Խաղը սկսված է․ Բայդենն ու Թրամփը հաղթել են Միչիգանում

Խաղը սկսված է․ Բայդենն ու Թրամփը հաղթել են Միչիգանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզիչ հաղթանակ է տարել Միչիգանում դեմոկրատների նախնական ընտրություններում (փրայմերիզներում)։ Քվեաթերթիկների 99 տոկոսը մշակելուց հետո պետության գործող ղեկավարը ստացել է ձայների 81,1 տոկոսը, գրում է The Washington Post-ը։

Ավելի քան 100 հազար ընտրող՝ քվեարկածների 13,3 տոկոսը, ընտրել է «չեմ կողմնորոշվել» տարբերակը, որը դիտորդները մեկնաբանում են որպես բողոք՝ Բայդենի՝ ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում Իսրայելին աջակցելու դեմ, նշում է հրատարակությունը։

Նշվում է, որ դա Բայդենի պոտենցիալ խոցելիության նշանն է շարքային դեմոկրատների շրջանում։
Նույն օրը Միչիգանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է հանրապետականների փրայմերիզում։ Նրա արդյունքը 68,2 տոկոս է, Թրամփի միակ մրցակիցը՝ Նիկի Հեյլին, ստացել է 26,5 տոկոս։ «Չեմ կողմնորոշվել» տարբերակը ընտրել է հանրապետական ​​ընտրողների 3,0 տոկոսը։

Միչիգանը այսպես կոչված երերուն նահանգներից մեկն է, որոնց թիվն ԱՄՆ-ում 13 է։ Այս նահանգները դեմոկրատների կամ հանրապետականների օգտին քվեարկելու պատմական ավանդույթ չունեն և ժողովրդականության գրեթե հավասար մակարդակ ունեն երկու կուսակցությունների համար: Միաժամանակ, նույն այս նահանգներում քվեարկության արդյունքները նախկինում որոշիչ դեր են խաղացել ընտրությունների արդյունքների վրա։

Հանրապետականներն առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին կորոշեն հուլիսի կեսերին կայանալիք կուսակցության համագումարում, դեմոկրատները՝ օգոստոսի կեսերին։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։