ԱՄՆ դեսպանատան տարօրինակ զգուշացումը

ԱՄՆ դեսպանատան տարօրինակ զգուշացումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներքին օգտագործման համար մի հաղորդագրություն է տարածել, որով տարօրինակ զգուշացում է անում իրենց քաղաքացիներին, որ տոնական օրերի մոտենալու հետ հարկավոր է լինել ավելի ուշադիր նույնիսկ շփումներում եւ շրջապատի ընտրության հարցում, քանի որ այդ օրերին, խոսքն Ամանորի եւ Սուրբծննդյան ոչ աշխատանքային օրերի մասին է, որպես կանոն, «Հայաստանում շատանում են այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք են կողոպուտը, գողությունները, բնակարանային գողությունը, գրպանահատությունը եւ այլն»։ Հայտարարության մեջ գրված է նաեւ, որ ծայրահեղականները կենտրոնանում են տուրիստական վայրերում, ինչպես, ասենք՝ առեւտրի կենտրոնների, օդանավակայանների, ակումբների, ռեստորանների, պաշտամունքային կառույցների, տրանսպորտային հանգույցների եւ այլ խոցելի վայրերի, ուր հաճախ են այցելում Արեւմուտքի մարդիկ։ Ուստի դեսպանատունը հորդորում է տոնական եւ այլ միջոցառումների ժամանակ լինել ուշադիր եւ զգոն։ Հայտարարությունը տեղադրված է դեսպանատան կայքում, անգլերեն լեզվով։ Մեզ ասացին, որ սա աննախադեպ հայտարարություն է՝ անցյալում երբեք ԱՄՆ դեսպանությունը նման հայտարարություն-հորդոր չի տարածել Հայաստանում։ Մենք կապվեցինք դեսպանատան հետ, որտեղ, ի դեպ, զարմացան, թե ինչպես ենք մենք այդ հայտարարության մասին տեղեկացել, քանզի իրենք նման հաղորդագրություն լրատվամիջոցներին չեն տարածել, դա ներքին սպառման համար է։ 

Մեր հարցին՝ մի՞շտ է ԱՄՆ դեսպանատունը նման հաղորդագրություններ տարածում եւ ի՞նչ նպատակով, դեսպանատան մամուլի ծառայությունից մեզ տվեցին հետեւյալ պատասխանը․ «Արտերկրում բնակվող կամ ճանապարհորդող ամերիկացիների անվտանգության ու ապահովության հարցերն ԱՄՆ պետքարտուղարության առաջնահերթ խնդիրներից են, ուստի աշխարհի տարբեր երկրներում գործող ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսարանները հրապարակում են տեղեկություններ անվտանգության եւ ապահովության հարցերին առնչվող իրավիճակի վերաբերյալ՝ պայմանավորված նաեւ սեզոնային որոշակի դրսեւորումներով, ինչպիսին է, օրինակ՝ տոների շրջանը: Տեղեկատվությունը նախատեսված է ճանապարհորդող ամերիկացիների համար, որպեսզի նրանք պատկերացում ունենան, թե անվտանգության մասով ինչ ռիսկեր կարող են լինել, եւ հոգ տանեն իրենց անձնական անվտանգության մասին»։


Իսկ վերջին անգամ ե՞րբ են Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ուղղված նման զգուշացում ուղարկել, ԱՄՆ դեսպանատնից չպատասխանեցին այդ հարցին։ Թերեւս պետք է համաձայնեցնեին Վաշինգտոնի հետ, որը մեկ օրվա հարց չէ։