում ենք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը թեւածում էր օդում: Դա գիտակցում էր ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանությունը: Սակայն եթե ընդդիմությունը միայն խոսում էր՝ առաջարկելով սեփական գաղափարները, իշխանությունը լծվեց դրանց իրականացմանը: Սակայն Սարգսյանի նեղ շրջապատը համակարգային փոփոխության տակ հասկացավ հանրապետության կառավարման ձեւի փոփոխություն՝ նախագահականից խորհրդարանականի:

Չնայած համակարգային փոփոխությունները կարող էին ավելի արդյունավետ իրականացվել հենց նախագահականի շրջանակում: Որովհետեւ նախագահականը համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին եւ շուրջ երկու տասնամյակ կիրառման փորձառություն էր անցել: Իսկ խորհրդարանականը կուսակցությունների դեռեւս կայացման փուլում արդյունավետ լինել չէր կարող, եւ դեռ համակարգն ինքը կայացման փուլ պետք է անցներ: Սարգսյանի նպատակը հստակ էր՝ շարունակել միանձնյա կառավարումը վարչապետի պաշտոնում: Գուցե նաեւ կառավարման համակարգը համապատասխանեցնել եվրոպականին, բացառությամբ Ֆրանսիայի:  

Իսկ իրական համակարգային փոփոխությունները ենթադրում էին ինստիտուցիոնալ փոփոխություններ, քանի որ արդյունքում պետք է առաջանային պետական կառավարման նոր ինստիտուտներ կամ ավելի բարձր մակարդակի հասցվեին արդեն գոյություն ունեցողները: Զարմանալիորեն, այդ հանգամանքն առաջինը բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝  «Ելք» խմբակցությունը ներկայացնելով որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն: Պարզ էր՝ դրանով նա փորձում էր առանձնանալ մյուս ընդդիմադիր խմբակցություններից: Սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե կոնկրետ ինչ էր հասկանում նա` ինստիտուցիոնալ ընդդիմություն ասելով եւ ինչ բովանդակություն էր դնում այդ հասկացության մեջ: 

2018-ի իշխանափոխությունից հետո վարչապետ կարգված Փաշինյանը կարող էր հասարակությանը ներկայացնել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է իրականացվեն, որպեսզի լինեն ինստիտուցիոնալ: «Ժողովրդի իշխանության» եւ «ժողովրդավարության բաստիոնի» հաստատման տեսակետից այդ փոփոխությունները պետք է ունենային ժողովրդավարության ինստիտուտների կայացման ու զարգացման ուղղվածություն: Այդպես է, թե ոչ՝ փորձենք դիտարկել առանձին երեւույթների առումով՝ ընդունելով, որ «խաղաղ, ոչ բռնի, թավշյա» հեղափոխության շնորհիվ Հայաստանում, իրոք, իրականացվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք հանգեցրել են բազմաթիվ երեւույթների ինստիտուցիոնալացմանը: Սակայն դրանք հաստատ ունեն այլ ուղղվածություն, քան նախատեսվում էր 2018-ի գարնան իրադարձությունների ժամանակ:

Երեքուկես տարի անց մենք արդեն կարող ենք արձանագրել, որ փոփոխություններն ունեցան ճիշտ հակառակ ուղղվածություն. բռնության ինստիտուցիոնալացում, ընտրակեղծարարության ինստիտուցիոնալացում, ազատ խոսքի սահմանափակման ինստիտուցիոնալացում, պետական կաշառքի ինստիտուցիոնալացում, խտրականության ինստիտուցիոնալացում եւ այլն: Կարծում եմ, նշված երեւույթների շարքում առաջնությունը պատկանում է բռնության ինստիտուցիոնալացմանը: Տարիներ անց Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը բնորոշվելու է ոչ թե որպես «խաղաղ, ոչ բռնի, թավշյա» հեղափոխության շրջան, այլ հենց այդ հեղափոխության շնորհիվ հաստատված բռնության ժամանակաշրջան: 

Բնականաբար, նախքան Փաշինյան Նիկոլի «հայտնությունը» վարչապետի պաշտոնում, բռնության կիրառումը բավական տարածված երեւույթ էր: Սակայն քրեաօլիգարխիկ իշխանության պայմաններում այն կրում էր տնայնագործական բնույթ, եւ անհրաժեշտ էր «ժողովրդի իշխանության» հաստատումը, որպեսզի ստանար ինստիտուցիոնալ բնույթ: Ասենք, ՀՀ առաջին նախագահի կառավարման շրջանում ՀՀ Ազգային ժողովում ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքները սահմանափակվում էին վերջույթների «օգտագործմամբ»: Այդ պրակտիկան սկզբում որդեգրվեց նիկոլական ՔՊ-ականների կողմից, սակայն շատ արագ խորհրդարանական բռնարարքները ինստիտուցիոնալացվեցին: Խորհրդարանի շենք հրավիրվեցին համազգեստավոր մարդիկ, որոնք սկսեցին իրենց ծառայությունն իրականացնել այդտեղ:

Իսկ նախկինները, օրինակ, չըմբռնեցին նման ավանդույթի հաստատման օգտակարությունը, թեեւ շատ ավելի երկար մնացին իշխանության: Իհարկե, բռնության ինստիտուցիոնալացումը չսահմանափակվեց խորհրդարանական բռնարարքներով, սակայն համապետական միակ ներկայացուցչական մարմնում դրա կիրառությունը բավարար է, որպեսզի դրան նվիրվի առանձին ներբող: 

Նախկինների օրոք էլ Հայաստանում օրենսդրական գործընթացների ինստիտուցիոնալացումն անծանոթ երեւույթ չէր: Երկրում հաստատված քրեաօլիգարխիկ ռեժիմի պայմաններում չէր կարող չկիրառվել առանձին անհատների կամ խմբերի օգտին օրենքների ընդունման պրակտիկան: Սակայն որպեսզի այն օգտագործվեր իշխանության քիմքին ոչ հաճելի այս կամ այն անձին պաշտոնանկ անելու կամ սահմանադրական նորմեր չեղարկելու նպատակով, երբ չկա դրա իրավունքը, դա աննախադեպ նորարարություն էր:

Ընտրակեղծարարությունն ու ազատ խոսքի սահմանափակումն այն երեւույթներն էին, որ պետք է անմիջապես վերանային «խաղաղ, ոչ բռնի, թավշյա» հեղափոխության արդյունքում: Դրանք պետք է լինեին Փաշինյան անձի հաստատած «ժողովրդի իշխանության» առաջնահերթ ձեռքբերումները: Բայց, «չգիտես ինչու», դրանք ոչ թե վերացան, այլ ստացան ինստիտուցիոնալ բնույթ, որը դրսեւորվեց ընտրական գործընթացում ոստիկանության ակտիվ մասնակցությամբ, ինչն էլ, բնականաբար, ուղղված էր ընդդիմադիր քաղաքական ուժերի կամ անհատների դեմ: Իսկ օրենքն ու դատական համակարգը վերածվեցին ազատ խոսքի սահմանափակման ինստիտուցիոնալացման գործիքների: Օրենքը լրատվամիջոցներին ֆինանսապես խեղճացնելու եւ սնանկացման հասցնելու տեսակետից, երբ վիրավորանքի եւ զրպարտության տուգանքները եռապատկվեցին, իսկ դատարաններն էլ լրատվամիջոցների նկատմամբ իշխանություն ունեցողների հայցերը դակելու գործիք դիտարկվեցին:  

Խոսելով առանձին երեւույթների ինստիտուցիոնալացման մասին՝ հնարավոր չէ շրջանցել պետական կաշառքի ինստիտուցիոնալացման հարցը: Այն եւս նիկոլական իշխանության աննախադեպ «ձեռքբերումների» շարքում է: Նախկինների օրոք եռամսյակը մեկ տրամադրվող պարգեւատրումները չափավոր էին, հիմնավորված: Որպեսզի այս կամ այն պետական կառույցի պաշտոնյաները վարձատրվեին եռամսյակը մեկ, պետք է որոշակի հաջողություն գրանցեին իրենց աշխատանքում: Դա վերաբերում էր, ասենք, Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին, որոնք բարելավում էին հարկային վարչարարությունը՝ լրացուցիչ գումարներ մուտքագրելով պետական բյուջե: Վարչապետ Փաշինյանը որոշեց պարգեւատրումներ հատկացնել պետական բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին՝ առանց աշխատանքի արդյունավետությունը գնահատելու:

Եվ հիմնավորումն էլ զուտ հեղափոխական էր՝ որպեսզի նորերը հեռու մնային պետբյուջեից եւ կամ քաղաքացիներից գումարներ չշորթեին: Այսպիսով, անհատ քաղաքացիներից համակարգված կամ դեպքից դեպք ստացվելիք կաշառքը փոխարինվեց պարգեւատրումների տեսքով պետական մշտական կաշառքով: 

Մեկ-երկու խոսք էլ խտրականության ինստիտուցիոնալացման մասին: Աշխարհում պետք է տարածվեր կորոնավարակը եւ թափանցեր Հայաստան, որպեսզի մենք գնահատեինք քաղաքացիների նկատմամբ «ժողովրդի իշխանության» վերաբերմունքը: Պարզվում է, իշխանության ներկայացուցիչները, ի տարբերություն մյուս քաղաքացիների, իրավունք ունեն չկրելու դիմակ, չպատվաստվելու, որովհետեւ նրանք վերին արտի ցորենն են:

Իրականում նրանք, ըստ Սահմանադրության, ժողովրդի իշխանությանը ծառայողներ են, սակայն իրենց վերապահում են արտոնություններ, որոնցից զրկված են ժողովրդի մյուս զավակները: Եվ երբ հակահամաճարակային կանոնների խախտումների համար դիտողություն են ստանում, հաջորդ օրը որոշում են ընդունում, որով արդարացնում են նախորդ օրը տեղի ունեցածը: Այսպես էլ ապրում ենք: Որպես վերջաբան արձանագրենք, որ երեքուկես տարվա վարչապետությունից հետո միակ ավարտուն ինստիտուցիոնալ փոփոխությունը 2020 թ․ պատերազմում մեր պարտությունն էր ու դրա ծանր հետեւանքների ամրագրումը Հայաստանի ու Արցախի անվտանգության առումով: