Իրանը մտահոգ է, որ Թուրքիայի դիրքերը կարող են ուժեղանալ մեր տարածաշրջանում․ իրանցի քաղաքագետ

Իրանը մտահոգ է, որ Թուրքիայի դիրքերը կարող են ուժեղանալ մեր տարածաշրջանում․ իրանցի քաղաքագետ

Իրանը միշտ հայտարարել է, որ դեմ է երրորդ կողմերի ներկայությանը տարածաշրջանում․ դա կբերի հակասությունների խորացման և շահերի բախման, տարածաշրջանը կդառնա գերտերությունների, ուժային կետնրոնների բախման թատերաբեմ և դա Իրանին մտահոգում է։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին։
«Իրանին մտահոգում է նաև այն, որ այլ ուժերի ներկայությունը կարող է վտանգ ստեղծել Իրանի անվտանգության համար և տարածաշրջանում իրենց ներկայությունն օգտագործել Իրանի դեմ։ Իրանն անհանգիստ է նաև այն հանգամանքից, որ այդ ուժերը կարող են ամրապնդել Թուրքիայի դերն այս տարածաշրջանում»,-ասաց Հոսսեյնին։

Դա Իրանի շահերի դեմ է, ու այստեղ համընկնում են նաև Հայաստանի ու Իրանի շահերը, որովհետև հայկական պետական ու ազգային շահին հակասում է մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը, ինչը լուրջ անվտանգային խնդիրներ է ստեղծելու։ Սրանով է պայմանավորված այն, որ Իրանը միշտ դեմ է արտահայտվում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը տարածաշրջանում։ Հոսսեյնին շեշտում է, որ երբ Իրանն ասում է, որ տարածաշրջանի երկրները պետք է մեր տարածաշրջանի խնդիրները լուծեն, ամենևին չի նշանակում, որ այդ խնդիրները պետք է լուծեն Թուրքիան կամ Ադրբեջանը, Իրանն այդպես հայտարարելով՝ նկատի ունի հենց իր դերը՝ անվնտանգային հարցերը լուծելու տեսանկյունից։

«Իրանը ցույց է տվել այս տարածաշրջանում անվտանգային հարցերում իր դերակատարությունը, նույն Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման չեզոքացումը և բոլորը խոստովանում են այդ մասին։ Նաև Էրդողանը հարցազրույցներից մեկում ինքն է խոստովանել, որ եթե Իրանը չլիներ՝ Զանգեզուրի միջանցքը իրականություն կդառնար և Իրանը մեծ խոչընդոտ է հանդիսացել դրա իրականացման ճանապարհին», նշեց իրանցի քաղաքագետը։
Եւ այդ հարցում մեծ դեր են խաղացել Իրանի զորավարժություններն ու զորքերի առկայությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Հենց Իրանն է, որ մեր տարածաշրջանում կարող է անվտանգային երաշխավորի դեր ստանձնել ու ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը՝ համոզված է իրանցի քաղաքագետը։