Յուրաքանչյուր գործունեություն, ներառյալ՝ ջութակ նվագելը, բնությանը վնաս է տալիս

Յուրաքանչյուր գործունեություն, ներառյալ՝ ջութակ նվագելը, բնությանը վնաս է տալիս

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրինք՝ Ամուլսարի հանքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, որպես բնապահպանության նախարար՝ ինքը խնդիր տեսնո՞ւմ է, հանքի շահագործումը կարո՞ղ է վնասել բնությունը, թե՞ ոչ։

«Յուրաքանչյուր գործունեություն, ներառյալ՝ ջութակ նվագելը, բնությանը վնաս է տալիս։ Հատուկ նյութ կա, որը լարերին է քսվում, որը քիմիական միացություն է, որը վնաս է տալիս»,- ասաց նախարարը։

- Հիմա ի՞նչ եք առաջարկում, ջութակ չնվագե՞ն մարդիկ, թե՞ հանքը չշահագործեն։

- Չեմ առաջարկում։ Խոսքը ռիսկերի մասին է, թե ինչքանով են ռիսկերը կառավարելի, բայց այդ ամենի վերաբերյալ գիտեք, որ քրեական գործ կա հարուցված, Քննչական կոմիտեն ներգրավել է  ե՛ւ տեղական, ե՛ւ միջազգային փորձագետներ, որոնք կուսումնասիրեն, կտեսնեն՝ արդյոք այն եզրակացությունները, որոնք տրվել էին, բավարար չափով մասնագիտորեն հիմնավորվա՞ծ են, թե՞ ոչ, քանի որ գիտեք՝ այդ քրգործը հարուցվել է բնապահպանական տեղեկատվություն թերի ներկայացնելու կամ թաքցնելու շրջանակներում։ Կարծում եմ՝ այդ ազդեցություններից հետո նաեւ մասնագիտական առումով շատ բաներ պարզ կլինեն։

- Բնապահպանության նախարարությունը հանքի շահագործման հետ կապված թույլտվությունների մասով ի՞նչ գործառույթ ունի այստեղ։

- Մենք ունենք բնապահպանական տարաբնույթ լիցենզիաների, եթե, օրինակ, պետք է թափոնների հետ կապված կամ ջրերի օգտագործման, մթնոլորտային օդի, ինչպես նաեւ ՇՄԱԳ-ի գործընթացը։ Բայց լիազոր մարմինն ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է։

- Հիմա, եթե հանքի շահագործման թույլտվություն տրվել է, ուրեմն ե՛ւ էներգետիկայի նախարարությունն է տվել՝ իր մասով, ե՛ւ դուք՝ ձեր մասով, ճի՞շտ է։ Այսինքն՝ դա չի նշանակում, որ այդ հանքի շահագործումը բնապահպանական առումով որեւէ խնդիր չի առաջացնում։

- Տեսեք, Ամուլսարը բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն ստացել է առաջին անգամ 2009 թվականին, հետո՝ 2012 թվականին, հետո՝ 2014 թվականին եւ վերջինը ստացել է 2016 թվականին։ Չորս անգամ տարբեր տարիներին նրանք ներկայացրել են նախագիծ, եւ նախագիծը բնապահպանական փորձաքննության մասով առնվազն դրական եզրակացություն է ստացել նախարարության կողմից, դա այն տեղեկատվությունն է, որը որ բոլորս գիտենք։ 2016 թվականից հետո որեւէ անգամ բնապահպանական փորձաքննության հետ կապված՝ տվյալ կազմակերպությունը չի դիմել։

- Այդ դեպքում քրեական գործն ինչի՞ հիման վրա է հարուցվել։

- Քրեական գործը հարուցվել է Քննչական կոմիտեի կողմից՝ 2016 թվականի եզրակացությունը տալու հետ կապված, թե արդյոք բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք տեղեկացվա՞ծ էին, որ հնարավոր է որոշակի հետեւանքներ եւ ռիսկեր լինեն, եւ քրգործը հարուցվել է հենց այդ շրջանակներում, եւ այդ շրջանակներում էլ Քննչական կոմիտեն ներգրավում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնագետների։

- Հիմա, կարծես, փակուղային վիճակի առաջ է կանգնել կառավարությունը՝ մի կողմից ELARD միջազգային ընկերությունն ուսումնասիրություն է կատարում հանքում՝ պարզելու, թե հանքի շահագործումը կարո՞ղ է վնասել բնությունը, թե՞ ոչ, մյուս կողմից հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի։ Դուք ինչպե՞ս եք այս հարցի լուծումը տեսնում՝ որպես կառավարության անդամ։

- ELARD-ի ուսումնասիրությունների հետ կապված, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչի մասին եք ասում, ենթադրում եմ, որ տարեկան իրենց ընթացակարգային ուսումնասիրություններն են անում․․․

- Խոսքն այն մասին է, որ կառավարությունը մրցույթով 400 հազար դոլար է տվել այդ ընկերությանը, որ ուսումնասիրություն կատարի հանքում։

- Չէ, դա հենց Քննչական կոմիտեն, քրեական գործի շրջանակներում, որպեսզի չսահմանափակվի միայն ներքին ռեսուրսներով եւ լրացուցիչ որոշ ուսումնասիրություններ կատարելու եւ միջազգային փորձագետ վարձելու համար մրցույթ էր հայտարարել։ Այդ փորձագետները վարձվել են Քննչական կոմիտեի կողմից՝ քրգործի շրջանակներում։

- Հիմա Դուք լուծումն ինչպե՞ս եք տեսնում, եթե պարզվի, որ հանքի շահագործումը կարող է վնաս հասցնել բնությանը, չպե՞տք է այն շահագործվի։

- Որպեսզի ե՛ւ ես, ե՛ւ Դուք «եթե»-ներով չպատասխանենք, ոչ էլ Ձեր հոդվածը գրեք «եթե»-ներով, ավելի նպատակահարմար կլինի, որ սպասենք, որովհետեւ այդ քրեական գործի շրջանակներում մայիսի վերջին արդեն նախնական արդյունքներ կտան։