Ո՞ւմ «դաբրոյով» է «Ավանգարդ» ՍՊԸ-ն սպասարկում Հրազդանից-Երեւան երթուղին

Ո՞ւմ «դաբրոյով» է «Ավանգարդ» ՍՊԸ-ն սպասարկում Հրազդանից-Երեւան երթուղին

Այսօր առավոտյան Հրազդանից-Երեւան գնացող հրազդանցիները անակնկալի եկան տաքսու գնի թանկացումից: Իհարկե, սա ապրիլմեկյան կատակ չէր, այլ ճշմարտություն: Ուսանողները, որոնք իրենց գրպանում ունեին 1500 դրամ՝ համալսարան հասնելու համար, վատ վիճակում էին հայտնվել՝ տաքսու գինը 500 դրամից դարձել էր 750 դրամ:

Թանկացումը վատ ընկալվեց հրազդանցիների կողմից, արագ ֆեյսբուքում տարածվեց, որ տաքսու գինը 50%-ով թանկացավ, եւ ոչ ոք չհարցրեց, ո՞վ էր այդ թանկացման հեղինակը:

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի կենտրոնական խաչմերուկից, լույսը դեռ չբացված հերթով, շարքով, կարգով, շարվում են «անհայտ» ծագման տաքսիներ, չգիտես անհատ վարորդներ են, թե որեւէ տաքսու ծառայության ավտոմեքենաներ: Նշենք, որ ամեն մի ուղեւորից 100 դրամ ավտոմեքենայի վարորդը տալիս է դիսպետչերին:

Հրազդանից-Երեւան երթուղին սպասարկվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Նախարարությունն է տենդեր հայտարարում, իսկ շահող կազմակերպությունը երթուղին շահագործում:  

Երկու տարի է Հրազդանից-Երեւան երթուղին չի գործում: Այս մասին մեզ հայտնեցին Կոտայքի մարզպետարանից: Այս ընթացքում «Ավանգարդ» ՍՊԸ-ն տաքսիների միջոցով սպասարկում է Հրազդանից-Երեւան երթուղին: Թե ինչ կարգով է այս ընկերությունը ստանձնել գծի շահագործումը, մարզպետարանում՝ չգիտեին:

Կապ հաստատեցինք ընկերության աշխատակից Արմանի հետ, եւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է թանկացել տաքսու գինը.

«Ամեն ինչը թանկացել ա, դա էլ ա թանկացել: Էսքան ժամանակ ինչը թանկացել էր, մեքենաները չէին թանկացել, հիմա գազը թանկացել է,վարորդները չեն կարողանում աշխատել:

- Որքանո՞վ է գազը թանկացել: 

- Դեռ պարզ չի, օրվա մեջ կիմանանք: 

- Եթե դեռ չի պարզվել, թե գազի գինը որքանով է թանկացել, ինչպես է ստացվում, որ ուղեվարձը թանկացնում եք 50%-ով: 

- Որովհետեւ բոլոր լցակայաններում գազը թանկացել ա, բայցի մեր զապռավկից: Չեն կարում աշխատեն, բերում են մեքենաները թողնում են, գնում են տուն: 

- Ձեր դիսպետչերները, թանկացման դեպքո՞ւմ էլ 100-ական դրամներ կվերցնեն վարորդներից, թե գնի թանկացման հետ կապված դա էլ կթանկանա:

- Չէ էդքան կլինի, բայց ով ա Ձեզ իմ համարը տվել, ինձ էլ մի անհանգստացրեք:

Օրվա երկրորդ կեսին գործին խառնվեց Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը եւ իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ: 

Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ , անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:

Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ»: 

Փորձեցինք Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանից ճշտել, եւ ինֆորմացիա ստանալ «Ավանգարդ» ՍՊԸ-ի մասին, քանի որ այս ընկերությունը սպասարկում է իրականացնում, մարզպետարանում այդ մասին տեղյակ չեն, մի գուցե համայնքապետարանո՞ւմ են տեղյակ, սակայն Պողոսյանը մեր զանգերին չպատասխանեց: