Էրդողանը նախագա՞հ է, թե՞ ծաղրածու

Էրդողանը նախագա՞հ է, թե՞ ծաղրածու

Թուրքիայի, ավելի ստույգ՝ վերջինիս իրավանախորդ Օսմանյան կայսրության մասին դեռեւս 19-րդ դարի կեսերին մի ճշմարտություն է ասվել ռուսական Նիկոլայ I ցարի կողմից` “Турция - это больной человек Европы”, որը երկու հարյուր տարի չի մոռացվում: Մեծ հաշվով՝ որովհետեւ Նիկոլայ I-ի թեւավոր արտահայտությունը ոչ միայն ճշմարտություն էր արդեն մայրամուտին հասած, բայց Նիկոլայ I-ից հետո քայքայման ու խորտակման ընթացքով դեռ մեկ դար էլ գոյություն քարշ տված Օսմանյան կայսրության մասին, այլեւ մարգարեություն եւ ճշմարտություն եղավ 20-րդ դարի Թուրքիայի մասին: 

18-րդ դարավերջից սկսված Օսմանյան կայսրության անկման ժամանակներից վեր,  սուլթանների եւ Բարձր դռան հիմնական մտահոգությունն այն էր, որ անընդհատ դաշնակիցներ փնտրեին ու մի ճամբարից մյուսն անցնեին Եվրոպայի մեծ տերությունների դիմակայություններում: Մե՛կ Միացյալ Թագավորության ու Ֆրանսիայի դաշնակիցն էին, մ՛եկ Ռուսական կայսրության, մ՛եկ Գերմանիայի, միով բանիվ` երբ ում հետ պատահեր ու ինչ գնով հաջողվեր, միայն թե մի ճամբարում լինեին, հանկարծ միայնակ չմնային, որ չոչնչացվեին: Թուրքիայում դարերի վաղեմություն ունեցող մի ասույթ կա․ «Թուրքիան երեք կողմից շրջապատված է ծովով, չորս կողմից` թշնամիներով»: Թուրքերը գիտակցում էին, որ իրենց ատում են բոլորը, որպես հետամնաց, տափաստանային վայրենիների, որ Հեռավոր Արեւելքից Առաջավոր Ասիա ու Եվրոպա հասնելով ոչ միայն մահ եւ ավերածություն են սփռել, այլեւ, ինչն ավելի մեծ ատելության ու հիշաչարության պատճառ է դարձել, արգելակել են տեղի առաջադեմ ու մեծապես զարգացած ժողովուրդների բնականոն առաջընթացը, ինչի համար էլ թուրքերին ատում էին Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր ժողովուրդները` քրիստոնյա հայերից, հույներից ու ասորիներից մինչեւ մահմեդական արաբներ ու ավելի հեռավոր եվրոպական ժողովուրդներ: 
Եվ այդ անթաքույց ատելության ծովում գոյատեւելու համար սուլթաններն ու Բարձր դուռը անվերջ ու բոլորին վաճառվելու քաղաքականություն էին որդեգրել, ինչն էլ հիմք էր տվել՝ Օսմանյան կայսրությունը Եվրոպայի հիվանդ մարդ համարելու: Այդուհանդերձ, սուլթաններն ու նրանց նազիր-վեզիրները երբ ճամբար էին փոխում, դա անում էին փակ բանակցություններում եւ տարիների ընթացքում, քեմալական Թուրքիան էլ այս կամ այն չափով նույն ընթացքն ու շրջադարձերն էր շարունակում, ու հաստատ ոչ մեկը չէր հասել այնպիսի ծաղրածուի վարքի, ինչ այսօրվա նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է աշխարհին ի ցույց դնում: 

Ինչ միայն արժեր Էրդողանի՝ գլուխը տմբտմբացնելն ու բանախոսների հետ համաձայնելը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում, երբ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարվում էր ՆԱՏՕ-ի «ամենամեծ ու անմիջական սպառնալիք», Ուկրաինայի դեմ սանձազերծված ռուսական ագրեսիային տրվում էին մարդկության դեմ հանցագործության գնահատականներ, եւ քվեարկվում էր ՆԱՏՕ-ի նոր Strategic Concept-ը` բոլոր հակառուսական նորամուծություններին: Դրանից երկու-երեք շաբաթ անց Էրդողանն այս անգամ էլ գլուխը տմբտմբացրեց ու ասվածի հետ համաձայնեց Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ արդեն ՆԱՏՕ-ն էր աշխարհի վատագույն կառույց ու վտանգ հռչակվում, Իրանի Այաթոլլան, թե նախագահն էլ հայտարարում էին, որ եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Ուկրաինայում չկանգնեցներ, ՆԱՏՕ-ն հարձակվելու էր Ղրիմի վրա: Որքան էլ հասկանալի լինի Իրանի ու Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին հայհոյելը, որեւէ կերպ չի կարող հասկացվել Էրդողանի` երկու շաբաթվա ընթացքում երկու հակառակ ճամբարներում գլուխը ցուցադրաբար տմբտմբացնելը: Իսկը ծաղրածուի վարք: 

Նույն ծաղրածուության ու խեղկատակության շարքից էր նաեւ երեկ Պոլիսի Դոլմաբախչե պալատում կազմակերպված արարողությունը: Այն, որ Ուկրաինայի դեմ ՌԴ սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր Թուրքիան գլուխ է ցավեցնում իբր Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդական առաքելություններ իրականացնելու եւ անփոփոխ զրոյական արդյունք գրանցելու ջանքերով, հանրահայտ է: Երբ Անկարայում մի տասնյակ անգամ տապալվելուց հետո ի վերջո հասկացան, որ իրենք նույնքան հնարավորություն ու նախադրյալ ունեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը դադարեցնելու, որքան Մարս կամ Յուպիտեր թռչելու, վերջապես մի պահից լռեցին: 

Այնուհետ միջնորդության շրջանակներն անհամեմատ նեղացրին եւ համեստացրին արդեն ընդամենը հացահատիկի արտահանման միջնորդությունից խոսելով: Եվ վերջին երկու շաբաթում Թուրքիայից բոլորի գլուխն էին ցավեցնում, թե իբր հուլիսի 22-ին Պոլիսում Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնագիր են կնքելու՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը Սեւ ծովով վերականգնելու համար: Երկու շաբաթ բոլոր հնարավոր հարթակներում ինքնացուցադրվելուց ու շեփորահարելուց հետո երեկ պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե համաձայնագրի մասին է, այլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած հացահատիկի արտահանման ինչ-որ պլանի, այդ պլանն իրագործելու շուրջ ոչ թե Ռուսաստանն ու Ուկրաինան են որեւէ համաձայնագիր կնքում, այլ նրանցից յուրաքանչյուրն առանձին փաստաթուղթ է ստորագրում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարի հետ, Աքարի հետ ստորագրված թղթերն էլ հայտնի չէ, թե ինչ են կոչվում, ոչ էլ գոնե հայտնի է, թե ինչ են նախատեսում: 

Մի խոսքով, դատարկ ու սնամեջ ինքնացուցադրության հերթական արար միջազգային լրատվամիջոցներում, որ դարձել է Էրդողանի միակ մտասեւեռումը` երկրի ներսում անկում ապրող իր վարկանիշի խորքին: Կամ գուցե` պատճառով: