Պատերազմական գոտու երկինքը պետք է փակել. Հմայակ Հովհաննիսյան 

Պատերազմական գոտու երկինքը պետք է փակել. Հմայակ Հովհաննիսյան 

Որքան ավելի դաժան է դառնում պատերզմական իրավիճակը, այնքան ավելի կոշտ է քաղաքական գործիչների ելույթների տոնայնությունը: 

Պատերազմի 18-րդ օրը Վարդենիսում ադրբեջանական անօդաչուի հարվածից դեռահաս վիրավորվեց կարտոֆիլ հավաքելիս: 

Առաջին  անգամ Հայաստանի ղեկավարը գաղտնազերծեց խաղաղության պայմանները և հրապարակավ «ոչ» ասաց տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին: Պատերազմի 18-րդ օրը առաջին անգամ նա արձանագրեց, որ հայկական կողմը զոհեր ու մեծ կորուստներ ունի հյուսիսային ու հարավային ուղղություններով: Իսկ օգնությունը աշխարհի կողմից կոչերից ու հավասարակշիռ, կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններ հնչեցնելուց այն կողմի չի գնում: 

Ի՞նչ անել այս իրավիճակում: Ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանը: 

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

- Դեռևս 2017 թվականին Ռուսատանը Հայաստանի հետ կնքել է համաձայնագիր Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին: Դա համատեղ կառավարման տարածաշրջանային համակարգ է: Ուրեմն, ինչու՞ չի այդ համակարգը գործում, ինչու չի պաշտպանում մեր երկինքը, ինչու չի ապահովում Հայաստանի Հանրապետության երկնքի արդյունավետ պաշտպանությունը: Այստեղ կա ատոմակայան: Թշնամիները, որ օդից մեզ հարվածում են, ակնարկում են, որ կարող են խփել նաև ատոմակայանին: Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է դիմի Ռուսաստանին, պահանջելով, որպեսզի փակվի Հայաստանի և Արցախի երկինքը, ինչպես արվեց Սիրիայում: Մեր տարածաշրջանում երկնքի վերահսկողությունն անհրաժեշտ է նաև, որպեսզի տարածաշրջան չտեղափոխեն ահաբեկիչների նոր խմբեր, որովհետև դրանց կրում են ինքնաթիռներով: Որպեսզի դրանց չկրեն, պետք է փակեն երկինքը, որպեսզի ոչ մի ինքնաթիռ չթռչի: Թուրքիան իր երկինքը փակել է հումանիտար բեռներով եկող ինքնաթիռների համար, իսկ ՀԱՊԿ-ի բացառիկ պատասխանատվության գոտում Ռուսաստանը չի կարո՞ղ նույնն անել՝ ապահովելով գոնե երկնքում զինադադարը: Սա պետք է արվի շատ արագ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չտուժի և գոնե երկնքում զինադադար հաստատվի: Սիրիայում Ռուսաստանի կողմից այդպիսի ռեժիմի հաստատումը բազմաթիվ քաղաքացիների կյանքերը փրկեց:

- Հիմա ի՞նչ է արվում ՀԱՊԿ մակարդակում: Այնտեղ քննարկում կա Արցախի հարցով, այդ մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: 

- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը  հայտարարել է, որ հանդիպել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որ դեկտեմբերի 2-ին կայանալու է ՀԱՊԿ գագաթաժողով, որի օրակարգում պետք է լինի ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորամիավորումներն Արցախ մտցնելու հարցը, որպեսզի զինադադարը ապահովվի: Բայց այսօր մեզ համար դա չի կարևոր, այս պահին կարևոր է, որ երկինքը վերահսկվի:   

 - Ո՞ւմ է ուղղված Ձեր կոչը: Ի՞նչ ընթացակարգով, ո՞վ պիտի դիմի: 

- Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, դիմում եմ Ազգային ժողովին, որպեսզի դիմեն ՀԱՊԿ-ին և օգտվեն այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված իրավունքներից, օգնություն ստանալու հնարավորություններից: Բա՞ էլ որ օրվա համար է այդ ՀԱՊԿ կոչվածը, եթե Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարել է, որ այսօր հայ ժողովուրդը կանգնել է էկզիստենցիալ կամ գոյատեւական մարտահրավերի առջև: Պետք է դիմենք Ռուսաստանին և մեր տարածքում տեղակայվող ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Նիկոլ Փաշինյանն խոսել  է այդ քայլի հնարավորության մասին, սակայն միայն խոսել է, բայց չէ՞ որ ժամ շուտ այդ քայլն անելով մենք կարող ենք բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել: Չէ՞ որ ռազմաբազայի ՀՀ տարածքում տեղակայման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագրում ամրագրվեց, որ ռազմաբազան կոչված է ապահովել ՀՀ պաշպանությունը, իսկ այսօր թշնամին հրթիռակոծում է նաև ՀՀ տարածքը: Ինչպե՞ս  է ռազմաբազայի անձնակազմը արձագանքել այդ կրակին, որը թափվում է այսօր հայ ժողովրդի գլխին: Ռուսներն ասում են, որ ձեր վարչապետը հայտարարեց, որ պետք լինելու դեպքում ինքը կդիմի, բայց դեռ չի դիմել: Համոզված եմ, որ եթե այսօր չդիմի և ռազմաբազան այս օրհասական պահին իրեն չարդարացնի, ապա վաղը կգտնվեն հայեր, ովքեր հարց կբարձրացնեն. Իսկ ու՞մ համար է այստեղ գտնվում այդ ռազմահենակետը:  Մինչև հիմա ես դիմել էի ամերիկահայությանը, ամերիակահայ երկու հեռուստաալիքներով, որպեսզի իրենք ցույցեր կազմակերպեն Նյու-Յորքում՝  ՄԱԿ-ի նստավայրի առջև, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության Խորհուրդը  պատերազմական գործողությունների տարածքը հայտարարի ոչ թռիչքային գոտի և Ռուսաստանի միջոցով  վերահսկողություն սահմանի ոչ թռիչքային ռեժիմն ապահովելու համար: Դրա համար Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՌԴ -ին՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամի, քանի որ զինադադարը չի գործում: Շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք տանում են նորանոր կյանքեր քաղաքացիական բնակչությունից:  Երկինքը եթե փակվի, այնտեղ հնարավոր կլինի իրականացնել հումանիտար ծրագրեր, ապահովել նաև լրագրողների անվտանգ աշխատանքի հնարավորություն: Այնտեղ հումանիտար աղետ է: Ձմեռ է գալիս, ինչքա՞ն կարող են այդ մարդիկ նկուղներում սառչել: Այսօր մարդիկ մեծ խնդիրների մեջ են: Օդից շարունակվող ռմբակոծությունների, ԱԹՍ-ների մահաբեր հարվածների պայմաններում հնարավոր չէ հումանիտար օգնության կազմակերպումը: Այս խնդիրները կոնկրետ պետք է դրվեն մեր դաշնակից կոչեցյալի առջև: Էլ ե՞րբ պետք է մեզ օգնի, եթե այսօր մենք դրել ենք մեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին մեր ամենաթանկը՝ մեր մատաղ սերնդի կյանքերը:        
 

- Բայց ռուս մեկնաբանները, քաղաքագետները միաձայն ասում են՝ որ Փաշինյանը չի դիմում ՀԱՊԿ: 

- Պետք է դիմի կոնկրետ հարցով՝ երկինքը փակելու: Ամենամեծ վտանգը երկնքից է գալիս: Թուրքիայից նոր ռազմամթերք ու ինքնաթիռներ են գալիս ու երկինքը պետք է փակվի անհապաղ: