Ընթերցանությունը Հայաստանում դառնում է թրենդային

Ընթերցանությունը Հայաստանում դառնում է թրենդային

Գրքի երեւանյան երրորդ փառատոնին այս տարի մասնակցում են 37 հրատարակչություն, գրախանութ եւ կազմակերպություն։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «ՀԲԸՄ Հայաստան» ցուցասրահում եւ դահլիճում: Այն կանցկացվի մինչեւ նոյեմբերի 24-ը։  

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն իր խոսքում նշեց, որ ընթերցանությունն այսօր Հայաստանում շատ թրենդային եւ մոդայիկ է դարձել, շատերն են կարդում եւ սպասում նոր հրատարակությունների։ Նա գրքի երեւանյան փառատոնին մաղթեց միջազգայնացում, որովհետեւ բոլոր նախադրյալները դրա համար Հայաստանն ունի։ «Ինձ համար գրող-հրատարակիչ այս շղթայի մեջ ամենակարեւորն ընթերցողն է, որովհետեւ մեծ բերկրանք է ընթերցանությունը։ Այս փառատոնում ինձ համար կա նաեւ մի գրավիչ հանգամանք եւս․ նոր արտահայտություններ են շրջանառության մեջ դրվում՝ «գրքախառնվել» եւ «գրքոտ աղջիկ»։ Այս բառախաղ-արտահայտությունները շատ սիրել եմ»,- ասաց փոխնախարարը։   

ՀԳՄ հրատարակությունները ներկայացնող բանաստեղծ Շանթ Մկրտչյանի դիտարկմամբ՝ գրքի փառատոներն անհրաժեշտ են, ավելին՝ կարծում է, որ լավ կլիներ, եթե տարվա ընթացքում 2 անգամ լիներ գրքի փառատոն՝ աշնանային եւ գարնանային ձեւաչափի մեջ. «Այդ ձեւով ուշադրություն է հրավիրվում գրքի՝ որպես արժեքի վրա։ Ընթերցողն արդեն աչքով տեսնելով՝ կարող է իր ընտրությունը կատարել։ Գիրքն էլ պետք է տեսանելի լինի, ինչպես մյուս բաները, որ ընթերցողն իր ձեռքը վերցնի։ Չեմ կարող ասել, թե փառատոնն ինչքանով կնպաստի գրքի արտադրությանը, բայց, համենայնդեպս, գրքի արժեքի բարձրացմանը հաստատ կնպաստի, կգան, կտեսնեն, կառնեն, կորոշեն, իսկ ամենակարեւորը՝ կընթերցեն, որը սոսկալի աստիճանով իջած է Հայաստանում»։ Ընթերցանության անկման մասին վկայող որեւէ վիճակագրություն կա՞։ Մկրտչյանն ասաց․ «Խոսքը նաեւ վաճառքի մասին է, որովհետեւ մարդիկ եթե տարվա ընթացքում 60 օրինակ գիրք են վաճառում, դրանից ուրախանում են, իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում 2 հազարից ավելի բանասիրական կրթությամբ մարդիկ կան, դրան գումարած հումանիտար ֆակուլտետներն էլ, ապա կտեսնենք, որ այդ մարդկանց քանակությունը եւ գրքի վաճառքի հարաբերակցությունը ոչ մի կապ չունեն իրար հետ»։ Մկրտչյանը հավելում է, որ տարվա ընթացքում ՀԳՄ-ն մոտ 25 անուն նոր գիրք է լույսընծայում, եթե պետպատվեր է լինում՝ մոտ 60 անուն։ «Կարելի է ավելի լավ գործեր էլ անել, բայց ֆինանսավորման խնդիրներ կան»,- նկատում է նա։    

«Նյու մեգ» հրատարակչությունը Գրքի երեւանյան փառատոնին ներկայանում է առաջին անգամ եւ միանգամից՝ 18 անուն գրքերով, ընդ որում՝ բազմապրոֆիլ գրականությամբ, որոնց մեջ կան սպորտային, քաղաքական, մոտիվացիոն, բժշկական թեմատիկայով գրքեր։ «Նախատեսում ենք նաեւ բիզնեսի հետ կապված մոտիվացիոն գրքեր»,- ասում է հրատարակչության մարքեթինգի վաճառքի պատասխանատու Գոհար Ալեքսանյանը։ Թե ինչպես է «Նյու մեգ»-ին հաջողվում ցանկացած ոլորտի գիրք դարձնել բեսթսելլեր, ապա․ «Սա թիմային աշխատանք է, ոչ մի բան պատահական չէ, ամեն ինչի մասին մենք մտածում ենք, բավականին երկար ընտրում ենք։ Իսկ այն բանաձեւը, թե ինչպես արեցինք, որ այդ համաշխարհային բեսթսելլերները դարձան նաեւ բեսթսելլեր հայ ընթերցողների շրջանակում, դրա մասին Արտակ Ալեքսանյանը փառատոնի շրջանակում հանդես կգա բանախոսությամբ»։

Նա նկատում է, որ հայ ընթերցողների շրջանում մեծ պահանջարկ ունեն սպորտային բեսթսելլերները՝ Ռոնալդուի եւ Մեսսիի մասին գրքերը, որոնք աննախադեպ վաճառք են ունեցել․ «Բայց եթե ընդհանրական ասեմ, ապա Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստն» անգերազանցելի է, որը մի քանի հրատարակություն է ունեցել եւ վաճառվել ավելի քան 5 հազար տպաքանակով»։ Ինչ վերաբերում է փիառ քայլերին, ապա, ըստ Ալեքսանյանի, այն, ինչ անում է «Նյու մեգը», գովազդ կամ փիառ չես համարի, պարզապես գրագետ եւ պրոֆեսիոնալ ձեւով տեղեկացնում են մարդկանց իրենց աշխատանքի մասին։ Ի դեպ, փառատոնի շրջանակներում «Նյու Մեգը» 40 տոկոս զեղչ է հայտարարել իր բոլոր գրքերի համար։ 

«Բուկինիստ»-ի տաղավարում ներկայացված է մոտ 160 անուն գիրք, որի գերակշռող մասը՝ մանկական գրականություն։ «Բուկինիստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանն ընդգծում է՝ տարեցտարի թե՛ հետաքրքրության, թե՛ վաճառքի մասով նկատվում է մեծ փոփոխություն։ «Վաճառքի առումով դարձյալ առաջատար են մանկական գրքերը, օրինակ՝ անցած տարի, քանի որ փառատոնը դեկտեմբերի 1-ին էր, մարդիկ գալիս էին ու արդեն նոր տարվա գնումներ էին անում, հատկապես որ նաեւ փառատոնի շրջանակներում զեղչեր են գործում»։

«Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթեւոսյանի կարծիքով՝ գրքի փառատոնը բավականին աշխուժացնում է գրական պրոցեսները։ Ավելին՝ կարծում է, որ ընդլայնվելու մեծ հնարավորություն ունի, քանի որ նաեւ տարածքն է քչություն անում, մասնակիցները շատ են, ստենդները՝ փոքր, պետք է կամաց-կամաց թափ հավաքել․ «Ու եթե հանկարծ մի օր փառատոնը դառնա միջազգային, շատ լավ կլինի, ցավոք, 2012-ին, երբ դարձանք գրքի մայրաքաղաք, բացի անունից, ուրիշ բան չեղավ։ Բայց հիմա աշխուժություն է նկատվում, ինչը լավ է»։ Մաթեւոսյանն ասում է՝ սա լավ առիթ է, որ հայտարարված զեղչերի արդյունքում մարդիկ գրքերը գնեն համարյա ինքնարժեքով։ «Եթե տարին 2 անգամ լինի՝ առանց այդ համերգների, կարելի է շատ ֆունկցիոնալ անել»,- նկատում է նա։   

Գրքի երեւանյան երրորդ փառատոնն այս տարի անցկացվում է նոյեմբերի 22-24-ը, որի շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:
Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում անցկացվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ, ընդ որում 43-ը՝ «Պոեզիա», 34-ը՝ «Արձակ», 10-ը՝ «Դրամատուրգիա» անվանակարգերում։ Փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին։ Նույն օրը համերգով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը եւ «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը: