Մակրոնին ֆրանսիացիներն անվանում են «անպատասխանատու», «խելագար»

Մակրոնին ֆրանսիացիներն անվանում են «անպատասխանատու», «խելագար»

Միայն վերջին պարապախոսը չանդրադարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին՝ աղմկահարույց հայտարարություններին՝ կապված Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորախումբ ուղարկելու հետ։ Ելիսեյան պալատից հնչած աբսուրդային առաջարկը բուռն քննադատության արժանացավ ոչ միայն Կրեմլում, այլեւ նույն Փարիզի մերձավոր դաշնակիցների կողմից։ ՆԱՏՕ-ի դռներից ներս մտած եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամից «5 պակաս» Շվեդիայում անթաքույց տարակուսանքով արձագանքեցին Մակրոնի խոսքերին։

ԱՄՆ պետդեպում, ճիշտ է, զգուշավոր, բայց կոնկրետ կարմիր գծեր դրեցին ֆրանսիական պետության առաջնորդի հեռագնա մտադրությունների համար։ «Զորքերի հնարավոր ուղարկումն Ուկրաինա՝ երրորդ երկրների ինքնիշխան որոշումն է, որը ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակից պետք է ինքնուրույն կայացնի: Լսել եք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Յենս) Ստոլտենբերգն ասաց, որ ինքը ոչ մի ծրագիր կամ մտադրություն չունի՝ զորքեր ուղարկելու, իհարկե, ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Նախագահ (ԱՄՆ, Ջո) Բայդենը նույնպես այս հակամարտության հենց սկզբից շատ հստակ հասկացրեց, որ ամերիկյան զորքերը չեն լինի Ուկրաինայում մարտական գործողություններ իրականացնելու համար»,- հերթական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Հարցին, թե արդյո՞ք Մակրոնը քննարկել է թեման Բայդենի հետ, Քիրբին ասել է. «Ավելացնելու ոչինչ չունեմ»։ Ֆրանսիայի նախագահի ասածներին ավելացնելու բան ունեին Ռուսաստանում՝ առանց հարցերի։ Էմանուել Մակրոնը փորձում է նոր գլոբալ հակամարտություն հրահրել՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին իր հայտարարություններով՝ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ նշելով, որ Ֆրանսիայի ղեկավարը պետք է հիշի Նապոլեոն Բոնապարտի պարտությունը։ «Անձնական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չգտավ, քան երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելը։ Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար»,- ասել է Պետդումայի խոսնակը։ 

Մակրոնը պետք է հիշի Նապոլեոն Բոնապարտի պարտությունը, ում բազմահազարանոց բանակը 19-րդ դարում պարտություն կրեց Ռուսաստանի կողմից՝ ընդգծել է Վոլոդինը եւ պնդել, որ Ելիսեյան պալատի ղեկավարի վարկանիշն այժմ ռեկորդային ցածր է։ Դա, ըստ ռուս պաշտոնյայի, պայմանավորված է տնտեսական խնդիրներով եւ Ֆրանսիայում շարունակվող բողոքի հուժկու ակցիաներով։ 

Մակրոնի խոսքերին չէր կարող չանդրադառնալ նրա հավերժական մրցակիցը՝ Ազգային միավորում (Ազգային ճակատ) քաղաքական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը։ Կին քաղաքական գործիչը բավականին վրդովվել է երկրի նախագահի խոսքերից եւ տարակուսել՝ արդյո՞ք բոլորը հասկանում են նման հայտարարության լրջությունը։ «Էմանուել Մակրոնը զորավարի դեր է խաղում, բայց այնքան անփույթ է խոսում մեր երեխաների կյանքի մասին։ Սա մեր երկրում խաղաղության կամ պատերազմի հարց է»,- ասել է Լը Պենը։

Մակրոնին քննադատել են նաեւ Ֆրանսիայի ձախակողմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչները եւ սոցիալիստների ղեկավար Օլիվիե Ֆորը, ովքեր ասել են, որ «Ռուսաստանի դեմ պատերազմը խելագարություն կլինի», եւ Մակրոնին անվանել են «անպատասխանատու»։ Ի դեպ, ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի գործընկերներին հորդորել էր պատրաստ լինել Ռուսաստանի կողմից սպասվելիք պատերազմին։ 

Դատելով Մակրոնի խոսքերից եւ դրան հաջորդող «համաշխարհային աղմուկից»՝ կարելի է առնվազն ենթադրել, թե ով է ստանձնել Եվրոպայում հրձիգի նոր առաքելությունը՝ անկախ որեւէ երկրի կամ ղեկավարի նկատմամբ մեր անձնական, ազգային ու քաղաքական համակրանքից կամ հակակրանքից։