Ինձ սիրում են երևանցիները և ես չեմ լափի բյուջեն

Ինձ սիրում են երևանցիները և ես չեմ լափի բյուջեն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անսպասելի հրաժարականը քաղաքական դաշտում որոշակի անորոշություն է առաջացրել: Հայաստանի եվրոպական կուսակցությունը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ քաղաքապետի իր թեկնածուն երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այդ որոշման հիմքում Նատալիա Ռոտենբերգին հակադրվելն է եղել, ինչ վերաբերում է վերջնական որոշմանն, ապա այն դեռևս չի կայացվել. «Գուցե Ռուբեն Հախվերդյանին առաջադրենք, գուցե՝ ոչ, դեռ հստակ որոշում չունենք: Ոչինչ չեմ բացառում», - ասում է Խզմալյանը: Երգիչ Ռուբեն Հախվերդյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մի մարդ է, որին երևանցիները սիրում են և որը երբե՛ք չի լափի:

-Պարոն Հախվերդյան, ասում են, որ Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն կարող եք լինել Դուք: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, էդ իրենք են ինձ առաջադրել, ասում են, որ պետք ա ինչ-որ մեկին առաջադրել, որը սիրում ա Երևանը: Ասում են՝ ինձ սիրում են երևանցիները և ես չեմ լափի բյուջեն, բայց թե ես կհամաձայնեմ դառնալ քաղաքապետ, դա հստակ կորոշեմ մայիսին: Դա պետական գաղտնիք է:(ծիծաղում է)

-Այժմ հանդիպումներ, քննարկումներ կուսակցության հետ չե՞ք ունենում:

-Որևէ քննարկում որևէ կուսակցության հետ չեմ ունենում: Եթե ինձ առաջադրեն, որն, ի դեպ, ինձ համար մեծ մինուս է, կմտածեմ:

-Ինչո՞ւ է մինուս:

-Որովհետև չեմ զբաղվի իմ սիրած գործով՝ ձայնագրություններով և հանդես կգամ զոհի կարգավիճակով:

-Ինչո՞ւ զոհի կարգավիճակով:

-Որովհետև չեմ զբաղվելու իմ սիրած գործով…. ժամանակ չեմ ունենա:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց:

-Ես լուրեր չեմ նայում:

-Ասում են՝ Տիգրան Ավինյանն է իշխանությունների միակ ու անփոխարինելի թեկնածուն:

-Ոչ ճանաչում եմ իրեն, ոչ էլ գիտեմ ինչ ա անում: Ես նրան չեմ ճանաչում և ոչ մի բան նրա մասին ասել չեմ կարող:

-Եթե Դուք չառաջադրվեք, կա՞ մի ուժ, որին կվստահեք:

-Չգիտեմ: Մեր ամենասարսափելի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, որի դեմքից ամեն ինչ երևում էր:

-Կարծում եք՝ Հայկ Մարությանից ու Տիգրան Ավինյանից ավելի վա՞տն էր:

-Եկեք նրանց չհամեմատենք: Կարծում եմ՝ Հայկ Մարությանը կարգին մարդ է: