Կույր Եվրոպայի ծափահարությունները Փաշինյանի «ժողովրդավարության կենացին»

Կույր Եվրոպայի ծափահարությունները Փաշինյանի «ժողովրդավարության կենացին»

Եվ այսպես, շոուների ու ծափերի մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության եւս մի փայլուն շոու ներկայացրեց, այս անգամ՝ Եվրախորհրդարանում: Նրա ելույթի մեկ րոպեում տասն անգամ հնչեց «ժողովրդավարություն» բառը: Տպավորություն էր, թե Հայաստանի վարչապետը ելույթ էր ունենում 2018-ի հեղափոխական Երեւանի հրապարակում: Տպավորություն էր նաեւ, թե «հանդիսատեսը» ոչ թե Եվրախորհրդարանի «հազար մաղով անցած» ու ժողովրդավարության գիտակ եվրապատգամավորներն են, այլ՝ միամիտ, անփորձ ու «փրկչի» խոստումներին հավատացող 2018-ի հայ հասարակությունը:

Ժողովրդավարության ձեռքը կրակն ընկած ու չարչարանքներ կրող երկրի ղեկավարին ուշադիր լսում էին եվրոպացիները, ոմանք՝ գլուխները կախ, հավանաբար, մտովի զարմանք ապրելով փաշինյանական ստերից: Ոմանք էլ՝ դեմքի լուրջ արտահայտությամբ, գլխով հաստատում էին նրա ասածները: Հատկապես Փաշինյանի ելույթի հակառուսական հատվածի ժամանակ այդ գլուխներն ավելի արագ էին վերուվար լինում: Իսկ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ չարչարանքների միջով է անցել ու անցնում երկրի «ծայրահեղականների»՝ ընդդիմության, ռուսների ու նրանց գործակալների երեսից, որոնք չեն թողնում, որ ինքը ժողովրդավարությունը մինչեւ վերջ հասցնի:

Ըստ Փաշինյանի՝ Արցախի հարցում ճշմարտության լեզվով խոսող Եվրախորհրդարանը Հայաստանի բարեփոխումների հիմնական աջակիցն է: Փաշինյանը գոհունակությամբ հիշեց, որ այդ աջակցության շնորհիվ է բարեփոխվել Հայաստանի ոստիկանական համակարգը: Բայց «մոռացավ» ասել, որ այդ բարեփոխված ոստիկանությունը դարձել է իր անձնական անվտանգությունն ապահովելու, իշխանությունը պահելու, ընդդիմադիրներին ծեծի ու ջարդի ենթարկելու, որդեկորույս մայրերին գետնին քարշ տալու գործիք: Արեւմուտքի փողերով բարեփոխված ոստիկանությունը կանանց ու անչափահասներին բռնության ենթարկելու, ընդդիմախոսների գլխին գործեր սարքելու, հանրահավաքներ ցրելու, լուսաձայնային նռնակներ նետելու եւ նման այլ «ժողովրդավարական» միջոցառումներ կազմակերպելու հզոր միջոց է: Հավանաբար, եվրապատգամավորներն էլ չեն տեսել Հայաստանում նման բաներ, չեն լսել նման երեւույթների մասին…

Փաշինյանը խոսեց ժողովրդավարական ընտրությունների մասին, բայց «մոռացավ» ասել, որ Հայաստանում ընտրությունից ընտրություն ասֆալտը դառնում է բազմապրոֆիլ քաղաքական գործոն, որի վրա կա՛մ «փռում» են ընդդիմախոսներին, կա՛մ այն «լիզել» են տալիս: Այո, նաեւ այդ ասֆալտով է միայն տեսանելի, որ Հայաստանում որոշակի բարեփոխում կա, շատ ճանապարհներ են ասֆալտապատվում, տարիներ ի վեր ասֆալտի երես չտեսած փողոցներ: Ու, հավանաբար, Եվրախորհրդարանի ամբիոնից հնչեցրած՝ հայաստանյան տնտեսության 70 տոկոսանոց աճից առաջացած գումարները միայն ասֆալտի վրա են ծախսվում, քանի որ ՀՀ քաղաքացին ոչ միայն իր կյանքում 70 տոկոս բարեկեցության աճ չի զգում, այլեւ սկսել է վատ ապրել, շատ վատ...
Իսկ ասֆալտ, իսկապես, արվում է: Պարզապես ընտրությունից ընտրություն քաղաքական գործոն դարձող ասֆալտի բիզնեսը ՔՊ-ականներինն է: Ի դեպ, ժողովրդավար Փաշինյանը «մոռացավ» խոսել նաեւ առանց մրցույթի, մեկ անձից գնումներով տենդերներ շահելու մասին, «մոռացավ» նշել, որ իր աշխատակազմի ղեկավարի հովանու տակ բազմամիլիոնանոց միջոցառումներ են կազմակերպվում, երգիչներ են Հայաստան հրավիրվում եւ եթե անգամ չեն գալիս, նրանց հոնորարն ամբողջությամբ վճարվում է ՀՀ բյուջեից: 

Բայց, միեւնույն է, Եվրոպայի ամենաբարձր ամբիոնից նա արձանագրեց, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մենաշնորհ չկա, կառավարության հաշվետվողականությունն էլ աննախադեպ աճել է: Այն կառավարության, որի նիստերում քննարկվող 10 հարցից 9-ը չզեկուցվող է: Իսկ արտաքին քաղաքականության մասին հարցին էլ հաշվետվողական վարչապետը պատասխանում է. «Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»: Եվրապատգամավորները, հավանաբար, չեն տեսել նաեւ Փաշինյանի նախընտրական՝ հայտնի «բանտիկով մուրճը»։ «Ժողովրդավար» Փաշինյանին հոտնկայս ծափահարող պատգամավորները, հավանաբար, չգիտեն, որ Հայաստանում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, նրանց մեջ կան երկու անչափահաս երեխաների մայր, արցախցի ուսանողներ: Չգիտեն, որ մարդկանց անհիմն անազատության մեջ պահելով՝ նրանց հասցնում են մահվան դուռը, ինչպես Արմեն Գրիգորյանին, Մանվել Գրիգորյանին: Կա համայնքապետ, որին բանտարկել են, որ համայնքապետի պաշտոնը խլեն։ Կա նախարար, որին բանտարկել են, որ Նիկոլ Փաշինյանի վրայից պատերազմի պարտության մեղքը նրա վրա բարդեն եւ այլն։ 

ՀԳ․ Ակնհայտ է, որ եվրապատգամավորները Փաշինյանին ծափահարում են ոչ թե ժողովրդավարության մասին «կենացի» համար, այլ՝ հակառուսական ելույթի: Ու կծափահարեն, քանի դեռ նրան որպես գործիք կարող են օգտագործել՝ ՌԴ-ի դեմ ելույթներ ունենալու, քայլեր անելու համար։ Անգամ՝ Հայաստանն աշխարհաքաղաքական մեծ պատերազմի թատերաբեմ դարձնելու գնով: Այսպես ծափահարում էին նաեւ Զելենսկուն...