Հրազդան գետից միչեւ մաքուր օդ. Հրազդանում բնապահպանական խնդիրները բազմազան են

Հրազդան գետից միչեւ մաքուր օդ. Հրազդանում բնապահպանական խնդիրները բազմազան են
Երեկ ողջ օրը Հրազդան գետը պղտոր գույն էր ստացել: Հրազդանցիները անհագստացած այս իրավիճակից խնդիրը բարձրաձայնում են, իսկ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ [Մհեր Եղիազարյան](http://kotayk.mtad.am/structure/bio/9/) խնդրից անտեղյակ է: Ի՞նչն է եղել գետի պղտոր լինելու պատճառը, թերեւս քաղաքում շրջանառվում էր 2 հանգամանք՝ կամ գետում մեծ քանակությամբ շինաղբ են լցրել, կամ էլ՝ ցեմենտի գործարանում մոտ օրեր առաջ վթարի արդյունքում շլամը լցվել է գետը:



Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ [Մհեր Եղիազարյանն](http://kotayk.mtad.am/structure/bio/9/) անգամ տեղյակ չէր, որ գետը պղտորվել է, ասաց, որ մեզանից է լսում այդ մասին, անգամ մեզ հարցրեց. «Չգիտեք, թե ինչի՞ է գետը պղտոր»:



Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետ Մկրտիչ Վանոյանի հետ: Մեզ հետ զրույցում Վանոյանն ասաց, որ ահազանգ են ստացել Հրազդան գետի վերաբերյալ, եւ գետից ջուր վերցրել փորձաքննության համար. «Մենք տեսուչ ուղարկեցինք Հրազդան, այս պահին գետը մաքուր է, կարող է անձրեւներից լինել: Գետի ջրից ուղարկել են փորձաքննության, դեռ պատասխանը չենք ստացել»:



**-Պարո´ն Վանոյան, հնարավո՞ր է, որ գետի ջուրը պղտորվի ցեմենտի գործարանից դեպի գետն հոսող ինչ-որ մնացորդային նյութերից:**



-Այդ հարցը մենք նայել ենք: Ցեմենտի գործարանը արդեն 3 օր է չի աշխատում անսարքության պատճառով: Էդ տարբերակը բացառենք:



**-Երբ աշխատում էր ցեմենտի գործարանը, տեսչության կողմից չափումներ կատարվե՞լ են պարզելու օդում՝ փոշու քանակը:**



-Չափումներ մեր կողմից չեն իրականացվել: Բողոքների հիման վրա մենք որոշեցիք ստուգումներ անել, բայց հիմա գործարանը չի աշխատում: Սպասենք աշխատի, նոր ստուգումներ անենք: Մարզում շատ աշխատանք ունենք, բայց ողջ մարզում ունենք 4 տեսուչ, որ չեն հասցնում աշխատանքները կատարել:



**-«Առողջ Հրազդան» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգված լինելով մարզում ջրային ռեսուրսների մասնավորի կողմից բնական աղբյուրների անօրինական օգտագործման փաստերով, դիմել էր նախարարություն տեսչական ստուգումներ իրականացնել հյուրանոցներում, հանգստի գոտիներում և ռեստորաններում օգտագործվող ջրերի ծագման աղբյուրները բացահայտելու, բնական աղբյուրները սեփական կարիքների համար օգտագործողների ցանկն ու ջրօգտագործման օրինականության հիմքերը պարզելու համար։ Այս ուղղությամբ տեսչությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկել:**



-Հենց այս պահին արդեն մենք 20 տնտեսվարողի մոտ սկսել ենք այդ գործընթացը: Սկսել ենք Ծաղկաձորից, քանի որ Ծաղկաձորում այդպիսի խնդիրները քիչ են: Բոլորը պետք է զննվի, ով ունի հորեր՝ այդ օբյեկտները ունեն թույլտվություն, իսկ ով չունի ստուգում կարվի, կերեւա: Վերջում ասելու ենք, ով ինչ ջրից է օգտվում:



**-Այս տարիների ընթացքում երբեւիցե ստուգվե՞լ է, թե հյուրանոցները, հանգստի գոտիները և ռեստորանները ինչ աղբյուրներից են օգտվում:**



-Մենք գիտենք, թե որ հանգստյան գոտին ինչ աղբյուրից, ինչ թույլտվությունով է օգտվում: Մենք տեղյակ ենք, ուղղակի կարող է թույլտվությունը երկարացրած չլինեն, դա արդեն նախարարության խնդիրն է:



**Նելլի Կարապետյան**