Ադրբեջանը ձգտում է խորացնել Հայաստանի մեկուսացումը

Ադրբեջանը ձգտում է խորացնել Հայաստանի մեկուսացումը

Հայաստանի ԱԳՆ խոսնակը, հարցազրույցով պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, ենթադրում է, որ Ադրբեջանը կարծես այնքան էլ շահագրգռված չէ երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակմամբ: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ շահագրգռված չի եղել ճանապարհների ապաշրջափակմամբ։ Հակառակը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի էլ ավելի համապարփակ շրջափակման, այդ թվում՝ Իրանի հետ ցամաքային կապից զրկելով: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը մշտապես փորձել է իրագործել այդ նպատակը, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնելով:

Ինչո՞ւ Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի հետ ունեցած ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների ապաշրջափակմամբ: Այս հարցի պատասխանն առավել քան պարզ է. այդ ապաշրջափակումն Ադրբեջանին չի տալիս որեւէ նոր հնարավորություն, որը նա մինչեւ այժմ չունի: Փորձենք դիտարկել դրանք առանձին-առանձին՝ հասկանալու համար, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է ինչ-որ կերպ շահագրգռված լինել Հայաստանով անցնող ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: 

Ընդունված է մտածել, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանը կարող է ավտոմոբիլային կապ հաստատել Նախիջեւանի հետ: Բայց Ադրբեջանն արդեն ունի Նախիջեւանին կապող ավտոմոբիլային ճանապարհ, որն անցնում է Իրանի տարածքով: Կարո՞ղ է որեւէ մեկն ասել, թե Ադրբեջանի համար ինչ տարբերություն՝ Նախիջեւանի հետ կապվում է Արաքսի ա՞ջ, թե՞ ձախ ափով։ Ուրիշ բան, եթե լիներ միջանցք, եւ ադրբեջանցիներն օգտվեին էքստերիտորիալության իրավունքից, իրենց մեքենաները չանցնեին մաքսային զննում եւ անարգել անցնեին այդ ճանապարհով: Այդ դեպքում նրանք, իհարկե, կնախընտրեին այդ տարբերակը: Բայց եթե Հայաստանը պետք է մաքսակետեր կահավորի Ադրբեջանի եւ Նախիջեւանի սահմանին, ապա ադրբեջանցիների համար ի՞նչ տարբերություն՝ նրանց նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնում են հա՞յ, թե՞ իրանցի մաքսավորները: Ավելին՝ Ադրբեջանի համար իրանական ճանապարհն ավելի նախընտրելի է, քանի որ անցնելով Հայաստանի ճանապարհով՝ նրանք ուղղակի եւ անուղղակի ճանաչում են Սյունիքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը, ինչը հիմա կասկածի տակ է դրվում Ադրբեջանի իշխանության կողմից: 

Երկաթուղու ապաշրջափակումն Ադրբեջանի համար ընդհանրապես անիմաստ է: Ադրբեջանը տարիներ շարունակ հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել, այդ թվում՝ Իրանին արտոնյալ վարկեր տրամադրելու միջոցով այդ երկրի հետ երկաթուղային կապն ընդլայնելու համար: 2018թ. գործարկվեց Աստարա Ռեշտ երկաթուղին, որի միջոցով Ռուսաստանը եւս հնարավորություն ստացավ երկաթուղային կապ հաստատել Իրանի հետ: Ադրբեջանական Նախիջեւանը եւս երկաթուղային կապ ունի Իրանի հետ, որը գործել է դեռեւս խորհրդային տարիներին: Այնպես որ, ի՞նչ իմաստ ունի Ադրբեջանի համար հայ-ադրբեջանական երկաթուղու ապաշրջափակումը: Դրանով Հայաստանը կարող է երկաթուղային կապ հաստատել Իրանի եւ Ռուսաստանի հետ: Մինչդեռ Ադրբեջանի խնդիրը Հայաստանը հնարավորինս շրջափակման մեջ պահելն է, եւ պարզ չէ, թե ինչու դրանից պետք է հրաժարվի հիմա՝ ապաշրջափակելով երկաթուղին:

Երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակման դեպքում Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով կապ հաստատել Թուրքիայի հետ: Բայց Ադրբեջանն այդպիսի կապ ունի Վրաստանի միջոցով: Ադրբեջանը հասավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը, եւ Ադրբեջանի համար որեւէ իմաստ չունի նույն Կարսի հետ կապվել Գյումրիի միջոցով: Ավտոմոբիլային ճանապարհների հարցը քննարկելն ավելի անիմաստ է, քանի որ Հայաստանի՝ Թուրքիայի հետ ունեցած միակ ավտոմոբիլային անցակետը կապ է ապահովում Թուրքիայի առավել թերզարգացած եւ տնտեսապես ոչ ակտիվ հյուսիս-արեւելքի, ավելի կոնկրետ՝ Իգդիրի հետ: Ի՞նչ են կորցրել ադրբեջանցիներն Իգդիրում կամ Բայազեթում, որ պետք է Հայաստանով գնան այնտեղ:
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ հարյուր միլիոնավոր դոլարներ չի ծախսել Հայաստանի շրջափակումը կազմակերպելու համար, որ պատերազմում հաղթելուց հետո բարի կամք դրսեւորելով՝ վերացնի այդ շրջափակումը:

Ընդհակառակը՝ Ադրբեջանը փորձելու է պատերազմի արդյունքներն օգտագործել Հայաստանն էլ ավելի ծանր շրջափակման ենթարկելու համար, զրկելով մեզ Իրանի հետ ունեցած ցամաքային սահմանից, որը հնարավոր է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծման միջոցով: Եթե Ադրբեջանին դա չհաջողվի անել քաղաքական ճնշումների միջոցով, անելու է կրկին պատերազմ հրահրելով: Առայժմ նա սպասում է հարմար աշխարհաքաղաքական առիթի՝ հընթացս իր զինված ուժերը պատրաստելով այդ խնդրի լուծմանը: Մնում է հասկանալ, թե մենք ինչ ենք անում՝ դա թույլ չտալու համար:

Ավետիս Բաբաջանյան