Ինչո՞ւ չեք ավարտում աշխատանքը․ Աճառյանի դիտահորերը՝ խոչընդոտ երթևեկության համար (տեսանյութ)

Ինչո՞ւ չեք ավարտում աշխատանքը․ Աճառյանի դիտահորերը՝ խոչընդոտ երթևեկության համար (տեսանյութ)

Երևանի Ավան վարչական տարածքում՝ Աճառյան փողոցի երկայնքով, արդեն մետ երկու ամիս կլինի (կամ գուցե ավել), որ ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Փողոցի ամբողջ երկայնքով՝ «Հարսնաքար» ռեստորանից մինչև Մյասնիկյան պողոտա, մայթեզրի տարբեր հատվածներում խորը փոսեր են փորել և ինչ-որ դիտահորեր են անցկացնում։ Հավանաբար նոր կոյուղի կամ ջրագիծ են անցկացնում, ինչը վատ չէ։ Բայց այդ ամենը ձգվում է շաբաթներ շարունակ։

Փոսերի կողքերը՝ ճանապարհի վրա, մեծ քարեր են շարել և նախազգուշացնող նշաններ տեղադրել, որոնք ակնհայտ խոչընդոտ են հարուցում առանց այն էլ այդ տարածքում մշտապես ծանրաբեռնված երթևեկության համար։ Առաջին գծով երթևեկելիս պետք է շատ ուշադիր լինել, որ պատահմամբ մեքենան չհարվածի քարերին կամ չընկնի փոսը։ Ու մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել, ավելին՝ այդ աշխատանքները կարծես չեն էլ շարունակվում, ամեն օր այդ տարածքով անցնում ենք, ու որևէ անգամ չենք նկատել ,որ այդտեղ աշխատանք է տարվում, որ արագ ավարտեն և փոսերը ծածկեն։

Հավանաբար սպասում են՝ ձյունը գա, փոսերը լցնի, ու համարեն, որ այդքանով իրենց գործը արել-վերջացրել են։ Առհասարակ, մայրաքաղաքում սա միակ դեպքը չէ, երբ փողոցում բարեկարգման կամ նորոգման նպատակով ինչ-որ բան քանդում են ու օրերով այդպես թողնում՝ մինչև որ մեկը մի փորձանքի չի գալիս իրենց փնթի և անպատասխանատու աշխատանքի պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում