Ազատություն, որը լուսավորում է աշխարհը

Ազատություն, որը լուսավորում է աշխարհը

Միայն ենթադրել կարելի է, թե ինչ ակնկալիքներով է Ֆրանսիայի ժողովուրդն Ազատության հուշարձանը 1876 թվականին նվիրել Միացյալ Նահանգներին՝ անկախության 100-ամյակի առիթով: Անկախություն՝ Մեծ Բրիտանիայից: Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել: Վերջերս Եվրոպան եւս «անկախացավ» Մեծ Բրիտանիայից: 

Երբեմն թվում է, թե որոշ բրիտանացիներ խնդիր ունեն «արժանապատվություն» հասկացության հետ: Եվ ահա թե ինչու: Մեծ Բրիտանիան Թուրքիայի հետ գաղտնի պայմանագիր էր կնքել, որ Կիպրոսն իր վերահսկողության տակ վերցնի, մնացածը, այդ թվում հայկական հարցի տնօրինումը՝ թուրքերի: 100 տարի անց թուրքերը խախտում են պայմանավորվածությունը՝ զավթելով Կիպրոսի մի մասը: Ու ոչ մի հետեւանք Թուրքիայի համար: Եթե 1974 թվականին իսկական բրիտանացի, «երկաթե տի­կին» Մարգարետ Թետչերը լիներ վարչապետ, գուցե օդուժ ուղարկեր՝ ի պաշտպանություն Կիպրոսի, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի շահերի: Պարոն Ջոնսոնի թուրք նախապապն էլ սպանվել է Հայոց ցեղասպանության մեղավորներին պատժելու վճռականության պատճառով: Իսկ պարոն Ջոնսոնից՝ արժանավոր օսմանցու թոռից, ոչ մի արձագանք Հարավային Կովկասում Թուրքիայի լկտի պահվածքի վերաբերյալ:  

Ինչեւէ, ըստ սահմանման, ԱՄՆ-ն ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է, բայց որոշ բացառություններով: Այդ բացառություններից մեկը Թուրքիայի նման բռնապետական ու զավթողական երկրին աջակցելն է, նրան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակով օժտելը: Հավանաբար, դա ատավիզմ է, որը մնացել է Մեծ Բրիտանիայից: Այն Բրիտանիայից, որի «նավերը չեն կարողանում բարձրանալ Տավրոսի լեռները»՝ արդեն 100 տարի, բայց ռազմական ինքնաթիռները 1982 թվա­կանին ակնթարթորեն հասան Ֆոլկլենդյան կղզիներ: Հիմա էլ ՆԱՏՕ-ի անդամ թուրքական օդուժին պատկանող ռազմական F-16-ները սպանում են խաղաղ բնակչությանն Արցախում եւ Հայաստանում, խոցում են հայկական ինք­նաթիռ Հայաստանի տա­րածքում: Ինչպե՞ս կարող է ազատություն եւ ժողովրդավարություն քարոզող ու այդ ուղղությամբ գոր­ծուն քայլեր իրականացնող երկրի դաշնակիցը լինել մարդու հիմնարար ազատութ­յուն­ները ոտնահարող, ցեղասպանություններ իրագործող, եվրո­­պացի­ներին փախստա­կաններով, ամերիկացիներին «օսմանյան ապտակով» սպառ­նա­ցող, ռուսական ինքնաթիռը խոցող, ռուս դեսպանին սպանող, ահաբեկ­չական խմբա­վորումների հետ համագործակցող, զավթողա­կան երկիր: Զավթելը, շուրջ­բո­լորը մահեր սփռելը միթե համատեղելի են ազա­տության գաղափարի հետ: 

Կարող է «ազատություն» բառն այլ իմաստ է՞լ ունի: Ասենք, օրինակ, ազատություն բարոյականությունից, ազատություն արժանապատվությունից ու պատվից եւ այսպես շարունակ, իսկ Թուրքիայի համար՝ ազատություն հայերի՞ց:

Այնուամենայնիվ, մենք հավատում ենք Ազատության հուշարձանի խոր իմաստին, մեծ խորհրդին. Ազատություն, որը լուսավորում է աշխարհը (Liberty Enlightening the World): Արցախի Հանրապետության ժողովուրդը ձգտում է ազատության Ադրբեջանից՝ Արցախ աշխարհն ու տարածաշրջանը լուսավորելու համար, ճիշտ այնպես, ինչպես ամերիկացիները ժամանակին նվաճել են իրենց ազատությունը՝ աշխարհը լուսավորելու համար: 

ՀԳ1. Այս տողերը գրելիս հրապարակվեց պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ իրավիճակին համարժեք հայտարարությունը. «Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է եւ ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծաց­նե­լով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակա­մարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր` մոտ 150 հազար բնակ­չությամբ»: Այո, մեծարգո Պոմպեո, դա սարսափելի վտանգավոր է: Իսկ գործո­ղություններ հետեւելո՞ւ են Ձեր հայտարարությանը, օրինակ, Արցախի ժողովրդի արյան գնով նվաճված ազատության իրավունքի, Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում:

 ՀԳ2. Եթե Արեւմտյան Հայաստանի շուրջ ծավալվեին նման իրադար­ձութ­յուն­ներ, ապա Թուրքիայի միջամտությունը գուցե լիներ տրամաբանական: Հայերը, վրացիները եւ Ադրբեջանի տարածքում բնակվող ժողովուրդները պետք է լավ հիշեն ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի կայսրության ձեռք­բերումները, որոն­­ցով Արեւելյան Վրաստանը, Քուր-արաքսյան Միջագետքը, Կասպից ծովի ա­րեւմտյան ափերն անցան Ռուսաստանին: Այն ժամանակ Իրանը հա­մաձայնել է իրերի այդ դրութ­յանը ու երբեք էլ տարածքային հավակնություններ չի ներ­կայացրել այդ տարածաշրջանում, ինչը վկա­յում է իրանցիների քաղա­քակրթա­կան բարձր մակարդակի, հարեւանների հետ խաղաղ գոյակցելու ցանկության մասին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր