«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ն անցել է նախկին ռեժիմին ու նախկին աշխատավարձերին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ն անցել է նախկին ռեժիմին ու նախկին աշխատավարձերին

2020 թ. ապրիլի 4-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ որպես քովիդ կլինիկա, ընդունեց իր  առաջին հիվանդին։ Շուրջ երկու տարի ԲԿ-ն դարձել էր մասնագիտացված հիվանդանոց եւ բացառապես քովիդ էր բուժում։ Իսկ հունիսի 1-ից կրկին վերապրոֆիլավորվել է՝ վերադառնալով նախկին՝ մինչհամավարակային ռեժիմին:

«Որպես բազմապրոֆիլ կենտրոն, մենք մեր դռներն ենք բացել աննախադեպ հագեցվածությամբ, ու նորություններով: Ունենք տարածքի, ծավալի ու հնարավորությունների առումով՝ աննախադեպ դիագնոստիկ բաժանմունք: Կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, որոնք Հայաստանում առաջին անգամ են ներդրվում: Օրինակ՝ հոդի ՄՌՏ՝ շարժման ընթացքում, օնկոլոգիական հիվանդությունների նկարագրություն «ռեցիստ» համակարգում, Երևանում բացառիկ՝ «SLOT» ռենտգենոգրաֆ, որ թույլ է տալիս շատ քիչ ճառագայթումով 3-5 րոպեում ստանալ 145 սմ երկարությամբ ամբողջական պատկեր:  Մեր համակարգչային շերտագրմնա սրահներում տեղադրված են բոլյուս ներարկիչներ, որոնք հնարավորություն են տալիս կոնտրաստ նյութի ներարկումն իրականացնել առանց մի սրվակից մյուսը տեղափոխելու: Մեզ ունենք հագեցած վերակենդանացման բաժանմունք, ամբողջությամբ թվայնացված լաբորատորիա, նախադեպը չունեցող վիրահատարաններ՝ ըստ վիրաբուժական պրոֆիլների: Վիրահատարանները հագեցած են բացառիկ ու նորագույն մանրադիտակներով, էնդոսկոպներով, շեյվերներով, սոնոգրաֆներով և այս շարքը շարունակական է: Մեր թիմին են միացել առաջատար մասնագետներ և ոչ միայն Հայաստանից: Մենք լուրջ հայտ ենք ներկայացրել կրծքային ու անոթային վիրաբուժություններում՝ վստահաբար հավակնելով դառնալ Հայաստանի Հանրապետության ու  տարածաշրջանի բարձր նշաձողը»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի հանրային կապերի համակարգող Աիդա Կարապետյանը։ Նա նշեց, որ վերապրոֆիլավորման շրջանակներում ինֆեկցիոն բաժանմունքները դարձել են նեղ մասնագիտական բաժանմունքներ, այնպես ինչպես համավարակից առաջ էր, այսինքն՝ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ։

Աիդա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ իսկ բուժանզնակազմի հետ կապված փոփոխություններ եղե՞լ են, տեղեկացրինք, որ խմբագրություն են դիմել իրենց հիվանդանոցի բուժաշխատողներ, ովքեր, բողոքում են, որ աշխատավարձերի դրույքաչափերի իջեցում է կատարվել։ Մասնավորապես՝ մեզ հայտնել են, որ եթե 2017 թվականին  մեկ հերթապահության համար վճարվում էին 20 հազար դրամ, կորոնավիրուսային շրջանում՝ 25 հազարից մինչև 30 հազար դրամ, վերաբացումից հետո մեկ հերթապահությունը դարձել է 18 հազար դրամ։ Եւ աշխատավարձերի դրույքաչափերի իջեցման պատճառով աշխատողների մեծ մասը դուրս է եկել աշխատանքից։ «Բժշկական կենտրոնում անձնակազմի կրճատումներ չկան: Եղել են փոքրաթիվ փոփոխություններ՝ քովիդ համավարակով պայմանավորված: Մեր թիմը պարբերաբար համալրվում է, սկսած՝ կրտսեր անձակազմից մինչև բժիշկներ: Կադրային հոսունությունը ցանկացած կազմակերպությունում բնականոն գործընթաց է։ Այդ հայտարարությունը բացառապես կեղծիք է, նման բան չկա։ Առհասարակ աշխատակիցների աշխատավարձերի մասին տեղեկությունը կոնֆիդենցիալ գաղտնիք է, հրապարակման ենթակա չէ»։

Փորձեցինք, նաև զրուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի հետ, սակայն հանրային կապերի պատասխանատուն հայտարարեց․ «Տնօրենին զանգելու անհրաժեշտություն չկար, որովհետև, եթե ես այստեղ եմ՝ ես եմ զբաղվում այդ հարցերով։ Տնօրենը ոչ մի լրատվամիջոցի հետ չի խոսում և որպես պաշտոնական պատասխան համարելով՝ նշեք, թե որ աշխատակցի մասին է խոսքը, մենք էլ պարզաբանում կտանք։ Խոսակցություններն աշխատավարձերի իջեցման հետ կապված համարում եմ անտեղի և կեղծ»։

Բնականաբար մեզ դիմած աշխատակցի անունը չենք նշի, որովհետեւ հազարավոր դեպքեր գիտենք, երբ բողոքող աշխատողների հետ հաշվեհարդար են տեսել։ Ինչ վերաբերում է որակումներին, որն օգտագործում է ԲԿ մամուլի պատասխանատուն, ապա մենք հիմք չունենք չհավատալու մեզ դիմած անձի խոսքերի ճշմարտացիությանը եւ աշխատավարձերը չեն կարող կոնֆիդենցիալ տվյալ համարվել՝ մենք կոնկրետ անձանց վարձատրությունը չենք հարցնում, այլ դրույքաչափերը։ Եւ եթե պաշտոնական տեղեկատվություն տրամադրեին մեզ 2017 թվականից մինչ օրս աշխատավարձերի դրույքաչափերի վերաբերյալ, կկարողանայինք խոսել կեղծ կամ ճշմարտի տեղեկատվության մասին։

Կարապետյանը զրույցի վերջում ընդգծեց, որ զանազան գործոններով պայմանավորված՝ մշտապես վերանայվում են ծառայությունների մատուցման արժեքները, իսկ քաղաքացիների համար մատուցվող անվճար բժշկական ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակում։