Բագրատյանն ասաց, ԱՎԾ-ն հաստատեց, կառավարությունը հակադարձեց

Բագրատյանն ասաց, ԱՎԾ-ն հաստատեց, կառավարությունը հակադարձեց
Արդեն մի քանի օր է, ինչ գործադիրի տնտեսական եւ ֆինանսական բլոկի պատասխանատուները փորձում են ցրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ «Շանթի» ելույթից հետո ստեղծված նեգատիվ տպավորությունը։ Ելույթում կանխատեսված էին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք հրապարակվեցին հոկտեմբերի 22-ին՝ տնտեսական աճի նվազում, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի ավելացում (արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը՝ 28.6%-ով), արդյունաբերության զրոյական աճ, ներդրումների շեշտակի նվազում։



Նախկին վարչապետն ասել էր, որ տնտեսական աճի տեմպը կազմում է 6.5%, մինչդեռ թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր, որ այն ամսեամիս շարունակելու է իջնել, որ ներդրումներն առաջին 9 ամիսներին նվազել են 11 անգամ, որ արտահանումը եւս անկում է ապրում, ինչը հանգեցնելու է դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում։ Ստացվում է՝ Բագրատյանն ասաց, ԱՎԾ-ն հաստատեց։



Ապա Հրանտ Բագրատյանին Նիկոլ Փաշինյանը հակադարձեց ողջ ֆինանսատնտեսական թիմով։ Հոկտեմբերի 25-ին վարչապետը հատուկ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում տնտեսության պատասխանատուները միայն դրական սպասումներից ու միտումներից էին խոսում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցում էր, որ մինչեւ տարեվերջ հարկերի գծով բյուջեն կատարելու են։ ԿԲ նախագահը վստահեցնում էր, որ տարեվերջին գնաճը 3-3,5 տոկոսից չի անցնելու։ Տնտեսական ակտիվությունը, ըստ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի, 6.5 տոկոս է, որն ավելի բարձր է անցյալ տարվա 9 ամիսների ցուցանիշից՝ 5,8 տոկոս։ Արտահանման ոլորտում արձանագրվել է 11.5 տոկոս աճ: Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է նպատակադրվածին բավականին մոտ ցուցանիշ՝ 4 տոկոս, ծրագրված 5 տոկոսի փոխարեն, շինարարության ոլորտում՝ 7.6 տոկոս՝ ծրագրված 6.1 տոկոսի փոխարեն, ծառայությունների ոլորտում՝ 19.1 տոկոս՝ ծրագրված 8 տոկոսի փոխարեն:



Մինչեւ տարեվերջ գնաճը ցածր է լինելու՝ 3-3,5 տոկոս, բայց կանխատեսված էր 4։ Հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք եւ ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսաշրջությանը եւ գյուղատնտեսությանը: Խորհրդակցությունում հնչած ցուցանիշների վերաբերյալ մի քանի հարց տվեցինք Հրանտ Բագրատյանին։



**-Պարոն Բագրատյան, բերվում են արդյունաբերության թվեր, որ առավել խոշոր 275 ձեռնարկություններ թողարկել են մոտ 875 մլրդ դրամի արտադրանք, այսինքն՝ այնքան, որքան արտադրվել է 2017 թվականին։ Այսինքն՝ արդյունաբերությունը, այնուամենայնիվ, աշխատե՞լ է։**



-Այո, բայց դա ոչինչ չի տալիս։ Աճ՝ որպես այդպիսին, չի գրանցվել։ Իրենք իմ հարցին չեն պատասխանում։ Ընդամենը ասում են, որ կոնկրետ այսքան ապրանք է թողարկվել։



**-Տնտեսության ակտիվությունն անցյալ տարվանից բարձր է եղել՝ 6,5 տոկոս՝ 5,8-ի համեմատ։ Սա վա՞տ է։**



- Ես ասել եմ, որ տնտեսության ակտիվությունը 9,7-ից իջել է 6,5։ Իսկ իրենք ասում են, որ այն ավելի բարձր է, քան անցյալ տարի։ Բայց չէ՞ որ այս տարի ծրագրված էր 7 տոկոս աճ։ Նոյեմբերին կտեսնեք, որ ցուցանիշը կրկին կիջնի։ Ամեն ամիս մեկ տոկոսով իջնում է։ Իմ հարցադրումն այն է, որ ստանալով 10 տոկոսանոց աճով տնտեսություն՝ 4 ամսվա արդյունքներով կառավարությունն ունեցել է 6,5 տոկոսանոց աճ։ Այն, որ սա ավելի շատ է, քան թե անցյալ տարի, այդ մասին չենք խոսում, բայց անցյալ տարի նոյեմբեր-դեկտեմբերին տնտեսական աճ է եղել, որն այս տարի չի լինելու։ Տարին փակվելու է 3 տոկոս տնտեսական աճով։ Ստացվում է, որ պայքարում էինք իշխանափոխության համար, որպեսզի 10 տոկոսի փոխարեն ունենանք 2,5-ից երե՞ք տոկոս։ Իրենք չեն պատասխանել իմ հարցին։ Իմ հարցը սա է՝ ինչո՞ւ է աճի տեմպն իջնում։ Ինչո՞ւ հունվար-ապրիլին Կարեն Կարապետյանի կառավարությունը հասել էր 9,7 տոկոս աճի, իսկ հունվար-մարտին՝ նույնիսկ 11 տոկոս աճի, ինչո՞ւ ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո այդ թվերը ոչ թե բարձրանում են, այլ կատաստրոֆիկ իջնում են։



**-Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, տարեվերջում մենք ունենալու ենք ցածր գնաճ՝ ընդամենը 3,5, հնարավոր է՝ նույնիսկ 3 տոկոս գնաճ։ Բայց մեր առօրյայում ցանկացած քաղաքացի նկատել է, որ գների ավելի մեծ աճ է տեղի ունեցել։ Ձեր կարծիքով, թվերը ցածր չե՞ն ներկայացվում։**



-Մենք չենք կարող հաշվել գնաճը։ Դիտարկումներ պետք է արվեն, դա անհնարին է հաշվարկել։ Վիճծառայությունը 700 հոգի աշխատող ունի, այդ 700 հոգին դիտարկումներ են անում հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում, դրան գումարած՝ դիտարկումներ է անում նաեւ ԿԲ-ն։ Ինչպե՞ս կարող եմ ես այդ թիվը ստուգել։



**-Եվրոպական ներդրումային բանկը 50 մլն եվրո արտոնյալ վարկ է տալիս արտահանման խթանման համար։ Սա մե՞ծ թիվ է։**



-Ոչ։ Դա ընդհանրապես թիվ չի։ Բա ասում էին՝ վարկ չե՞նք վերցնում։ Պետք է վերցնել վարկեր եւ ենթակառուցվածքներ սարքել՝ ճանապարհներ, կամուրջներ, մի բան, որը կերեւա։ Բայց վերցնում են վարկեր, որոնք հերթական անգամ լափվելու են։ Այդպիսի վարկերով հարստանում են բանկերը։ ԿԲ-ն նրանց միջոցով վարկավորելու է, բանկերը շուկայականից ցածր տոկոսով այս փողերը տալու են իրենց ծանոթներին։



**ՀԳ**․ Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, տնտեսությունն անկում ապրում։ Նոր կառավարիչների եւ անձամբ Փաշինյանի ամենատարածված բացատրությունն այն է, որ քաղաքական անկայունությունը չի նպաստում տնտեսության զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը, որ իրավիճակը կբարելավվի եւ ֆինանսատնտեսական կյանքը կաշխուժանա միայն ԱԺ ընտրություններից հետո։ Այսօր նրանց տեղին է հիշեցնել, որ նույն Բագրատյանի պաշտոնավարման առաջին տարիներին էլ ներքաղաքական կայունություն չի եղել։ Պետական տնտեսությունը քանդված էր, շուկայականը նոր էր ձեւավորվում, ներքաղաքական լարված պայքար կար եւ պատերազմ, ՀՀՇ գործիչների դեմ մահափորձեր էին կատարվում, բայց մենք երբեք չէինք լսել, որ վարչապետը կամ նախագահը անհաջողություններն արդարացնեին անկայուն ներքին իրավիճակով, պատերազմով կամ քանդված տնտեսությամբ, իսկ տնտեսական աճի դինամիկայով Հայաստանն անհամեմատ առաջ էր Վրաստանից եւ Ադրբեջանից։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**