Արտառոց բան ներկայացրին․ կրթության նախարարն ի՞նչ կասի
Արագածոտնի մեր աղբյուրները ահազանգում են Արագածոտնի բարձիթողի վիճակի մասին՝ ում դիմենք, ում խնդրենք, որ մեզ օգնեն,- ասում են նրանք,- մարզպետ է նշանակված մեկը, որը Յանդեքս տաքսու վարորդ, շուկայի հսկիչ է եղել և այսօր պետական կառույցի աշխատողների հետ խոսում է այնպես, ասես կառապանների հետ է խոսում՝ հաթաթներ տալով, դատարաններով վախեցնելով, բոլորին ձեռ է առնում, ահաբեկում, ասում, որ ինքը անձամբ վայելում է Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը՝ իրեն ոչինչ չեն կարող անել, իր մի զանգը հերիք է, որ կողքին հազար հոգի կանգնեն։ Խոսքը 1991 թվականին ծնված Դավիթ Գևորգյանի մասին է, ով, ինչպես տեղեկացնում են, «մարզպետ է դարձել» Աշտարակի 27- ամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի լծակների շնորհիվ։ Քաղաքապետի հայրը փողատեր է՝ սուպերմարկետներով, բանով․․․ Քաղաքապետը եղել է թունդ հանրապետական, ճիշտ պահին փոխեց գլխարկի գույնը, սողալով ու ծառայություններ մատուցելով ՔՊ-ին։
Արտառոց բան ներկայացրին։ Մարզպետ Դավիթ Գևորգյանը ծավալուն ցուցակ է ներկայացրել Արագածոտնի կրթության, սպորտի, մշակույթի վարչության պետ Կարեն Սիմոնյանին՝ մարզի դպրոցի տնօրեններին աշխատանքից ազատելու մասին։ Կարեն Սիմոնյանը մինչ հեղափոխությունն էլ կրթության վարչության պետ էր, փորձառու։ Նա աջակցել է Նիկոլ Փաշինյանին, ընտրությունների ժամանակ արձակուրդ էր վերցրել և աշխատում էր Փաշինյանի համար։ Ասացին նաև, որ Կարեն Սիմոնյանը Աշտարակի համայնքի ղեկավարի ուսուցիչն է եղել։ Կրթության վարչության պետը ընդդիմանում է, ասելով, որ նրանք օրինակելի, փորձառու, հարգանք վայելող դպրոցի տնօրեններ են , և ինքը չի կարող սուտ պատճառ բռնելով, նրանց աշխատանքից ազատել, առավել ևս «նկատողություններ կպցնելով» նրանց դուրս թողնել աշխատանքից։ Կրթության վարչության պետը հրաժարվում է, որից հետո մեծ սկանդալ է լինում մարզպետի աշխատասենյակում։ Մարզպետի գոռգոռոցներից շենքը ցնցվում էր, 52 տարեկան պաշտոնյային «Յանդեքսի նախկին վարորդը» պատին է գամում, և նա աշխատանքից ազատման դիմում է գրում։ Պատմում էին, որ այս պահին կրթության վարչության պետ չունեն և շուկայի նախկին հսկիչն է ձեռնամուխ եղել տնօրեններին աշխատանքից ազատելու ծրագրին։ Տնօրեններից ազատվելու հարցը մարզպետարաններում հեշտացնելու նպատակով ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետարաններին օգնելու նպատակով տեսչական խումբ է ուղարկում մարզի դպրոցներ՝ ստուգումների։ Ասացին նաև, որ մարզպետը տնօրեններին զգուշացրել է, որ եթե իրենց կամքով չհեռանան, ավելի վատ իրենց համար։ Սպառնացել է տեսչական խմբով և դատարանով։ Ասում էին, որ այդ ամենն արվում է քաղաքապետի համար, մարզպետը իր նշանակման համար «պարտք է քաղաքապետին», իսկ եկող աշուն քաղաքապետի ընտրությունն է, և նա արդեն հավաքագրել է նոր դպրոցի տնօրեններ՝ իր մերձավոր շրջապատից։ Ո՞ւմ բողոքենք,-հարցնում են։ Հայաստանում կա՞ այդ մեկը, ով կարող է լսել ու հասկանալ իրենց։ Չի կարելի դպրոցը քանդել, տարբերություն չդնել թաց ու չորի միջև, առաջնորդվել միայն «Էշ լինի, մերը լինի» սկզբունքով։
Կարծիքներ