Էրդողանի breakdance-ը՝ միջազգային բեմում

Էրդողանի breakdance-ը՝ միջազգային բեմում

20-րդ դարի 80-ականներին մի պար միջազգային ճանաչում ստացավ, որի ստեղծողը, կատարողները հիմնականում աֆրո-ամերիկացիներն էին: Պարում էին փողոցներում, պատահել է նաեւ` բեմերում: Պարը կոչվում էր breakdance, անգլերեն break` կոտրել արմատից, եւ մոտավոր կարող է թարգմանվել՝ կոտրատվող պար: 

Breakdance-ը ճիշտ այն անունն է, որ կարելի է տալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր միջազգային հարթակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պահվածքին: Իհարկե, Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի միավորված ու խիստ դիրքորոշումը, կիրառվող պատժամիջոցները դաժան դաս են Էրդողանի համար: Նա տեսնում է՝ ինչպես են Արեւմուտքի քայլերը փլուզում Ռուսաստանի տնտեսությունը, եւ գիտակցում է, որ իրեն ճիշտ չպահելու դեպքում, Թուրքիան ոչնչացնելու համար Արեւմուտքից նույնիսկ ջանք ու ժամանակ չեն պահանջվի: Թեեւ եթե նույնիսկ Էրդողանը կոտրատվելով գետնաքարշության էլ հասնի, ի տես փաստերի, թե որքան էր ինքը լկտիացել, որ փորձում էր սիրիացի գաղթականներով Արեւմուտքին շանտաժի ենթարկել, ինչպես էր Ռուսաստանի հետ սիրախաղ սկսել ու փորձում միասին ատոմակայան կառուցել, որքան էր իրականության զգացողությունը կորցրել, որ տարածաշրջանային քաղաքականության 3+3 հարթակից էր խոսում, այլեւս չասած, որ Hagia Sofia-ի տաճարն էր մզկիթի վերածում, դրանք բոլորը եւ այլ քայլեր եւս բավարար հիմք են տվել, որ Ռուսաստանին իր տեղը ցույց տալուց հետո զբաղվեն Թուրքիայով: 

Ի վերջո, Թուրքիայի միակ արժեքը պատմականորեն ու մանավանդ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է Ռուսաստանի դեմ ֆորպոստ ծառայելը: Եթե Ուկրաինայի պատերազմով չեզոքացվեն Ռուսաստանից ծագող սպառնալիքները, այդքանով էլ կավարտվի Թուրքիայի ֆորպոստային դերի անհրաժեշտությունը: Ի վերջո, հենց այնպես չէ Թուրքիայի լիրան անշեղորեն արժեզրկվում, տնտեսությունը ռեգրեսի մեջ մնում, ԱՄՆ ռազմաբազաները Թուրքիայից Հունաստան տեղափոխվում: Վաղ կամ ուշ ծագելու է ներկա սահմաններով Թուրքիայի գոյության նպատակահարմարության հարցն առհասարակ: Չէ՞ որ այդ պետությունն իր ներկա տարածքում գոյություն ունի լոկ 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հիմքով:  

Էրդողանը որքան էլ զուրկ լինի կրթվածությունից եւ ինտելեկտից, չի կարող թեկուզ բնազդով չզգալ, որ որքան բնական ու օրինաչափ ընթացք էր Վլադիմիր Պուտինի հետ իր մերձեցումը եւ տանդեմ կազմելը, այդքան էլ անխուսափելի եւ օրինաչափ է Ռուսաստանին չեզոքացնելուց հետո Թուրքիային սպասվող նույն ճակատագիրը: Արդյունքում չկարողանալով ո՛չ Ռուսաստանից հեռանալ, ո՛չ Արեւմուտքին մերձենալ, Էրդողանին մնացել է լարախաղացություն անելը, մինչեւ տեսնի՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ինչ է վիճակվելու իրեն եւ Թուրքիային: Անձամբ Էրդողանի պարագան գուցե պարզ է` չհայտարարված տնտեսական պատժամիջոցներն ավելի կխստացվեն, լիրան էլ ավելի կարժեզրկվի, հանրային դժգոհությունները կահագնանան՝ վերջնահաշվում Էրդողանին հեռացնելով իշխանությունից: Սակայն Էրդողանը երկու տասնամյակ այնքան սադրիչ քաղաքականություն է վարել, որ իրեն իշխանությունից հեռացնելուց հետո էլ Թուրքիայով հարկ կլինի զբաղվել: 

Մյուս կողմից էլ՝ որտե՞ղ է գրավականը, թե Պուտինն Ուկրաինայի հետ բախում է սկսել, որպեսզի հետագա քայլերը  ԽՍՀՄ վերականգնելու ուղղությամբ գնան։ Գուցե Պուտինը ձգտում է այնպիսի նվաճման, որին ոչ թե տգետ ու բոկոտն կոմունիստները, այլ փառքի, ուժի ու հարստության մեջ լողացող ռուսական ցարերն են ձգտել ու չեն հասել` Նիկոլայ Առաջինից սկսած: Գուցե Պուտինը ձգտում է ցարերին գերազանցող արարքի ու փառքի, որն առնչվում է Թուրքիային: 

Թուրքիան իրականում ո՛չ Ռուսաստանի բարեկամն է, ո՛չ Արեւմուտքի, եւ հիմա Էրդողանը փորձում է անճանաչելիորեն համեստացած ու լեզուն իրեն քաշած՝ լարախաղացություն անել որպես միջնորդ, այնպես է կոտրատվում, որը breakdance է հիշեցնում: Երկու շաբաթ շարունակ միաժամանակ Կիեւի ու Մոսկվայի կողքին լինելու քաղաքական ակրաբատիկայից, «Արեւմուտքն է մեզ ասում, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանենք, որ ի վերջո գոնե լինի մեկը, ով Ռուսաստանի հետ շփվում է» կարգի անհեթեթություններ դուրս տալուց հետո, վերջնահաշվում ձախողված Անթալիայի դիվանագիտական ֆորումի դեմքը փրկելու համար Էրդողանի օրհնությամբ ԱԳ նախարար Չավուշօղլուն իրբ եռակողմ հանդիպում էր հյուրընկալում իր, ՌԴ-ի, Ուկրաինայի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որն ավարտվեց կատարելապես անարդյունք, գրեթե ֆիասկոյով: 
Երեկ մեկնարկած Անթալիայի դիվանագիտական ֆորումին ավելի հաջող ընթացք չի սպասվում, քանի որ Արեւմուտքի ոչ մի առաջատար երկրի իշխանության առաջնորդ ֆորումին չի մասնակցում:

Մի քանի նախարար էր ժամանելու Բալկաններից, մնացյալ հյուրերն Աֆրիկայից են, Ասիայից, ասենք` Բանգլադեշից, Աֆղանստանից, արաբական երկրներից, մի քանի հոգի՝ Ադրբեջանից, Միջին Ասիայից: Առավել նկատելի ֆիգուրը Եվրոպայից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն է, ով ժամանել էր Անթալիա։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորել Ֆոնտելեսի ժամանման մասին էր թուրքական կողմը նախապես տեղեկացրել, սակայն ժամանումը կարծես չեղարկվել է, քանի որ Բորելը երեկ մանակցում էր Ֆրանսիայում, Վերսալում գումարված ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ուր Թուրքիայի ղեկավարներին, հասկանալիորեն, չէին հրավիրել:

Ինչ ասել կուզի, խորհրդանշական է, որ հարյուր տարի հետո, Եվրոպայի պատմության ամենավճռորոշ ու շրջադարձային պահերից մեկին Եվրոպայի առաջնորդները նորից Վերսալյան պալատում են հավաքվում: Գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ամենքը` Մակրոնը, Միշելը, ֆոն դեր Լեյենը, անվերջ ու համարյա հուզմունքով նշում էին, թե ինչ պատմական վայրում են իրենք այսօր հավաքվել: Օպտիկայի մակարդակում, իհարկե, սա վերադարձ է Վերսալ, Առաջին համաշխարհային պատերազմին վերջակետ դրած Վերսալյան վեհաժողով, որ ամենասեւ էջն է Օսմանյան կայսրության ու դրա իրավահաջորդ Թուրքիայի պատմության մեջ: