Ընտրությունն այլեւս Եռաբլուրի եւ Դեր Զորի միջեւ է

Ընտրությունն այլեւս Եռաբլուրի եւ Դեր Զորի միջեւ է

Այո, ցավոք, այսօրվա Հայաստանի ընտրությունն այլեւս Եռաբլուրի եւ Դեր Զորի միջեւ ընտրություն է: Ընտրություն, որը, ավաղ, ոչ թե մեր կամքով, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով մեզ պարտադրված իրողություն է: Իրողություն, որն այլեւս կախված չէ մեզանից, իրողություն, որը չենք կարող անտեսել, որից չենք կարող փախչել:
Այս առումով, որքան էլ մենք փորձենք գտնել «միաժամանակ ե՛ւ պատերազմից, ե՛ւ հայրենազրկումից խուսափելու եղանակներն ու ձեւերը, միեւնույն է՝ չենք հաջողելու: Չենք հաջողելու, որովհետեւ, ի տարբերություն խաղաղության, պատերազմի համար մեկ կողմն էլ բավական է: Իսկ մեզ համար «պատերազմի այդ կողմը» դարեր շարունակ եղել եւ մնում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Տանդեմ, որը երբեք չի հասկացել ու երբեք էլ չի հասկանալու «միաժամանակ ե՛ւ պատերազմից, ե՛ւ հայրենազրկումից խուսափելու» մեր ցանկությունը, որի համար անընկալելի է եղել եւ անընկալելի է լինելու մեր «խաղաղասիրությունը»: 

Իսկ այդ՝ «չի հասկացել ու երբեք էլ չի հասկանալու»-ի ապացույցները պետք չէ, որ շատ հեռվում փնտրենք: Դրանք կան, ու դրանց ամենավառ օրինակը Փաշինյան Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու այդ օրակարգի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի վերաբերմունքն է: Վերաբերմունք, որն ապացուցում է, որ ամենեւին էլ այնպես չէ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմն Արցախից ու Սյունիքից միայն մեկն է ուզում, ու եթե մենք նրան տանք այդ մեկը, ապա կարող ենք խաղաղ ու հանգիստ ապրել: Ճիշտ հակառակը՝ այդ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ այդ տանդեմը մեզնից ոչ թե մեկին կամ ինչ-որ մաս, այլ ամբողջն է ուզում: Եվ ուզում է ոչ թե երբեւէ, այլ հիմա ու շատ արագ: 

Այս առումով, ինչպես ցույց է տալիս մեր եւ նրանց պատմությունը, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հասկացել եւ երբեք էլ չի հասկանալու մեր «խաղաղասիրությունը», իսկ մեր ճշմարտությունն ընդունել է միայն այն ժամանակ, երբ այդ ճշմարտությունը բռունցք է ունեցել:

Եվ եթե նույնիսկ հիմա՝ 44-օրյա պատերազմից հետո էլ, մենք դեռ չենք հասկացել, որ գալիք պատերազմներից միայն միջազգային հանրության միջնորդությամբ կամ մեր «խաղաղությանը նվիրված լինելու» հավաստիացումներով չենք կարող խուսափել, ուրեմն մենք ո՛չ քաղաքականությունից եւ ո՛չ էլ մեր հարեւաններից բան չենք հասկանում: Չենք հասկանում, որովհետեւ, եթե քաղաքականությունից կամ մեր հարեւաններից բան հասկացող լինեինք, ապա 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հասկացած կլինեինք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձարձակություններից խուսափելու միակ միջոցն այդ սանձարձակություններն ուժով սանձելն է:

Պետք է հասկացած լինեինք, բայց չենք հասկացել: Չենք հասկացել ու դրա համար էլ մեր թուլությունն ու փոքրաթիվությունը պատճառ բերելով, մեր ապաշնորհությանն ու անճարակությանը խոհեմության պատմուճան հագցնելով, շարունակ փորձել ենք ու փորձում ենք արդարացնել ճիշտ ուղուց մեր շեղվելը: Ճիշտ ուղի, որը միայն «երկիրն ամեն օր պատերազմի պատրաստող» ճանապարհների որոնում է ենթադրում: Այո, արդեն իսկ պարզ է, որ այս անգամ եւս մենք այդ ուղով չենք գնալու: Չենք գնալու ու այդ չգնալով, հերթական անգամ ստիպված ենք լինելու այդ ուղին ուրիշների հավաստիացումների ու խոստումների հետ փոխանակել:

Վերջում մնում է ավելացնենք, որ մենք չգիտենք ու չենք էլ ուզում իմանալ, թե «ում համբերության մասին է» այսօրվա Հայաստանի քաղաքականությունը, բայց փոխարենը գիտենք, թե «ինչերի միջեւ» պետք է լինի վաղվա Հայաստանի ընտրությունը, ու ինչի մասին պետք է լինի նրա քաղաքականությունը: Այդ ընտրությունը, ցավոք, Եռաբլուրի եւ Դեր Զորի միջեւ արվող ընտրությունն է, իսկ նրա քաղաքականությունը «երկիրն ամեն օր պատերազմի պատրաստելուն» վերաբերող քաղաքականություն պետք է լինի: Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, թե այդ պատերազմը կլինի այսօր, վաղը, թե չի լինի ընդհանրապես: Առավել կարեւորն այս երկրում պատերազմին ավելի լավ պատրաստվելու ավանդույթների ձեւավորումն է: Իսկ այդպիսի ավանդույթի արմատավորումն այս երկրին պետք է ոչ թե նրա համար, որ նա պատերազմ է ուզում, այլ այն պատճառով, որ այդպիսին են նրա հարեւաններն ու նրանց աշխարհաքաղաքական նպատակները, որ այդպիսին են նրա աշխարհագրությունն ու նրան շրջապատող աշխարհը:


Գայուստ  Սարգսյան