Դելիմիտացիայի ստորագրումը՝ առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի, կնշանակի ՀՀ-ի կողմից Արցախ պետության ոչնչացում

Դելիմիտացիայի ստորագրումը՝ առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի, կնշանակի ՀՀ-ի կողմից Արցախ պետության ոչնչացում

Երեկ չորս ժամ տևած Ալիև-Փաշինյան-Միշել եռակողմ հանդիպումից հետո հայտարարվեց, որ մինչև ապրիլի վերջը կստեղծվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի երկկողմ հանձնաժողով, որը նաև կապահովի սահմանի անվտանգությունը: Սա առավել քան տարօրինակ հայտարարություն է, քանի որ նախ նշենք, որ դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվում է սահմանների գծագրմամբ ու գծանշմամբ, այլ ոչ թե՝ անվտանգության ապահովմամբ: Երկրորդ տարօրինակությունը հենց դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելն է, այն իմաստով, թե ինչպես է այդ հանձնաժողովը ստեղծվելու՝ առանց որևէ պայմանագրի:

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցողները գիտեն, որ դելիմիտացիան իրականացվում է պայմանագրի հիման վրա, այսինքն՝ կողմերի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ լինում են քարտեզներ՝ գծանշումներով և այլն, դրանից հետո կազմվում է հանձնաժողով, որից հետո սկսվում են դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ 
Այստեղ հարց է առաջանում, եթե դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին երկու երկրների միջև պայմանագիր չի ստորագրվել, ապա ինչի՞ հիման վրա է ստեղծվում հանձնաժողով ու աշխատանքներ սկսվում։ Ընդ որում, հարկ է նշել նաև, որ դելիմիտացիայի պայմանագիրը հաճախ խաղաղության պայմանագրի մաս է կազմում։ 

Արդյո՞ք Փաշինյանի կառվարությունը Ադրբեջանի հետ արդեն իսկ ստորագրել է պայմանագիր, որն առ այսօր գաղտնի է պահվում հասարակությունից, բայց արդեն իսկ այդ պայմանագրի հիման վրա կատարվում են գործողություններ՝ հանձաժողովի ստեղծում, աշխատանքների մեկնարկ: Իսկ միգուցե Հայաստանի կառավարությունն արդեն, այսպես ասած, «խաղաղության պայմանագի՞ր» է ստորագրել, որի մի մասն էլ դելիմիտացիայի պայմանագիրն է լինում:

Մեր հասարակությունից միտումնավոր թաքցնում են, չեն բացատրում, թե ինչ է ընդհանրապես դելիմիտացիան ու դեմարկացիան, նույնիսկ մոլորության մեջ են գցում սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերվող հարցերում։ Մենք պետք է հստակ գիտակցենք նախ, որ դելիմիտացիայի վերաբերյալ ցանկացած պայմանագիր առնչվում է տարածքային ամբողջականությանը ու նրա ճանաչմանը։ Երկրորդ՝ ինչքան էլ, որ փորձում են պնդել, որ դելիմիտացիան առանձին գործընթաց է և Արցախի հարցի հետ կապ չունի, այն հիմնավոր ու իրական չի կարող լինել, քանի որ սահմանագծում անելով փաստացի և իրավաբանորեն ճանաչվելու են Ադրբեջանի հետ սահմաններն ու այդ սահմաններից ներս գտնվող տարածքները ճանաչվելու են Ադրբեջանի իրավազորության ներքո:

Ինչպես նշեցի դելիմիտացիան կամ սահմանազատումը սովորաբար հանդիսանում է խաղաղության պայմանագրերի կամ պետական սահմանների հաստատման, փոփոխման վերաբերյալ հատուկ պայմանագրերի բաղկացուցիչ մաս: Սահմանազատման ընթացքում պայմանագրի կողմերը, որպես կանոն, քարտեզի վրա՝ առանց երկրի մակերևույթի վրա աշխատանքներ կատարելու, կազմում են սահմանային գծի անցկացման նկարագրությունը։ Վերոնշված քարտեզը պայմանագրում կարող է լինել առանձին հոդվածի կամ հավելվածի տեսքով։ Սահմանները գծվում են աշխարհագրական քարտեզի վրա, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մասը։ Իսկ դեմարկացիան կամ սահմանագծումն արդեն դելիմիտացիայի պայմանագրում նշված աշխատանքների իրականացումն է տեղում՝ երկրի մակերևույթի վրա։

Վերը նշվածից կարող ենք եզրակացնել, որ առանց պայմանագրի ստորագրման դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծել ու դելիմիտացիայի գործողություններ կատարել հնարավոր չէ կամ ոչ լեգիտիմ է: Իսկ բոլոր պնդումները, որ առանց պայմանագրի դելիմիտացիա սկսելու մասին պայմանավորվածություններ են եղել, պարզապես իրական լինել չեն կարող, քանի որ հասկանալի է, որ առանց պայմանագրի հնարավոր չէ սկսել դելիմիտացիա։ 

Դելիմիտացիան ու դեմարկացիան սովորական գործողություն չէ, կամ պարզապես սահմանների գծագրում չէ, ինչպես փորձում են մեզ հրամցնել, այլև իրավական մեխանիզմներ են, որն ուղղակի փոխկապակցված է Արցախի հարցի, Արցախի պետականության, Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի, անվտանգության, ապագայի հետ։ Սահմանների մասին ստորագրված կամ ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ, որտեղ կբացակայի և հատուկ չի շեշտադրվի արցախահայության արդեն իսկ իրագործված ինքնորոշման իրավունքի ճանաչումը ու պաշտպանությունը, ինքնին ուղղակի կերպով կնշանակի Արցախի լրիվությամբ հանձնում Ադրբեջանի իրավազորությանը: Քանի որ հակիրճ ու բոլորին հասկանալի լեզվով ասած` պետական սահմանը երկրի մակերևույթին ուղղահայաց անցնող այն գծերն են, որոնք որոշում են պետության տարածքի սահմանները, որից ներս տարածվում է տվյալ պետության իրավազորությունը՝ այսինքն պետական ինքնիշխանության գործողության տարածական սահմանները։

Սահմանների մասին փաստաթղթի ստորագրումը կդառնա Արցախի պետականության ոչնչացնում, քանի որ Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի սահմանները, իսկ դելիմիտացիան ու դեմարկացիան ոչ այլ ինչ են, քան միմյանց սահմանների ճանաչում, ուստի այն կնշանակի նաև տվյալ սահմաններից ներս գտնվող տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության և իրավազորության ճանաչում, իսկ պետական ինքնիշխանությունը չի կարող թույլ տալ իր տարածքում այլ իշխանության գոյությունը: Ուստի սահմանների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին նշելու, իրավական տեսանկյունից կնշանակի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պետականության փաստացի ոչնչացում և Արցախի տարածքների իրավական հանձնում Ադրբեջանի իրավազորությանը։

Վահե Հարությունյան

Ստեփանակերտ