Խախտե՞լ է արդյոք օրենքը արդարադատության նախարարը
Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում օրերս գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
«Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման։ Այսինքն, ամբողջ այն ժամանակահատվածը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ եղել է առևտրային ընկերության փայատեր, բայց իր փայը հավատարմագրված կառավարման հանձնած չի եղել, ապա այդ ամբողջ ժամանակահատվածում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, մինչև 2023թ-ի հունիսի 26-ը, միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով։ Այդպիսի արարքը համարվում է անհամատեղելության պահանջների խախտում և ենթակա է պատասխանատվության։ Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ Իսկ փաստերը պահպանված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շտեմարաններում»:
Արդարադատության նախարարությունն անդրադառնալով փաստաբանի այս գրառմանը պարզաբանում է տարածել, նշելով, որ նոր իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարից․
«Կարգավորումներից որևէ մեկը չի տարածվում նախկինում ծագած հարաբերությունների վրա.
- կարգավորումներից որևէ մեկը չի նախատեսում մինչև դրանց ուժի մտնելը եղած դրության փոփոխություն:
2023 թվականի հունիսի 23-ին Գրիգոր Մինասյանը որոշել է լուծել նախկինում կնքված պայմանագիրն ու կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր: Նոր պայմանագրի կնքումը հաջորդել է հիշատակված օրենսդրական փոփոխությունների ուժ մեջ մտնելուն, հետևաբար այն արդեն կնքվել է առևտրային կազմակերպության հետ և ներկայացվել պետական գրանցման:
Քանի որ մամուլում տարածված հրապարակման հեղինակ փաստաբան Արսեն Բաբայանը ենթադրաբար լիարժեք չի տիրապետում իրավական նոր կարգավորումներին, ուստի հայտարարել է, որ դրանց համաձայն կնքված և պետական գրանցման ներկայացված բաժնեմասի հավատարմագրային կառավարման այս նոր պայմանագիրն առաջինն է, իսկ մինչ այդ նախարար Մինասյանն իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն: Մինչդեռ 2022 թվականի հունվարի 14-ին կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի մասին տեղեկությունն առկա է նաև պարոն Մինասյանի 2022թ. Գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում»:
Փաստաբան Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Արդարադատության նախարարության պարզաբանմանը նշեց, հետևյալը.
«Նախարարն ասում է, որ դեռևս 2022-ին է հավատարմագրված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը գրանցել է պետական ռեգիստրի գործակալությունում: Իսկ իմ նշած պայմանագիրը, որը կնքվել է 2023թ-ի հունիսի 23-ին, օրենքի փոփոխության պատճառով է արվել, թեև, չկար դրա պահանջը: Ինչ վերաբերում է իմ համոզմունքին, որ Մինասյանը խախտել է անհամատեղելիության կանոնը, ապա դրա գնահատողը ոչ ես եմ և ոչ էլ, առավել ևս, պարոն Մինասյանը: Դա պետք է անի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Փաստն այն է, որ պետական ռեգիստրի կողմից մինչև 2023-ի հունիսի 23-ը կնքված պայմանագիրը՝ որևէ այդպիսի այլ պայմանագիր չի գրանցվել» , - ասաց փաստաբանը:
Կարծիքներ