Սանասարյանը էդ երեխեքի կողքին բոյով է երևում

Սանասարյանը էդ երեխեքի կողքին բոյով է երևում
Սանասարյանի ծառայությունը բուռն կռիվների մեջ է Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հետ։ Երեք հազարանոց Ազատամուտում արդեն մոտ մեկ ամիս է՝ միտինգներ են։ Գյուղացիները ճամփա են փակում, դասադուլ են կազմակերպում, քայլերթեր, հեղափոխական ժամանակի ոգով, պահանջում են գյուղապետի հրաժարականը։ Քննչական կոմիտեում չարաշահումների և անարդյունավետ ծախսերի վերաբերյալ քրեական գործ է նրա դեմ քննվում, Սանասարյանի ծառայությունը ուսումնասիրություններ է կատարում, բայց նախկին ազատամարտիկ Մարտիրոսյանը չի նահանջում։ Նա հայտարարեց, որ իր դեմ ճնշումներ են իրականացվում, իր հետ չեն ուզում աշխատել։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Սանասարյանի ներկայությամբ Ազատամուտի բնակիչները միտինգ արեցին, բողոքեցին, որ գյուղապետը գործ չի անում, համայնքի միջոցները անարդյունավետ է ծախսել, հայհոյելով ման է գալիս գյուղով մեկ, մշակույթի պալատը չի աշխատացրել, իսկ ապրիլյան պատերազմի օրերին անընդհատ նարդի է խաղացել։ «Գյուղապետը անգրագետ տղա է, բայց շատ աշխատող։ Նվիրված զինվոր է եղել ժամանակին, վերևից ինչ հրաման եղել է, կատարել է։ Անցյալ տարի, որ գյուղի ջրերը կեղտոտվել էին, գոմաղբ էր գալիս խողովակներով, նա օր ու գիշեր աշխատեց, մաքրեց ամբողջը, փրկեց մարդկանց էդ պրոբլեմից։



Հիմա ծաղրի առարկա են դարձնում էդ մարդուն՝ տարրական դպրոցի երեխեքը գալիս-կանգնում են, ճվում՝ հրաժարական տուր, քիչ է մնում, մանկապարտեի երեխեքին էլ հրավիրեն», - պատմում է Ազատամուտ գյուղի մեր աղբյուրը, որի աչքին առաջին հերթին զարնել է Սանասարյանի բոյը։ «Սանասարյանը շատ բոյով ա, էդ մանկապարտեզի երեխեքի կողքին ավելի բոյով է երևում»։ Սյուզան Սիմոնյան