Վճարեցին՝ մենք էլ կաշխատեք. «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները 1 օր է՝ չէին աշխատում

Վճարեցին՝ մենք էլ կաշխատեք. «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները 1 օր է՝ չէին աշխատում
Երեկվանից «Հարավկովկասյան երկաթուղու» բոլոր մասնաճյուղերում՝ Հրազդանում, Վանաձորում Գյումրիում և Երևանում աշխատողները գործադուլ են սկսել․ պատճառը այս ամիս չվճարված պարգեւավճարներն են: Հրազդան քաղաքում «Հարավկովկասյան երկաթուղու» ուղևորատար եւ բեռնատար գնացքները կանգնած են ու չեն աշխատում: Գնացքների մեքենավարներն ու օգնականները մեզ հետ զրույցում ասացին, որ արդեն 1 օր է, ինչ գնացքները չեն աշխատում եւ չեն աշխատի այնքան ժամանակ, մինչեւ ղեկավարությունը իրենց չվճարի չվճարված գումարները. «Մեր աշխատավարձը կախված է մեր աշխատաժամերից: Մենք մեր աշխատանքային ժամերը կատարել ենք, եղել է, որ գերակատարել ենք, բայց այսօրվա դրությամբ իրենք մեր աշխատավարձը նվազեցնում են, թե ինչի՞ համար, ի՞նչ պատճառով, մենք չենք կարող ասել: Պարգեւավճարը կախված է մեր աշխատավարձից, մեզանից 25-50 հազար դրամ պահում են արել»,-ասացին աշխատակիցները:



Մեքենավար Էլամիրյան Նորայրը նշում է, որ իրենք իրենց առաջ դրված պարտավորությունները կատարել են, անգամ անբարենպաստ եղանակներին աշխատել առանց որեւէ խնդիր առաջացնելու:



«Ղեկավարությունից երեկ 1 հոգի է եկել, որի հետ համաձայնության չենք եկել: Ասում էր, աշխատեք, մյուս ամիս լավ կլինի: Մենք ասեցինք՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ մյուս ամիս մենք կստանաք մեր այս ամսվա 25%-ը, դրան գումարած նախորդ ամսվա գումարը: Նա ասաց, որ ոչ մի երաշխիք չի կարող տալ: Մենք էլ իրենց ասել ենք, որ կոլետիվ որոշել է, չենք աշխատի: Մենք իրենց հետ կշփվենք եւ կբանակցենք այն դեպքում, երբ մեր չվճարված գումարները նստած կլինեն մեր հաշվի վրա: Մենք չենք ցանկանում, որ հետագայում լինի էնպես, որ ուզենան տան պարգեւավճար, չուզենան՝ չեն տա: Մենք չենք ուզում հրաժարվել մեր աշխատանքից, պարզապես ուզում ենք մեր պակաս ստացած գումարները»,- ասաց մենքնավար Վահագն Հարեյանը եւ հավելեց, որ Հրազդանի կայարանում այս պահին 4 գնացք կանգնած է, որից լոկոմոտիվները գնում են դեպի Զոդ, մյուս երկուսն էլ՝ Զոդից ոսկու հումքով պետք է շարժվեն դեպի Արարատ:



«Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ-ի տնօրինության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Նյութը պատրաստ էր հրապարակման, մեզ զանգահարեցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները եւ ասացին, որ իրենց գումարները արդեն վճարել են, իրենք էլ՝ իրենց խոսքի համաձայն պատրաստվում են աշխատել:



**Նելլի Կարապետյան**