ՀԱՊԿ-ն հարգում է Հայաստանի որոշումը․ գլխավոր քարտուղարը փակագծեր է բացել

ՀԱՊԿ-ն հարգում է Հայաստանի որոշումը․ գլխավոր քարտուղարը փակագծեր է բացել

Երևանը վերջերս չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Երևանը իսկապես վերջերս չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվ բազային համապատասխան»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվելիք և ընդունված որոշումների մասին։ «Ինչ վերաբերում է ՀՀ պաշտոնյաների հայտարարություններին, նշեմ, որ քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու մասին»,-ընդգծել է Տասմագամբետովը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները 2021 -2022 թթ․ Ադրբեջանի հետ սահմանին Բաքվի սանձազերծած հերթական ռազմական ագրեսիայի ժամանակ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է կապերը Երևանի հետ՝ պարզաբանելու Փաշինյանի հայտարարությունները։