ՀՀ կառավարությունը իր վրա կվերցնի ԼՂ կառավարության պարտավորությունների մեծ մասը

 ՀՀ կառավարությունը իր վրա կվերցնի ԼՂ կառավարության պարտավորությունների մեծ մասը

Գրել էինք, որ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում է ընդգրկված 11 հարց։ Քիչ առաջ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախարարի պնդմամբ՝ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը։ 

«ԼՂ կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները՝ պարտատոմսեր և վարկեր,  Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 միլիարդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջեւ՝ համապատասխանաբար 70% եւ 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը»,-ասաց Հովհաննիսյանը։