Ռոբերտ Քոչարյանը վերցնե՞ր, թե՞ չվերցներ մանդատը

Ռոբերտ Քոչարյանը վերցնե՞ր, թե՞ չվերցներ մանդատը

Ուղիղ մեկ ամիս մտորելուց հետո, Սահմանադրական դատարանի որոշումից 2 օր անց, Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մանդատից։ «Այս քայլով նաեւ իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի ու Հայաստանի նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածուի»,- հայտնել էր Քոչարյանը։ Դաշինքում Քոչարյանի մանդատը վերցնել-չվերցնելու հետ կապված՝ 2 իրարամերժ մոտեցում կար․ մի մասը կարծում է, որ Քոչարյանն «ուսապարկերի» հետ մի դահլիճում չպետք է նստի, մյուսները՝ հակառակը․ մտածում են, որ այդ կազմով շատ ավելի ներկայանալի ու ուժեղ կլինեն։ Դաշինքն ընտրած մարդկանց որոշակի հատվածի մոտ հիասթափություն կա, ավելի ճիշտ՝ հարց․ մի՞թե այս պայքարի նպատակն այն էր, որ մի խումբ դաշնակցականներ կամ այլ ընդդիմադիրներ մտնեին ԱԺ։ Ի վերջո, մարդիկ ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին։

Հետաքրքրվեցինք, թե քաղաքական ուժերն ինչպես են գնահատում Քոչարյանի հրաժարականը։ ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն ասաց․ «Ես անդրադարձել եմ էդ թեմային, ասել եմ, որ կհրաժարվի մանդատից, որովհետեւ, ըստ էության, ինքը, մի կողմից, խորհրդարանում անելու բան չունի, մյուս կողմից էլ իրեն էնտեղ հետաքրքիր անելու բան չկար։ Տրամաբանական էր։ Մենակ ես չէի կանխատեսում, այլ շատ-շատերը»։ Ասում են՝ ՔՊ-ում այնքան են ուրախացել Քոչարյանի այդ քայլից, որ անգամ շամպայն են բացել։ Աղազարյանն ասաց․ «Միակ մարդը, որ կարար շամպայն խմեր, որ շատ-շատ վախենում ա իրանից, էդ ես եմ, ես էլ չեմ խմել։ Ես վախկոտ գելխեղդ եմ»։

Իսկ Քոչարյանո՞վ, թե՞ առանց Քոչարյանի ավելի ուժեղ կլինի խորհրդարանական ընդդիմությունը։ «Ոնց որ ժողովուրդն իրեն քաղաքականապես թաղեց, եթե ինքը գար խորհրդարան, կլիներ իր յոթն ու «քառսունքը, հետեւաբար, ինքն էնտեղ անելու բան չուներ։ Ինքն ի՞նչ պետք է աներ՝ ելներ ամբիոնից ելույթնե՞ր ունենար հայերեն լեզվով կամ իր խմբակցությա՞նը մարտի մղեր»։ Նկատեցինք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստին լավ էլ հայերենով բացատրում էր Նիկոլ Փաշինյանին, թե ինչ չէր կարելի անել։ Աղազարյանը հակադարձեց․ «Եթե գտնում եք, որ ինքը նորմալ հայերեն է խոսում, ապա իմ ու Ձեր պատկերացումները` հայոց լեզվին տիրապետելու իմաստով, տարբերվում են»։

«Պատիվ ունեմ» դաշինքի գրեթե բոլոր պատգամավորացուները տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին խոսել, առաջարկում էին զանգահարել Արթուր Վանեցյանին։ Իսկ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ասաց՝ ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ այլ դաշինքի ղեկավարի որոշումը։ «Հայաստան» դաշինքից էլ շատերը հրաժարվեցին խոսել։ Միայն դաշնակցականներ Տարոն Տոնոյանը եւ Լիլիթ Գալստյանը չխուսափեցին։ Տարոն Տոնոյան․ «Ես կողմնակից էի, որ․․․ մենք ուզեցել ենք, որ ինքը վերցնի, բայց իր որոշումն է, մենք էլ հարգում ենք իր որոշումը»։

Հարցին, թե Քոչարյանով ավելի՞ ուժեղ կլինեին, Տոնոյանը պատասխանեց՝ էլի մենք միասին ենք, բայց էդպես ավելի ճիշտ կլիներ։ Լիլիթ Գալստյանն էլ ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշումն է, որը հարգում են։ Գնահատում է նրա «առաջնորդությամբ» դաշինքի արձանագրած արդյունքները՝ հաշվի առնելով հասարակության բարոյահոգեբանական, քաղաքական ահաբեկչության ու հետապնդումների մթնոլորտը, չավարտված պատերազմը, թուրքերի ներկայությունը ՀՀ տարածքում։ «Այս մթնոլորտում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ղեկավարությամբ մեր դաշինքը, իմ կարծիքով, լրջագույն ճեղքում է իրականացրել։ Մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրողների ընդամենը 26 տոկոսի ձայները, եւ մենք, վստահ եմ, մեր 29 մանդատներով կկարողանանք թե՛ մեր քաղաքական օրակարգերը ներկայացնել հանրությանը, թե՛ նաեւ թմբիրից հանել հայ ժողովրդին, որը, իմ խորը համոզմամբ, բարոյահոգեբանական ճնշումների եւ այլ պատճառներով չի գիտակցում։ Ինքս շատ կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակեր պայքարը մեզ հետ խորհրդարանում։ Նա շարունակելու է լինել «Հայաստան» դաշինքի առաջնորդը, եւ նրա աջակցությունն ու առաջնորդությունը կտեսնեք թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական պայքարում։ Եվ քանի որ մենք որդեգրելու ենք քաղաքական պայքարի բոլոր հնարավոր քաղաքական եղանակները՝ թե՛ խորհրդարանական ձեւաչափերը, թե՛ արտախորհրդարանական, միջազգային օրենքներով ու կոնվենցիաներով պայմանավորված՝ մեր պայքարը շարունակելու ենք։ Մեր օրակարգը չի փոխվել 20 թվականի նոյեմբերից»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Փորձեցինք լսել նաեւ արտախորհրդարանական ուժերի կարծիքը։ ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանն ասաց․ «Դրականի ու բացասականի խնդիր չէ։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ֆիզիկական ներկայությունն ԱԺ-ում՝ լիագումար նիստերին շատերի համար կարող էր զսպաշապիկ հանդիսանալ, բայց նա էն մարդը չէ, որ ընդամենը իր ֆիզիկական գոյությամբ զսպաշապիկ լինի։ Նա անգամ անազատության մեջ էր զսպաշապիկ դարձել Նիկոլ Փաշինի համար։ Էդպես էլ գրեք՝ Նիկոլ Փաշինի ու իր թիմի համար։ Ու, իմ կարծիքով, եթե ինքն այդպես է նպատակահարմար գտել, ուրեմն պետք է համակերպվենք էդ որոշման հետ։ Ուրեմն այդպես է ճիշտ»։

Դեմկուսից Արամ Սարգսյանն ասաց․ «Ոչինչ չի փոխվի, երբ որ Ռոբերտ Քոչարյանը մասնակից լինի բոլոր քննարկումների ելեւէջներին եւ դրսից ղեկավարի խմբակցությունը։ Իր ֆիզիկական ներկայությունը, չգիտեմ, իրոք որքանո՞վ էր ճիշտ լինելու, եթե վերցներ մանդատը»։

ԱԺԲ-ից Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ դա ուշադրության արժանի երեւույթ չէ»։ Ալբերտ Բաղդասարյանն էլ լրացրեց՝ ռուսական պրոյեկտներով չեմ հետաքրքրվում։