Գնդապետի ագարակը

Գնդապետի ագարակը

Հայաստանում ներքաղաքական լարվածությունը սպառնում է վերածվել ներտեսակային լարվածության: Պատճառը ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի անզգույշ պատասխանն է ոստիկանության հարցին, թե արդյո՞ք վիրավորվել է իրեն տրված «քոռ խոզ» որակումից: Ալեքսանյանն առանց մտածելու միանգամից ասել է՝ այո, վիրավորված եմ, մինչդեռ նրան այդ որակումը տվել էին միանգամայն քաղաքական նկատառումներով: Այս գործը, կարծում ենք, կհասնի դատարան, եւ մենք ականատես կլինենք մի աննախադեպ դատավարության, որտեղ մեղադրող կողմը կփորձի ապացուցել, որ «քոռ խոզ» արտահայտությունը վիրավորանք է, իսկ պաշտպանական կողմն իրենից կախված ամեն ինչ կանի, որ Վահագն Ալեքսանյանը տանուլ տա գործն ու մինչեւ իր օրերի վերջը համակերպվի վիրավորանքի հետ:

Խոզերը, ինչպես գիտեք, քաղաքական որեւէ կատեգորիայի մեջ չեն մտնում եւ քաղաքականությամբ առհասարակ չեն զբաղվում: Չնայած որ մարդկությանը հայտնի են այլ կենդանատեսակների կողմից (խոզեր, ձիեր, կապիկներ, այծեր) տեղական ինքնակառավարման մարմիններ եւ անգամ պետություններ ու մոլորակներ ձեւավորելու փաստեր, կենդանիները, այնուամենայնիվ, եղել եւ մնում են հիմնականում ապաքաղաքական արարածներ: Ուղղակի պետք չէ շատ բզբզել նրանց շրջանում հարգանք վայելող որոշ առանձնյակների, քանզի, ինչպես ցույց է տվել «Մենըր» ֆերմայի փորձը, նրանք սկսում են նոր հավակնություններ դրսեւորել, որոնք բացարձակապես կապ չունեն ի վերուստ նրանց տրված միակ հավակնության հետ՝ լինել անասուն, ասել է թե՝ ապաքաղաքական կենդանի:

Եվ ուրեմն՝ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր փակել գոմերը։ Շորորալով, լապտերի լույսը դեսուդեն պար տալով՝ նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ, լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով, դիմեց վեր, ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը… Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով-խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրան լսելու համար… Ծանո՞թ պատմություն է: Դե իհարկե՝ ծանոթ է: Հայաստանում մարդ կա՞, որ չի կարդացել անգլիացի գրող եւ լրագրող Ջորջ Օրուելի (Էրիկ Արթուր Բլեր) «Անասնաֆերմա» վիպակը, որ քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիստական ժանրերի խառնուրդ հիշեցնող ստեղծագործություն է, ուր, ինչպես պնդում են այս գործից «հասկացող» անգլիացի գրականագետներն ու քննադատները, ծաղրուծանակի են ենթարկված 1917թ․ բոլշեւիկյան հեղափոխությունն ու դրան հաջորդած ստալինիզմը:

Սկզբում ես էլ էի այդ կարծիքին, բայց երբ 2021թ. վերընթերցեցի «Անասնաֆերման», համոզվեցի, որ Օրուելն իր հանճարի ուժով տասնյակ տարիների հեռավորությունից պարզապես կանխագուշակել է Հայաստանի ապագան: Հիմա մտքով տեղափոխվեք 2018թ. եւ պատկերացրեք մի ագարակ, կալվածք կամ դաստակերտ, որի տարածքում ապրող անասունները, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից (նախկիններից), փորձում են ստեղծել սեփական (նորերի) համայնքը: Անվանենք այն նոր անասնաֆերմա, թեեւ քաղաքականությունից հեռու անասունների պարագայում նման որոշում կայացնելն արդեն իսկ լրջագույն քաղաքական քայլ էր: Այն էլ ասենք, որ ամենեւին էլ պատահական չէ ընտրված գլխավոր հերոսի գույնը՝ «Ճերմակ կինճ»: Օրուելը յուրահատուկ փաղաքշանք է դրել այդ կենդանու նկարագրության մեջ. «Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա 12 տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայցեւայնպես, դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել»… Հեղափոխության առաջնորդի ինչպիսի նախանձելի կերպար…։
Բայց չեղավ՝ այսպես որ գնանք, մեր այսօրվա թեմայից կարող ենք շատ շեղվել: Մեզ այս պահին հետաքրքրում է միանգամայն այլ՝ ՀՀ ԱԺ պատգամավորին վիրավորած «քոռ խոզ» արտահայտությունը:

Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել: Պետք է ընդունենք, որ Հայաստանում հավասարության ու բարեկեցության խոստումներով ֆերմերներից (նախկիններից) իշխանությունը խլած «նորերը» (ըստ Օրուելի՝ Գնդապետը) հեղափոխությունից կարճ ժամանակ անց սկսել է ստալինիզմ կառուցել, ինչը, մեղմ ասած, դուր չի գալիս ոչ միայն «նախկիններին», այլեւ շատ «նորերի», որոնք բնազդաբար հետեւել են Գնդապետին՝ սպիտակ գույնի, իմաստուն եւ բարյացակամ առաջնորդին: Եվ հիմա, այս համատարած հիասթափության ֆոնին, երբ Գնդապետին ամեն կողմից նախշում են ամեն տեսակ պիտակներով, նրա հավատարիմներից մեկը, որ փորձում է Գնդապետից ավելի Գնդապետ երեւալ, բարեհաճել է վիրավորվել «քոռ խոզ» արտահայտությունից: Ինչպես ասում են՝ նոր անասնաֆերմա, նոր առանձնյակներ: Իր գործն է, ոչինչ ասել չեմ կարող, թող դատարանը որոշի:

Ինչպես ամենավերեւում ակնարկեցի, ինձ հիմա ավելի շատ մտահոգում է այն, որ Հայաստանում ներքաղաքական պայքարը կամաց-կամաց թեւակոխում է ներտեսակային փուլ, որտեղ կարող են իրար դեմ ելնել մարդը եւ կենդանին: Դա վտանգավոր է այնքանով, որ օրուելյան թավշյա հեղափոխությունը կարող է ստանալ շարունակական բնույթ, եւ Հայաստանում կենդանիների նոր հեղափոխության տեղի ունենալ: Դիցուք՝ եթե խոզերն իմանան, որ «նորերից» մեկը վիրավորվել է «խոզ» բառից, կարող են չորքոտանիների բազմահազարանոց բողոքի ցույց կազմակերպել ԱԺ-ի մոտ, ներխուժել ու վերցնել իշխանությունը: Միայն թե այդ օրը «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը չափից դուրս հարբած լինի եւ մոռանա գոմերը փակել։ Եվ սա ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Մի երկրում, որտեղ դատարանով են որոշելու՝ վիրավորակա՞ն է, արդյոք, «քոռ խոզ» արտահայտությունը, թե ոչ, բնականաբար, խոզերն էլ պետք է պատշաճ ներկայացված լինեն դատարանում: Հակառակ պարագայում ամեն ինչ խիստ միակողմանի կլինի: